Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էրեբունուց

Մարտ 23,2006 00:00

Էրեբունուց աղբը չի պակասում Թաղապետարանն էլ, պարզվում է, բնակելի շենքերում կատարվող զավթումների հետ գործ չունի Այս աղբակույտը Էրեբունի համայնքի Խաղաղ Դոնի 9 շենքի բակում է: Լուսանկարն արվել է երեկ առավոտյան, աղբահանությունից մեկ-երկու ժամ հետո: Սակայն այդ հասցեում կլոր տարին աղբ կա: Պատճառն այն է, որ 9-րդ շենքի միջանցքները բնակիչները «մեջ-մեջ» են արել եւ որպես սենյակ կամ «չուլան» փակել են, այդ թվում եւ՝ հարկերի ընդհանուր օգտագործման աղբի սենյակները: Եվ քանի որ աղբը թափելու տեղ չկա՝ բնակիչներն իրենց կենցաղային աղբը տոպրակներով վերեւից ցած են նետում: Փոքր-ինչ բարեխիղճներն էլ տնից դուրս գալիս՝ ձեռքի հետ շպրտում են նույն տեղում, ինչի արդյունքում էլ օրվա ընթացքում շենքի բակում աղբի բլուր է գոյանում: Մինչեւ հաջորդ աղբահանությունը՝ քամին ու աղբակույտում «քուջուջ» անող շները կուտակված թափոնները ցրում են թաղամասով մեկ: Հարեւան՝ 9-րդ շենքի աղբը մինչեւ 7-րդ շենք հասնում է, չնայած վերջիններս իրենց աղբը խողովակում են թափում: «Այս հասցեում տարիներով նույն պատկերն է: Ինչու պիտի իրենց աղբը գա հասնի մեր բակ: Էլ չենք ասում, որ հիվանդության բուն է, իսկ բակում երեխաներ են խաղում եւ, ուզած թե չուզած՝ ամեն օր մանուկները անմիջական շփման մեջ են աղբի հետ: Գարշահոտությունն էլ մի կողմից: Ամռանը ճանճերի ու գարշահոտի պատճառով չենք կարողանում պատուհան բացել»,- «Առավոտին» բողոքեցին 7-րդ շենքի բնակիչները: Էրեբունի թաղապետարանից ասացին, որ «բնակիչների անօրինական զավթումների հետ թաղապետարանը կապ չունի», ավելին՝ որ նոր օրենքով շենքերի պատասխանատուները համատիրությունն ու քաղաքապետարանն են: Այսինքն, թաղապետարանները բնակելիներում կատարվածի հետ գործ չունե՞ն: Նկատենք, որ բնակիչների զավթումները մի քանի տարվա պատմություն ունեն: Ընդհանրապես սանմաքրման խնդիրների հետ կապված մեր խմբագրությունը համայնքի բնակիչներից պարբերաբար բողոքներ ստանում է: Աղբով մշտապես լեփ-լեցուն է նաեւ համայնքի «Էրեբունի» հիվանդանոցի շրջակայքը: Այս հասցեում տեղադրված աղբամանները քչություն են անում, եւ աղբը կուտակվում է նաեւ արկղերի շուրջը: Էրեբունի համայնքի սանմաքրումն իրականացնող ընկերության ղեկավար Ժիրայր Այվազյանը վստահեցրեց, որ այս հասցեում մոտ օրերս աղբամանների հարցը կլուծեն: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել