Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ՝ ՆԿԱՐՉԻ ՏԱՆ «ԳԼԽԻՆ»

Մարտ 24,2006 00:00

Ի՞նչ
է սպասվում Նկարիչների միության 1100 անդամներին Քանդվող Կինոյի տան վրա խոյացող
էլիտար շենքի մասին արդեն տեղեկացրել ենք: Հերթը հասել է Նկարիչների միության շենքին:
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը երեկ հրավիրված մամլո ասուլիսում պնդում
էր, որ ընթացող շինարարության արդյունքում 720 քմ ցուցասրահ-տարածքի ու մի քանի խարխուլ
շինությունների փոխարեն իրենք շուտով ժամանակակից տեխնիկայով հագեցված 1000 քմ տարածք
կունենան. «Այս շենքը կառուցվել է 40-ականներին, ցուցասրահներն էլ մինչ օրս
կապիտալ վերանորոգում չեն ունեցել: Ցավոք, «Լինսի» հիմնադրամից մենք ոչինչ չստացանք,
ու հիմա գտել ենք տարբերակներ, որը կբարելավի մեր պայմանները»: Նա փորձում էր հավաստիացնել,
որ վերակառուցումից հետո Նկարչի տան շենքի արտաքին տեսքը չի խաթարվելու, վրան էլ
էլիտար շենք չի բարձրանալու: Նկատենք, որ Երեւանում ձեւավորված «ավանդույթի» համաձայն,
ամեն «վերակառուցումից» առաջ այդպես է ասվում, սակայն վերջում այլ պատկերի ենք ականատես
լինում: Կ. Աղամյանը լրագրողներին ցույց տվեց ՆՄ-ի «Կերպարվեստ» պարբերականը, որտեղ
տպագրված լուսանկարներում ներկայացված էր իրենց անմխիթար շենքը ու մշուշոտ մի պատմություն,
թե ինչպես է այն առաջիկայում «ծաղկելու»: «Վաղը մենք կունենանք նոր կառույց՝ ժամանակակից
լեզվով, սեյսմաապահով: Առաջին հարկում կլինի մի հզոր դահլիճ, եւ ավելի կոմպակտ դահլիճներ՝
գրաֆիկական եւ անհատական ցուցահանդեսների համար՝ երկրորդ հարկում: Ի դեպ, արդեն 2
տարին է՝ հարցը քննարկվում է վարչության նիստերին»,- տեղեկացրեց ՆՄ նախագահը: «Առավոտի»
հարցին՝ այդ դեպքում ինչու են ՆՄ որոշ անդամներ մամուլում հայտարարել, թե տեղյակ
չեն ընթացող շինարարությունից, իսկ ճանաչված գեղանկարիչ Զուլում Գրիգորյանն էլ մտահոգություն
է հայտնել, թե Նկարչի տունը Կինոյի տան ճակատագրին կարժանանա: «Չեմ հավատում, թե
Զուլում Գրիգորյանը տեղյակ չէ այս ամենին, որովհետեւ մեր ժուռնալը՝ «Կերպարվեստը»,
նա նույնպես ունի, ու կարող էր էնտեղ կարդալ բոլոր մանրամասնությունները… Երկու
տարի այդ հարցով ժողովներ են եղել, Նկարիչների միությունը շուրջ 1000 անդամ ունի:
Եթե 1000 հոգուց 1-2-ը տեղյակ չեն, ես մեղավոր չեմ»,- պաշտպանվեց Կ. Աղամյանը: Շինարարական
աշխատանքներն իրականացնող «Ռենգեմա» կազմակերպությանը Աղամյանը ներկայացրեց որպես
բարերար, որն իրենց հետ փոխշահավետ համաձայնության է եկել. «Նա կառուցում է մեզ համար
նույն մակերեսները, ինչ ունենք, փոխարենը՝ մեր վերեւում ունենում է 3 հարկ՝ օֆիսային
տարածք: Իրականում շենքի բարձրությունը չի փոխվում… Մեր ահռելի ցուցասրահների փոխարեն
ունենում ենք ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան ցուցասրահներ՝
4,80 եւ 3,360մ բարձրության: Նախկինում դրանք նախատեսված էին 5-6 մետրանոց պարտիական
թեմաներով նկարների համար, չմոռանանք, որ կյանքն այսօր փոխվել է, պահանջները՝ նույնպես»:
Հետաքրքրվեցինք՝ Նկարչի տան վերակառուցումը ի՞նչ ծախսեր է ենթադրում: Եվ Աղամյանը,
եւ «Ռենգեմայի» ճարտարապետ Ռուբեն Ազատյանը հրաժարվեցին պատասխանել: «Ես հեղինակն
եմ, բայց ծախսերի մասին չեմ կարող ոչինչ ասել, ճիշտ էլ չի՝ մտնել մարդկանց բիզնեսի
մեջ»,- ասաց ճարտարապետը: «Նկարիչների միությունը որեւէ լումա չի կորցնում, շինարարության
բոլոր թույլտվությունները արված են Նկարիչների միության անունից, շենքը կառուցվում
է մեր անունով, որեւէ վախ չունենք, թե այն վաղը կկորցնենք»,- անընդհատ կրկնում է
Կ. Աղամյանը: Նրան հիշեցրինք Ժամանակակից արվեստի թանգարանի (ԺԱԹ) հայտնի պատմությունը՝
շինարարությունից հետո թանգարանին պատկանող տարածքը վաճառվեց տարբեր մարդկանց: «Նկարիչների
միության շենքի տերը միության 1100 անդամներն են: Որեւէ մեկը չի կարող շենքը վերցնել,
եթե չլինի 1100-ի համաձայնությունը: Ի տարբերություն Նկարչի տան, ԺԱԹ-ի շենքը պետական
էր, իսկ պետությունն ինչ ուզում-անում է»,- ասաց Աղամյանը: Հարցին՝ կառուցվելիք գրասենյակային
տարածքների հանդեպ ՆՄ-ն որեւէ իրավասություն կունենա՞, միության նախագահը պատասխանեց.
«Առայժմ սարքում են մեր անունով, ավարտելուց հետո դա կփոխանցվի այն կազմակերպությանը,
որը ներդրումներ է արել»: Լրագրողներին հետաքրքրում էր Աղամյանի կարծիքը Կինոյի տան
վերաբերյալ: «Հարցրեք Կինոյի տան տնօրինությունից»,- փորձեց խույս տալ ՆՄ նախագահը:
Հետո էլ ավելացրեց. «Կարծում եմ, Երեւանը շատ սխալ է կառուցապատվում: Այն նման է
օրգանիզմի, իսկ փողոցները նրա երակներն են: Եթե այսպես շարունակվի՝ այդ երակները
հաստատ մի օր կխցանվեն»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել