Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴՈԿՏՈՐ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԱՎՈՍՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ԳԼՈԲԱԼ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ

Մարտ 24,2006 00:00

Դավոս՝
Շվեյցարիայի Դավոս քաղաքում ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու
նպատակով հավաքվել էին ավելի քան 100 երկրների պետական, քաղաքական եւ գործարար աշխարհի
ղեկավարներ: Հայաստանի նախկին վարչապետ եւ Եվրասիա միջազգային տան ներկայիս
նախագահ Արմեն Սարգսյանը համաժողովի աշխատանքներին մասնակցում էր որպես խոսնակ: Համաշխարհային
տնտեսական համաժողովը աշխարհի քաղաքացիական, մտավոր, գործարար եւ քաղաքական ղեկավարների
գլխավոր գլոբալ կազմակերպությունն է, որի խնդիրն է բարելավել դրությունն աշխարհում:
Շվեյցարիայում տեղակայված Համաժողովն անկախ միջազգային կազմակերպություն է, որի անդամները
ներկայացնում են աշխարհի 1000 առաջատար ընկերություններ, 200-ից ավելի փոքր գործարարությունների
հետ միասին: Արմեն Սարգսյանն ակտիվ դեր է խաղում Համաշխարհային տնտեսական
համաժողովի Գլոբալ սպառնալիքների ծրագրում, որտեղ որոշվում են համաշխարհային տնտեսական
հեռանկարների հիմնական սպառնալիքները, կապերը միմյանց հետ եւ հնարավոր ազդեցությունները
շուկաների եւ գործարարության վրա: Գլոբալ սպառնալիքների ծրագիրը միջազգային լավագույն
մտավոր ներուժը միավորում է ճշգրիտ, նորագույն մեթոդոլոգիաների եւ տեխնոլոգիաների
հետ: Այն եզակի միջոցներ է տրամադրում սպասվող գլոբալ սպառնալիքները գնահատելու եւ
կառավարելու, ինչպես նաեւ առաջարկներ՝ դրանց լուծումներ տալու համար: Դավոսում
քննարկվող հիմնական խնդիրներից մեկը զարգացումներն էին Ռուսաստանում: Սարգսյանը մասնակցում
էր քննարկմանը, որը վերնագրված էր՝ «Արդյոք Ռուսաստանը գնում է դեպի Արեւե՞լք»: Քննարկման
նյութը Ռուսաստանի երկարաժամկետ քաղաքական եւ տնտեսական կողմնորոշումներն էին: Քննարկման
մասնակիցների թվում էին Ռուսաստանի Էկոնոմիկայի նախարար Գերման Գրեֆը, Ռուսաստանի
Արտասահմանյան առեւտրային բանկի նախագահ Անդրեյ Կոստինը, Ալկոա Ինք. գլխավոր գործադիր
տնօրեն եւ նախագահ Ալեն Բելդան, Հարվարդի համալսարանի Կառավարման Քենեդիի դպրոցի
դեկան Ջոզեֆ Նայը: Քննարկման ընթացքում Արմեն Սարգսյանի ուշադրության կենտրոնում
տնտեսական խնդիրներն էին: Նա նշեց. «…ամեն մի երկրի տնտեսական հաջողության բանաձեւ
կարիք ունի այդ երկրի ղեկավարության հստակ կողմնորոշման,- հավելելով,- տնտեսությունը
չի սիրում անհաջողակներին: Այդ իսկ պատճառով Ռուսաստանին անհրաժեշտ են հաջողություններ,
քանի որ փողը գնում է այնտեղ, ուր գործարարությունը հաջողակ է»: «Իշխանությունները
պետք է քաջալերեն ներդնողներին, որպեսզի նրանք ներդրումներ կատարեն որոշակի ռազմավարական
բնագավառներում,- իր միտքը պարզաբանեց Սարգսյանը,- եւ որոշակի երաշխիքներ տան, որ
ապագայում օրենքները չեն փոփոխվի»: Նա վստահություն հայտնեց, որ քաղաքականության
որոշակի փոփոխությունների արդյունքում՝ «…սկիզբ կառնեն իրապես մեծածավալ ներդրումներ,
ինչպես նաեւ Ռուսաստանի հաջողությունների պատմությունն աշխարհում»: Լոնդոնում Արմեն
Սարգսյանի հրավիրած եւ նրա նախագահությամբ անցկացված «Սցենարներ Ռուսաստանի համար»
Համաժողովի մի քանի հանդիպումների քննարկման առարկան Ռուսաստանի երկարաժամկետ զարգացումներն
էին: 1996–1997 թվականներին Արմեն Սարգսյանը եղել է Հայաստանի Հանրապետության
վարչապետը եւ մոտ մեկ տասնամյակ հանդիսացել է Հայաստանի Գլխավոր դեսպանը Եվրոպայում:
Ներկայումս նա «Բրիթիշ Փեթրոլիում» ընկերության նախագահի եւ «Ալքատել» ընկերության
տնօրենների խորհրդի եւ նախագահի ավագ գործադիր խորհրդականն է, ինչպես նաեւ աշխարհի
մի շարք այլ խոշորագույն ընկերությունների խորհրդականը, այդ թվում բելգիական պողպատային
ընկերության՝ «Բեկարտի» եւ իսպանական «Տելեֆոնիկա» հեռահաղորդակցման հսկա ընկերության
խորհրդականը: R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել