Անցած քառօրյայում ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության նախաձեռնությունը «Գովազդի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին:
Այստեղ մի շարք անհրաժեշտ փոփոխություններ են կատարվել: Ասենք, որ «դեղերը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային եւ տպագիր միջոցներով գովազդելու դեպքում գովազդի վրա պետք է նշվի դեղերի՝ ՀՀ-ում պետական գրանցման հավաստագրի համարը, ամսաթիվը, ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված թույլտվության համարն ու ամսաթիվը: Արգելվում է հսկվող դեղերի, դեղատոմսով բաց թողնվող դեղերի եւ ՀՀ-ում չգրանցված դեղերի գովազդը: ՀՀ-ում արգելվում է դեղերի գովազդը արտաքին գովազդային վահանակների միջոցով»:
Սակայն նաեւ սահմանված է. «Դեղերի, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգն ու այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատում է ՀՀ կառավարությունը»: Երեւանի մամուլի ակումբն արդեն իսկ «ոչ այնքան հասկանալի» է գնահատել այն, թե վերոհիշյալ լիովին հիմնավոր սահմանափակումների հետ միասին՝ ինչո՞ւ է նախատեսվել գովազդի համար թույլտվության այս կարգը:
Նախագծի հիմնավորման մեջ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այսպես. «Խնդիրն այն է, որ ներկայումս ԶԼՄ-ներով եւ արտաքին գովազդային վահանակների միջոցով հաճախ գովազդվում են համապատասխան լիցենզիա չունեցող բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող տնտեսվարող սուբյեկտներ, հեքիմներ, բժշկական կրթություն չունեցող անձինք: Բացի դրանից գովազդվում են բուժման այնպիսի մեթոդներ, որոնք ակնհայտորեն մշակված են բնակչությանը խաբելու եւ ծանր ու անբուժելի հիվանդներից մեծ գումարներ ստանալու նպատակով: Լրատվամիջոցներով գովազդվում են դեղեր, որոնց գովազդը, համաձայն օրենքի, արգելված է»: Սակայն ի՞նչ կապ ունի այս ամենը կառավարությանը տրված լիազորության հետ՝ հաստատել գովազդի թույլտվության տրամադրման կարգ:
Ա. Ի.