Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սխալմամբ քաշել էր օդանավի դռան բռնակը

Մարտ 24,2006 00:00

Նստած տեղն ուղեւորը դարձավ հանցագործ

«Արմավիային» նյութական խոշոր չափի վնաս պատճառելու համար վերջերս ավիաընկերությունը դատի էր տվել 49-ամյա գյումրեցի գործազուրկ Աղասի Մելիքսեթյանին: Հանցագործություն կատարելու մեղադրանքով նրա դեմ հարուցվել էր նաեւ քրեական գործ՝ Օրենսգրքի 186 հոդվածի 1-ին մասով: Բանն այն է, որ 2005-ի դեկտեմբերի 5-ին Աղասի Մելիքսեթյանը Ա-320 տիպի ինքնաթիռով Մոսկվայից Գյումրի ժամանելիս «Շիրակ» օդանավակայանում վայրէջքից հետո սխալմամբ քաշել էր օդանավի պահեստային ելքի դռան բռնակը, որի հետեւանքով դուռը արհեստականորեն բացվել ու վնասվել էր: Գյումրեցի ուղեւորի վկայությամբ՝ վայրէջքից հետո մոտ կես ժամ շարժասանդուղքը ինքնաթիռին չեն մոտեցրել, որի պատճառով էլ ներսում իրարանցում է սկսվել. շնչելու օդ չի եղել, ուղեւորները «վեշերը» ձեռքերին կանգնած նեղվել են, ու այդ ընթացքում հրամանատարը կարգադրել է բացել դռները:

Աղասի Մելիքսեթյանն էլ չմտածելով, որ խոսքն ուղղված է ոչ թե իրենց, այլ «սյուարդեսներին», պարտաճանաչորեն կատարել է հրամանը: Իմիջիայլոց, վերջինս այս մասին ազնվորեն խոստովանել է թե՛ նախաքննության եւ թե՛ դատաքննության ընթացքում՝ խոստանալով 6 ամսվա ընթացքում հատուցել ավիաընկերությանը անմիջականորեն պատճառած վնասի չափը՝ 2 միլիոն հիսունմեկ հազար ութ հարյուր իննսունինը դրամը: Սակայն ուղեւորը սրանով չի պրծել. «Արմավիան» Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան ներկայացրած քաղաքացիական հայցի մեջ պահանջել էր նաեւ շարժասանդուղքի վերանորոգման ծախսերը, որը ավիաընկերության հաշվարկներով կազմում էր 15 միլիոն դրամից ավելի:

Օրերս Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում ավարտվեց հիշյալ գործի քննությունը. դատարանը նախեւառաջ հանցագործ ճանաչեց ուղեւորին՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը, այն է՝ «ստորագրություն չհեռանալու մասին», թողնելով անփոփոխ ու բավարարելով «Արմավիայի» հայցը: Վճռվեց գյումրեցի գործազուրկից հօգուտ ավիաընկերության բռնագանձել ինչպես ընկերությանը անմիջականորեն պատճառած նյութական վնասը, այնպես էլ վթարված փքովի սանդուղքի վերանորոգման ծախսերը՝ ընդհանուր հաշվարկով 17.812.734 դրամ ու նաեւ արգելանք դրվեց նրան պատկանող գույքի ու դրամական միջոցների վրա:

«Մենք ինչըխ օր «Արմավային» հեչ դատի չենք տա՝ վեշերս պատըռտած տեղ հասցնելու ու 5 ժամ սամալյոտի մեջ ձանձրացնելու համար. տելեվիզորը միացնելու, հաճելի երաժշտություն դնելու փոխարեն տնաշեն ավիակամպանիան բավարարվում է միայն ռուսալեզու քաղաքական թերթեր բաժանելով, գոնե խեղճ ախպարներին խղճան, որոնք թերթերը հետ են վերադարձնում, թե ռուսերեն տառերը չենք ճանաչում»,- լսելով կատարվածը այսպես արձագանքեցին «Արմավիայով» Երեւանից-Փարիզ ու հակառակ ուղղությամբ ճանապարհորդած որոշ գյումրեցիներ:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել