Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԶՈՆԴԱԺԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ»

Մարտ 24,2006 00:00

«ԶՈՆԴԱԺԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ» Քաղաքական ուժերն «իրար ուտելուց» առաջ փորձում են թափ հավաքել Քաղաքական կյանքի մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են. երեկ մեզ հետ զրույցներում սա էին փորձում ապացուցել քաղաքական գործիչները: Սակայն դատելով հեռուստաեթերի բացարձակ ապաքաղաքականացված նյութերից՝ այն տպավորությունն ես ստանում, որ երկրում ընդհանրապես քաղաքական գործընթացներ տեղի չեն ունենում եւ այնտեղ, որտեղ մենք ապրում ենք, մարդիկ քաղաքականապես այնքան են հասունացել, որ քաղաքական ոչինչ այլեւս նրանց չի հետաքրքրում, նույնիսկ՝ առաջիկա ընտրությունները: Մեր այս կարգի գնահատականներին համաձայն չէր ԱԺԿ նախագահ, պատգամավոր Շավարշ Քոչարյանը, որի կարծիքով՝ բոլորովին հակառակն է տեղի ունենում՝ քաղաքական գործընթացները տեղափոխվել են գաղտնարաններ, եւ քանի դեռ իշխանական ճամբարում չի հստակեցվել, թե ով ում հետ է գնալու ընտրությունների եւ ինչ պայմաններով, առայժմ չի լինի ոչ մի ակտիվ գործողություն կամ ինքնաբացահայտում: Իսկ դրանից հետո կսկսվի իսկական «իրար ուտելու» գործընթացը, քանի որ իշխանության տեղերը սահմանափակ են, իսկ դրանք գրավողների ախորժակը՝ մեծ եւ անհագուրդ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ընդհակառակը, դրական է համարում, որ այսօր քաղաքական ինքնաբուխ վերլուծություններ չկան. «Որովհետեւ, ըստ էության, ինքնաբուխ երեւույթներ էլ չկան: Դրական եմ գնահատում, որովհետեւ, ի վերջո, բոլոր քաղաքական թիմերն էլ շատ լավ զգում են, որ 2007-ի ընտրությունները կախված են լինելու առավելապես ժողովրդի կամքից, այդ իմաստով առայժմ բոլորն էլ կազմակերպչական աշխատանքներով են զբաղված: Չկան որոշակի պայմանավորվածություններ, համաձայնություններ կուսակցությունների միջեւ, եւ դա դրական է այն իմաստով, որ ընտրական քարոզչությունը չի կատարվի ժամանակից շուտ»: Իսկ ընդդիմության տեսակը եւ չափերն ապագա խորհրդարանում, ըստ Գալուստ Սահակյանի, այս պահին դժվար է կանխորոշել, եւ հենց այստեղ Գալուստ Սահակյանը լուրջ վտանգներ է տեսնում. «Որովհետեւ առանց ընդդիմության՝ քաղաքական դաշտ լինել չի կարող: Այսօր մանավանդ ընդդիմության դաշտում որոշակի անգործության են մատնվել: Կարծում եմ, որոշակի քայլեր է անում կամ սկզբունքների առումով նույն դիրքերին է մնում «Ազգային միաբանություն» կուսակցությունը»: «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի կարծիքով, երկրում տեղի են ունենում խորքային գործընթացներ եւ այն, ինչն ակնհայտորեն եւ հրապարակավ չի երեւում, իրականում եփվում է խորքերում. «Ի դեպ, նման իրավիճակները շատ վտանգավոր են, երբ ոչինչ չի երեւում, մեկ էլ հանկարծ վաղը կարող է ամեն ինչ ժայթքել: Սա վտանգավոր է ոչ միայն աշխարհագրության, այլեւ քաղաքականության մեջ նույնպես: Եթե հիշում եք, նման պրոցեսներից հետո երկրաշարժեր են լինում, եւ դա շատ վատ է: Հաջորդը՝ ցավոք, ԶԼՄ-ները, նկատի ունեմ՝ հեռուստաընկերությունները, խուսափում են քաղաքական լուրջ վերլուծություններ կատարել, այսինքն՝ ոչ թե այդ պրոցեսները չկան, այլ ուղղակի այս փուլում բոլորին էլ, քանի որ մեծ հաշվով նույն տեղից են կառավարվում, կարծես պատվեր է իջեցված, որ ավելորդ սրացնող երեւույթների առիթ չտրվի»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը ամենեւին համաձայն չէր մեր այն դիտարկմանը, որ դիտելով մի շարք պատասխանատու հեռուստաընկերությունների հաղորդումները՝ տպավորություն ես ստանում, թե երկրում քաղաքական կյանքը մեռած է: Նրա կարծիքով, այս փուլում ընթանում է նույնիսկ շատ ակտիվ քաղաքական գործընթաց. «Սակայն այն քարոզչական իմաստով չի արտահայտվում: Սա ես այսպես կգնահատեի՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ կամ քաղաքականության մեջ գտնվող անհատ փորձում է առայժմ ճշտել իր ռեսուրսները, կատարել էներգիայի կենտրոնացում, որպեսզի պատրաստ լինի քաղաքական առաջիկա զարգացումներին: Առայժմ այս խնդիրն է լուծվում, եւ ստվերային որոշակի զոնդաժային գործընթացներ են ընթանում, բայց բանակցային գործընթացը դեռեւս չի սկսվել՝ քաղաքական լայն մասշտաբով: Կարծում եմ, այս ամենը շատ նորմալ է, դեռ մեկ տարի կա ԱԺ ընտրություններին, եւ երբ արդեն յուրաքանչյուր ուժ կհասկանա, թե ինքը ինչ ծանրություն եւ ինչ դեր ունի քաղաքական դաշտում՝ ըստ այդմ էլ կսկսի որոնել դաշնակիցներ կամ կճշտի իր հակառակորդներին»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել