Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տարեք, դիտեք, զվարճացեք

Մարտ 23,2006 00:00

Տարեք, դիտեք, զվարճացեք Քանդակագործ-նկարիչ Խաչատուր Միրիջանյանը թեեւ ափսոսանքով, բայց պատրաստ է բաժանվել 40 տարվա կենսագրությունից՝ 2000-ից ավելի քանդակագործական աշխատանքներից, միայն թե հարմարավետ թանգարանային պայմաններ ստեղծվեն դրանց համար եւ հատուցվեն կատարված նվազագույն ծախսերը: Խաչատուր Միրիջանյանի տուն-արվեստանոցն այսօր վերածվել է յուրօրինակ հանրագիտարանի: Քարի, փայտի, բրոնզի եւ նույնիսկ մանրահատակի օգնությամբ կյանք են առել ոչ միայն նախորդ հազարամյակների եւ մեր օրերի քաղաքական գործիչները, մտավորականները, այլ նաեւ շարքային քաղաքացիները, կենդանիները՝ յուրաքանչյուրն իր տարերքի մեջ: Այբուբենի պես պարզ, լուծումներով արտահայտիչ քանդակները դիտելիս հնարավոր չէ չճանաչել Կոմիտասին, Մարտիրոս Սարյանին, Պագանինիին, Խաչատուր Աբովյանին, Վահան Տերյանին: Չարենցավանի խորհրդանիշ չարենցյան «Գանգրահեր տղայի» եւ երկրաշարժից տուժածներին օգնության շտապող հարավսլավցի զոհված օդաչուների հիշատակին նվիրված «Սգացող մայրեր» հուշակոթողների հեղինակ Խաչատուր Միրիջանյանը մոնումենտալ քանդակագործության վարպետ է: Այսօր Հայաստանի տարբեր բնակավայրերում՝ Երեւանում, Մեծավանում, Աբովյանում, Ագարակում, Կոշում վեր են խոյանում Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի հերոսների հուշարձանները, երկրաշարժի հազարավոր անմեղ զոհերի հուշաքարերի մի մասը: Միրիջանյան արվեստագետի մեծ ու փոքր աշխատանքներ տեղադրված են Ռուսաստանում, Գերմանիայում, Բուլղարիայում, որը քանդակագործի ծննդավայրն է: Կենդանիներ սիրում են բոլորը եւ այդ թեմատիկան ամենահոգեհարազատն է Միրիջանյանի համար: Նրա հյուրընկալ հարկի ներքո ապաստան են գտել անիմալիստիկայի բոլոր ներկայացուցիչները՝ փղերը, ընձուղտները, առյուծները, արջերը, գայլերը, ինչպես նաեւ մի շարք թռչնատեսակներ: Արվեստանոցում, սակայն, ամենահաճախ հանդիպողը հովազն է, որին Միրիջանյանը կերպավորել է 80 տարբեր դիրքերում: Քանդակագործը սիրում է այդ կենդանու մարմնի պլաստիկան եւ վայրի բնությունը, որում նույնպես գեղեցկություն կա: Նրան քանդակագործը նմանեցնում է կին արարածի հետ: Իսկ գետի ողորկած քարերը միրիջանյանական մի քանի գունագծագրումների արդյունքում կապիկների եւ ջրլող կենդանիների կերպարանք են առել: Կնոջ օգտագործած թթվաքարն էլ վերածվել է կծիկ դարձած օձի: Արվեստասերը (եւ ոչ միայն) առանձնակի դրական լիցքեր է ստանում Խաչատուր Միրիջանյանի հումորիստական գործերի շարքը դիտելիս: Այստեղ հարբեցողներն են՝ օղու շշի եւ բաժակի ընկերակցությամբ, երաժիշտներն են՝ տարերքի մեջ եւ սիրահարները՝ կրքի պահին: Երգիծական համեմվածություն կա նաեւ բանսարկուների եւ կողք կողքի շարանված ու թզբեհախաղով տարված թոշակառուների կերպարներում: Շարքը լրացնում են Քաջ Նազարն ու Լոռեցի Սաքոն: Հայաստանի ժողովրդական նկարիչ Թերեզա Միրզոյանի կարծիքով՝ «այդ աշխատանքները ստեղծված են ժողովրդի համար, որն իրականությունն ընդունում է այնպես, ինչպիսին այն կա եւ անհրաժեշտություն չկա բացատրել ու վերապատմել դրանք»: Չնայած լիովին հասկացված լինելու հանգամանքին, Խաչատուր Միրիջանյանը աշխատանքների բովանդակությունը լրացուցիչ բացահայտել է իր հեղինակած բանաստեղծությունների միջոցով: «Քանդակագործներից այդպես է վարվել նաեւ Միքելանջելոն»,- նկատում է Թ. Միրզոյանը: ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել