Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՈՉԻՆՉ

Մարտ 23,2006 00:00

«ՈՉԻՆՉ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՉԻ ԼԻՆՈՒՄ» Այսպես պատասխանեց ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը՝ լրագրողի հարցին, թե ինչու մայր բուհում ոչինչ միանգամից չի լինում։ Պարոն Սարգսյանի գնահատմամբ, շատ լավ ընտրություններ են անցկացվել, եւ վստահ է՝ թեկնածուներն էլ են կարծում, որ ամեն ինչ արդարացի է անցել։ Ինչ վերաբերում է ռեկտորի 4 թեկնածուներին, ապա նրանք էլ առանձնապես չէին դժգոհում անարդարությունից։ Սերժ Սարգսյանը չպատասխանեց մեր հարցին, թե 4 թեկնածուներից ում օգտին է քվեարկել։ Սակայն սկսենք սկզբից։ Խորհրդի 72 անդամներից ընտրություններին ներկա էին 70-ը։ Առաջին փուլից հետո գրանցվեցին հետեւյալ արդյունքները. 1 հոգի քվեարկել էր բոլորին դեմ, 21-ը՝ հօգուտ ԵՊՀ պրոռեկտոր Արամ Սիմոնյանի, 28-ը՝ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի, 4 ձայն ստացել էր ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Սամվել Հարությունյանը եւ 16 ձայն՝ մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Գեղամ Գեւորգյանը։ Վերջին փաստը անակնկալ էր շատերի համար։ Մինչեւ ընտրությունների օրը Գեղամ Գեւորգյանի շանսերը շատ բարձր էին գնահատվում, որովհետեւ նրա անունը ողջ քարոզարշավի ընթացքում կապվում էր ՀՀԿ-ի հետ։ Ինքը՝ Գ. Գեւորգյանը երեկ հայտարարեց, որ ԿԳՆ փոխնախարար, հանրապետական Արա Ավետիսյանն իրեն սատարել է միայն իբրեւ ընկեր. «Նա իմ մանկության ընկերն է, մենք երկար ճանապարհ ենք անցել միասին, նա արտահայտել է իր սեփական կարծիքը»։ Այնուամենայնիվ, պրն Գեւորգյանը որեւէ ուժի սատարումը չբացառեց։ Իսկ առաջին փուլի արդյունքները Գ. Գեւորգյանի համար ակնհայտորեն անակնկալ էին. «Տեսնո՞ւմ եք, որ կանխատեսումները չեն իրականանում… Ցանկացած արդյունք պետք է հարգել, դա խորհրդի որոշումն է եւ քննարկման ենթակա չէ»: Պրն Գեւորգյանը չպատասխանեց այն հարցին, թե իրենից հետո ում է նախընտրում։ Ինչ վերաբերում է Սամվել Հարությունյանին, ապա նրա մասին դրական կարծիք էին արտահայտում բոլոր նրան ճանաչողները՝ թե բուհի ներսից, թե դրսից։ Ի դեպ, պրն Հարությունյանը նախընտրական քարոզարշավի մակարդակից գոհ է, ըստ նրա, որեւէ մեկի օգտին ճնշումներ չեն եղել. «Ես ավելի վատ էի սպասում»։ Մյուս թեկնածուն՝ Արամ Սիմոնյանն իր հույսը դրել էր բուհի վրա. «Ինձ պաշտպանում է 8 ֆակուլտետ եւ գիտական գրադարանը»։ Իսկ Գագիկ Ղազինյանը, գաղտնիք չէ, ԵՊՀ նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի թեկնածուն է, թեեւ ինքը՝ Ռ. Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում հերքեց դա, ավելին՝ ասաց, թե իբր չի էլ հիշում, թե ում օգտին է քվեարկել։ Խորհրդի անդամների շրջանում մեր հարցումները՝ նախընտրելի թեկնածուի մասին, մնացին անպատասխան։ Միայն ԱԺ պատգամավոր Լեւոն Մկրտչյանը բացահայտ ասաց իր դիրքորոշումը. «Մայր բուհը ներկայացնելու համար համաշխարհային մասշտաբի գիտնական է պետք կամ գոնե այդպիսի շանսեր ունեցող մեկը։ Առաջին փուլում ձայնս տվել եմ Գեղամին, շատ հարգում եմ Սամվելին: 2-ն էլ լավ գիտնականներ են»։ 2-րդ փուլում Լեւոն Մկրտչյանը մնացած 2 թեկնածուներին էլ դեմ է քվեարկել։ Երկրորդ փուլից հետո պատկերը հետեւյալն էր. 22 ձայն ստացավ Արամ Սիմոնյանը, 32՝ Գագիկ Ղազինյանը։ Այսինքն՝ անհրաժեշտ 50+1՝ 37 ձայնը դարձյալ ապահովված չէր։ Երրորդ փուլում փաստորեն նորից պետք է պայքարը մղվեր այս 2 թեկնածուների մեջ։ Արամ Սիմոնյանը 3-րդ փուլից առաջ ռեալ չէր համարում նորից կրկնել նույնը՝ հավանական համարելով, որ ընտրությունները ի վերջո կհամարվեն չկայացած։ Թեեւ չէր բացառում, որ եթե 1-ին փուլից հետո Գ. Ղազինյանի 28 ձայնը դարձավ 32, իրեն էլ մի ձայն ավելացավ, ուրեմն հնարավոր է, որ 3-րդ փուլում Գ. Ղազինյանը կստանա անհրաժեշտ 4 ձայնն էլ։ Բայց, ինչպես տեսանք, դա տեղի չունեցավ։ Դեռ քվեարկության ժամանակ խորհրդի անդամների պահվածքից երեւում էր, որ ներքին բոյկոտի տրամադրություններ կան։ Խորհրդի անդամներից մեկը կանխատեսում էր, որ ով քվեարկել է Գեղամ Գեւորգյանի ու Սամվել Հարությունյանի օգտին, հիմնականում դեմ կքվեարկի այս 2-ին։ Երրորդ փուլի արդյունքով ընդամենը մեկ ձայն էր պակասում Գ. Ղազինյանին, որ դառնար ԵՊՀ ռեկտոր։ Նա ստացավ 36, իսկ Ա. Սիմոնյանը նույնիսկ ունեցած ձայներից 2-ն էլ կորցրեց՝ ստացավ միայն 20-ը։ 11 հոգի դեմ էին բոլորին էլ, 3 քվեաթերթիկ համարվեց անվավեր։ Ընտրություններից հետո Սերգո Երիցյանի մեկնաբանությունն այս առիթով խոսուն էր. «Կայացան ընտրություններ։ Կանոնակարգի համաձայն։ 3 փուլով»։ Ռադիկ Մարտիրոսյանը մտահոգված էր, նա չէր սպասում նման ելք. «Մտահոգ եմ, որ այս փուլում չընտրվեց ռեկտոր, սա ազդում է համալսարանի ընդհանուր գործունեության, ուսումնական, գիտական պրոցեսի վրա։ Լավ չէր, պիտի խորհուրդը կարողանար իր մեջ ուժ գտնել՝ վերջնական որոշում կայացնելու։ Իսկ հիմա մոտ 2 ամիս էլի համալսարանը առանց ղեկավարի է մնալու, թեեւ կան պրոռեկտորներ…»։ Ռադիկ Մարտիրոսյանն այս ընտրությունները գնահատեց «բացարձակ արդար»։ ԵՊՀ ռեկտորի հերթական ընտրությունները տեղի կունենան մայիսի 15-ին։ ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել