Դանակահարություն՝ հանուն զուգարանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում քննվում է հանրակացարաններից մեկի բնակիչների՝ Սիրանույշ Սարգսյանի եւ Գալուստ Մարգարյանի դեմ հարուցված քրեական գործը: Կողմերը խնդրեցին ռեպորտաժի մեջ իրենց անունները չնշել: Քրեական գործի «տիպական» բնույթը ստիպեց հրապարակել կատարվածը՝ անունները փոխելով: Դատավորը օրեր առաջ դիմել է Հայաստանի փաստաբանների պալատի նախագահին, քանի որ Սիրանույշը չունի պաշտպան: Հանրային պաշտպան առայժմ չէր տրամադրվել տիկնոջը եւ նա իր 7-ամյա հիվանդ երեխայի նպաստի հաշվին հոգում է դատական ծախսերը: Փախստական Սիրանույշ Սարգսյանը եւ Գալուստ Մարգարյանը 10 տարուց ավելի է՝ ինչ ապրում են վերոնշյալ հանրակացարանում: Սիրանույշը պնդում է, որ իր երեխայի եւ հանրակացարանի մյուս երեխաների զուգարանն առանձնացնելու խնդրով շարունակ դիմել է Մարգարյանին, որը շենքի լիազոր-ներկայացուցիչն էր: Սակայն մշտապես դիմադրության է հանդիպել: Իր երեխայի աղիքային հիվանդ լինելու հանգամանքն անգամ չի ազդել վերջինիս վրա: Զուգարանի վրա կողպեք դնելու առիթով սկսվել է քաշքշոց, ինչի արդյունքում հավասարապես մարմնական վնասվածքներ են ստացել Սարգսյանն ու Մարգարյանը: Երկուսն էլ ամբաստանվում են, սակայն կնոջ ձեռքին նախաքննության մարմինը դանակ է հայտնաբերել, չնայած Ս. Սարգսյանը պնդում է, որ խփել է «նշանի մատանիով»: «Նրանք 10-15 րոպե տեւողությամբ տեւած վեճի ժամանակ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով հասարակության նկատմամբ, որը զուգորդվել է Ս. Սարգսյանի կողմից դանակի գործադրմամբ»,- նշվում է քրգործում: Սիրանույշին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հոդվածով, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով: Գալուստին էլ մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հատկանիշներով, սակայն հասարակական կարգը խախտելու եղանակով: Սարգսյանը իրեն մեղավոր չի ճանաչել: Նախաքննության մարմնին հրաժարվել էր անգամ ցուցմունքներ տալ: Մարգարյանը նույնպես իրեն մեղավոր չէր ճանաչել: Ապա ցուցմունքներ էր տվել, ասելով, թե «Սիրանույշը չի մասնակցում հանրակացարանի մաքրությանը»: Իսկ ընդհանրապես, ինքը փական էր դրել զուգարանի դռանը, քանի որ իր հարազատը քոսով հիվանդ է. «Ինչը վարակի աղբյուր կարող էր լինել մյուսների համար»: Ներհանրակացարանային այս բորբոքված վեճի վրա յուղ են լցրել գործով անցնող վկաները: Վկա Գյուլիզար Դավթյանի ցուցմունքով «Սիրանույշը չի մասնակցում հանրակացարանի հերթապահություններին», եւ նրա մտադրությունը եղել է չար, այն է՝ «Ուզում էր դուռը փորել»: Մեկ այլ վկա էլ տեսել էր, թե ինչպես է Գալուստը զուգարանից զոռով հանում Սիրանույշին, ասելով, «գնա՝ փողոցում ինչ ուզում ես արա: Էս իմ զուգարանն է»: Կին «ահաբեկչին» սպառնում է մինչեւ 1 տարի, իսկ Գալուստին մինչեւ 6-ամսյա ազատազրկում: Արժե՞ր կռվել զուգարանի համար: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ