Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՏԸՆԹԱՑ ՈՒ ՉԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

Մարտ 24,2006 00:00

Այսպես
է «ԸՕ»-ում նախատեսվող փոփոխությունները գնահատում «Ժողովրդավարություն» կազմակերպության
փոխնախագահ, իրավաբան Հրայր Թովմասյանը: – Մի առիթով նկատեցիք, թե վատն է
այն «Ընտրական օրենսգիրքը», որը մեխանիզմներ չի պարունակում՝ կանխելու ընտրակեղծիքները:
Այժմ նախատեսվող փոփոխություններով ապահովե՞լ են նման մեխանիզմներ: – Ցավոք,
բացարձակ ո՛չ: Ես սահմանադրական իրավունքի մասնագետից կարծես վերածվել եմ կրիմինալիստի:
Եվ երբ ուսումնասիրում եմ «Ընտրական օրենսգրքի» հերթական փոփոխությունները՝ առաջին
հերթին փորձում եմ կռահել, թե ի՞նչ են հիմա մտածել, ի՞նչ մեխանիզմներով են իրականացնելու
խախտումները: Այս անգամ, ասենք, նշել են քվեարկության գաղտնիության մասին եւ կարգ
սահմանել, թե քվեաթերթիկը պետք է դրվի ծրարի մեջ: Իսկ եթե ես ծրարի վրա գրեմ՝ «Հրայր
Թովմասյան», արդյոք այդ ծրարը կհամարվի՞ անվավեր կամ չսահմանված նմուշի: Ոչինչ էլ
չի համարվի, քանի որ փոփոխություններով սահմանված չէ անվավեր ծրարի գաղափարը կամ,
որ չի կարելի նշումներ անել ծրարի վրա: Ուստի ուղղակի կնայեն այդ ծրարի մեջ դրված
քվեաթերթիկը եւ կտեսնեն, թե ինչպես է քվեարկել Հրայր Թովմասյանը: Ինձ համար պարզ
է, որ այս անգամ ընտրակեղծիքների մեխանիզմը լինելու է հետեւյալը՝ բաժանելու են մեծ
ընտրակաշառքներ, քվեարկության բուն ընթացքը չի կեղծվելու (այսինքն՝ չեն լինի լցոնումներ
կամ ուրիշի փոխարեն քվեարկություն), սակայն իմ նշած մեխանիզմի միջոցով շատ հեշտությամբ
ստուգելու են, թե ով ինչպես է քվեարկել: – Այս փոփոխություններով բացառվում
է նաեւ ընտրական «կարուսե՞լը»: – Ընդհակառակը՝ շատ պարարտ հող է մշակված «կարուսելի»
համար: Կարելի է ծրարի մեջ թղթի կտոր դնել, իսկ քվեաթերթիկը հանել դուրս՝ այնտեղ
նշում կատարել, հետո դա ներս բերել ու դուրս հանել մեկ այլ քվեաթերթիկ: –
«Ընտրական օրենսգրքում» քննադատում էիք այն կարգը, երբ քվեարկելուց հետո նոր կնքում
էին քվեաթերթիկը՝ տեղիք տալով, որ հնարավոր լինի պարզել քվեարկության արդյունքը:
Հիմա այս կարգը վերանայվելու է: – Սա, իհարկե բարելավում է: Բայց երբ բարելավում
ես մի մեխանիզմ՝ փոխարենը հնարավորություն ընձեռելով մեկ այլ ընտրակեղծիքի համար՝
բարելավում չէ: – Նախատեսվող ո՞ր փոփոխություններն են, որոնք հետընթաց են:
– Նշել են, թե «Ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք
է, այլեւ պարտականություն»: Սակայն Սահմանադրությամբ որպես սկզբունք սահմանված է,
թե քվեարկությունը գաղտնի է: Իսկ սա արդեն իսկ նշանակում է, թե ընտրողն իրավունք
չունի բաց քվեարկել: «Ընտրական օրենսգրքի» այս փոփոխությամբ պարզապես ցանկացել են
արդարացնել հանրաքվեի ժամանակ բաց քվեարկության դեպքերը՝ իբր նախկինում գաղտնի քվեարկելն
իրավունք էր, հիմա դարձնում ենք պարտականություն: Մինչդեռ դա մի՛շտ է եղել պարտականություն:
Սահմանված էր, որ քվեարկությունից հետո թեկնածուները պարտավոր են իրենց գրանցած
ընտրական հանձնաժողովներին 6-օրյա ժամկետում ներկայացնել իրենց նախընտրական հիմնադրամի
կատարած ծախսերի եւ մուտքերի վերաբերյալ հաշվետվություն: Ինչո՞ւ էր 6 օր. քանի որ՝
7 օրվա ընթացքում կարող ես բողոքարկել ՍԴ: Եվ մյուս թեկնածուի համար շատ կարեւոր
է, որ պարզվի, թե քո հիմնադրամում ինչպես են կուտակվել ու ծախսվել միջոցները, քանի
որ սա կարող է հիմք լինել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու համար: Հիմա
այս փոփոխություններով 6 օրը դարձրել են 15 օր: Եվ եթե իմ ընտրությունը 4 օր հետո
բողոքարկել ես ՍԴ-ում՝ այն 10 օրվա ընթացքում պիտի քննի բողոքն ու որոշում կայացնի:
15-րդ օրը նոր միայն ես կբերեմ հաշվետվությունը, եւ պարզ կդառնա, որ իմ բոլոր ծախսերը
կատարվել են հիմնադրամից դուրս: Սակայն գնացքը գնացել է, եւ մրցակիցս չի կարող ոչինչ
անել: Հաջորդ դրույթը. ընդդիմության ամբողջ կռիվն էր, որ կարողանան ետ կանչել
իրենց նշանակած թեկնածուներին (ինձ համար անընդունելի նորմ է): Այժմ հայտարարում
են, թե հասել են իրենց նպատակին՝ կարող են ետ կանչել: Բայց ամրագրված է, թե կարող
են ետ կանչել ոչ ուշ, քան ընտրություններից 20 օր առաջ: Սակայն եթե նպատակ է դրված
հանձնաժողովում ընդդիմադիր կուսակցության ներկայացուցչին «գնել»՝ 20 օրում հաստա՛տ
կհասցնեն դա: Այսինքն՝ այս առումով էլ լուծված չէ որեւէ խնդիր: Ընտրությունների
ընթացքը նկարահանելու վերաբերյալ. ուղղակի չգիտեմ, թե ուր կարող է հասցնել մարդկանց
երեւակայությունը: (Ըստ փոփոխությունների մի տարբերակի՝ քվեարկության եւ քվեարկության
արդյունքների ամփոփման գործընթացը կարող է տեսանկարահանվել՝ «քաղաքային համայնքներում
1000 եւ 1000-ից ավելի ընտրող ունեցող ընտրական տեղամասերը, բ) 2000 եւ 2000-ից ավելի
ընտրող ունեցող գյուղական համայնքների ընտրական տեղամասերը».- Ա. Ի.): Պարզվում է,
որ քաղաքային ու գյուղական համայնքներում միանգամա՜յն տարբեր են ընտրությունները:
Եվ եթե քաղաքային համայնքի տվյալ տեղամասում ընտրողների թիվը 999 է՝ այնտեղ չես կարող
նկարահանել: Անիմաստ լուծումներ են փորձել տալ: Չսահմանված նմուշի ծրարների
նախատեսվող սահմանումը ընտրությունները տապալելու հերթական միջոց է: Սահմանել են,
որ եթե ծրարը կնքված չէ՝ այն չսահմանված նմուշի է եւ չպիտի հաշվարկվի: Իսկ անճշտությունների
չափը հաշվարկելիս համադրում են ընտրողների ցուցակում առկա ստորագրությունների թիվը
սահմանված նմուշի ծրարների հետ: Հիմա պատկերացրեք՝ 100 ընտրող ստորագրել է, ստացել
ծրար, բայց 100-ից 50-ի վրա դրված չէ կնիք: Կստացվի, որ արհեստականորեն 50-ը կդառնա
անճշտությունների չափ եւ կազդի ընտրության արդյունքների վրա: Այս փոփոխություններով
կարող էին գոնե վերացնել հակասություններն այլ օրենքների հետ: Նշվում է, թե ԿԸՀ որոշումները
կարող են բողոքարկվել Վերաքննիչ դատարան, երբ ՔԴՕ-ն այդ դատարանին չի վերապահել որեւէ
գործով որպես 1-ին ատյանի դատարան հանդես գալու լիազորություն: Սահմանադրության փոփոխություններից
հետո, երբ բարձրացել է ԱԺ դերը կառավարության ձեւավորման հարցում, իմ կարծիքով, հրամայական
է դառնում 100 %-անոց համամասնական ընտրակարգի անցնելը: Սակայն ոչ մի քայլ չի կատարվել
ո՛չ այս, ո՛չ հանձնաժողովների հավասարակշռությունն ապահովելու ուղղությամբ: Զրույցը
վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Հ. Գ. Հրայր Թովմասյանի մեջբերած օրինակները
տասնյակ էին, սակայն ներկայացրել ենք դրանցից առավել էականները միայն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել