Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է

Մարտ 24,2006 00:00

Սա
վերաբերում է նաեւ բժիշկ-հիվանդ փոխհարաբերություններին Պլաստիկ վիրաբուժությունը
համեմատաբար նոր մասնագիտություն է՝ շուրջ 50 տարվա, իսկ Հայաստանում 20 տարվա պատմություն
ունի: «Մասնավորապես՝ պլաստիկ վերականգնողական վիրաբուժությունը, դժբախտաբար, թռիչքաձեւ
զարգանում է պատերազմներից հետո: Ղարաբաղյան պատերազմից հետո այն մեծ զարգացում ապրեց
նաեւ մեզ մոտ եւ այժմ մեր կատարած վիրահատություններն իրենց արդյունքով չեն զիջում
աշխարհի զարգացած երկրներում գրանցված մակարդակին»,- «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց
«Էրեբունի» բժշկական կենտրոնի Պլաստիկ եւ միկրովիրաբուժության ծառայության ղեկավար
Արմեն Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է պլաստիկի մյուս՝ էսթետիկ ճյուղին,
ապա այստեղ մեր վիրաբույժների ձեռքբերումները համեմատաբար համեստ են: Պատճառը, ըստ
մեր զրուցակցի՝ «խորհրդային մարդը մեծ կարեւորություն չէր տալիս իր արտաքինը փոխելուն՝
երիտասարդացնելուն, գեղեցկացնելուն: Նաեւ հնարավորությունների հարց էր: Այժմ մտածելակերպը
փոխվել է, եւ էսթետիկ վիրահատությունների պահանջը գնալով մեծանում է»: Վերջին
ժամանակներում հաճախակի են դարձել բժիշկների դեմ դատական վեճերը: Որքանով են պաշտպանված
հիվանդները եւ բժիշկները՝ նույնպես, երբ վիճարկվում է բժշկական միջամտության արդյունքը,
երբեմն՝ մահվան ելքով: Ա. Հովհաննիսյանն այս հարցին պատասխանեց. «Ներկա համակարգով
անպաշտպան են թե մեկը, թե մյուսը: Բարդությունների ժամանակ կողքից միշտ թվում է,
թե մեղավորը բժիշկն է: Բայց պետք է կարողանալ դա ապացուցել: Չէ՞ որ վիրահատությունից
հետո բժիշկը տալիս է ցուցումներ հետվիրահատական խնամքի մասին: Հիմա բժիշկն ինչպե՞ս
իմանա, թե հիվանդը պահպանե՞ց իր ցուցումները: Որպես կանոն, նման դեպքերում հիվանդներն
անկեղծ չեն լինում եւ ստացվում է, որ նաեւ բժշկին պետք է պաշտպանել հիվանդի կեղծիքից:
Պետք է ընդհանուր առմամբ բարձրացնել հիվանդ-բժիշկ հարաբերությունների կուլտուրան,
ավելի հստակ՝ բժիշկների մեջ մեծացնել պատասխանատվությունը կատարած աշխատանքի հանդեպ,
հիվանդի մոտ էլ՝ վստահությունը բժշկի հանդեպ: Մեր ժողովուրդը բժշկի ասածին չի հավատում,
գերադասում է լսել ծանոթ-բարեկամի խորհուրդը, օրինակ՝ գնալ այսինչ սնխչու մոտ, ոչ
թե ոսկրաբանի: Զարգացած երկրներում գործում է պայմանագրային ձեւը, այն է՝ մինչեւ
վիրահատությունը կամ բուժումը սկսելը, բժիշկը հիվանդի հետ կնքում է պայմանագիր, որտեղ
նշված են բոլոր հնարավոր բարդությունները՝ սկսած ամենաչնչինից մինչեւ մահվան ելքը:
Սա ինչ-որ չափով ապահովագրում է բժշկին, բայց չի ազատում պատասխանատվությունից: Մեզ
մոտ պայմանագրային ձեւը պետք է նոր ներմուծվի»: Խոսելով բժշկի պատասխանատվությունից,
մեր զրուցակիցը կարեւորեց ասոցիացիաների մեծ դերն այդ հարցում. «Հիմա մենք կարծես
թե բժշկության մեջ քանդում ենք հիերարխիկ համակարգը՝ գլխավոր բժիշկ-բաժանմունքի վարիչ
եւ այլն: Այժմ յուրաքանչյուր կլինիկա հնարավորություն է տալիս իր մոտ աշխատող վիրաբույժին՝
ինքնուրույն ձեւավորել իր հիվանդների կոնտինգենտը: Սակայն միշտ չէ, որ բժշկի որակավորումը
համապատասխանում է այն աշխատանքին, ինչը ինքն ուզում է կատարել, իսկ վերահսկողության
միջոց գրեթե չի մնացել: Դա միանշանակ վատ է: Ազատության մեծացման հետ նույնչափ եւ
ավելի պետք է մեծանա նաեւ բժշկի պատասխանատվությունը: Այ այստեղ է, որ մեծանում է
հասարակական կառույցների դերը, որովհետեւ բժշկի կատարած աշխատանքը իրապես կարող է
գնահատել իր իսկ մասնագիտության տեր բժիշկը: Հայաստանը փոքր երկիր է, բոլորս իրար
լավ ճանաչում ենք, գիտենք՝ ով ինչի է ընդունակ: Իհարկե, միմյանց ճանաչելը կարող է
խանգարել, բայց կարող է եւ օգնել: Կարեւորը՝ թե ոնց ես մոտենում գործին: Յուրաքանչյուրս
ուղղակի պարտավոր ենք ոչ թե փոքրոգություն դրսեւորելով ծածկել մեր թերությունները
եւ խնդիրները, այլ դրանք ջրի երես հանել, քննարկել, ընդունել մյուսի խորհուրդը»:
Ա. Հովհաննիսյանն ինքը պլաստիկ վերականգնողական եւ էսթետիկ վիրաբույժների
ասոցիացիայի նախագահն է: Ապրիլի 12-14-ը ասոցիացիան կազմակերպել է միջազգային գիտաժողով:
«Հրավիրել ենք աշխարհի մասշտաբով շատ անվանի մասնագետների՝ նաեւ բուժական կոսմետոլոգիայի
բնագավառից: Մեր նպատակն է բարձրացնել մեր բժիշկների մասնագիտական որակը, նաեւ՝ պլաստիկ
վիրաբուժության դերն ու նշանակությունը մարդկանց կյանքում»: ՌՈՒԶԱՆ
ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել