Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼՂ հարցի լուծումը մոտ է

Մարտ 23,2006 00:00

ԼՂ հարցի լուծումը մոտ է «Մարշալի ծրագիրը»՝ Լեռնային Ղարաբաղում Անցյալ շաբաթավերջին Դավիթ Շահնազարյանը կարծիք էր հայտնել, թե Ռամբույեից հետո ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի 14 տարվա պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ն հրապարակայնորեն նախաձեռնություն է ցուցաբերում միայնակ: Այս հայտարարություններին խիստ համահունչ մի հրապարակում կար երեկ ադրբեջանական «Զերկալո» թերթում՝ «ԱՄՆ-ն ուժգնացնում է ճնշումն Ադրբեջանի վրա» վերտառությամբ: «ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ավելի քան տասը տարի խաղաղ բանակցությունների ընթացքում առաջին անգամ որեւէ բան չթաքցրին հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ, որոնց թվում կարելի է առանձնացնել երկուսը՝ ԼՂ շուրջ գրավյալ տարածքների ազատում եւ ԼՂ կարգավիճակի հարցում «հետաձգված հանրաքվեի» անցկացում»,- գրում է «Զերկալոն»: Ըստ թերթի, հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագիրն ավելի ընդարձակ կերպով շարադրված է վերջերս «The Washington Post.»-ում հրապարակված ԱՄՆ-ում «Մարշալի հիմնադրամի» խորհրդական եւ Իսպանիայի ԱԳ նախկին նախարար Աննա Պալասիոյի՝ «Ռուսաստանի ստվերային կայսրությունը» հոդվածում: Ըստ այդմ, «դժվարությամբ սառեցված հակամարտությունը սպառնում է վերածվել դաժան պատերազմի, որը կարող է ամայացնել ողջ տարածաշրջանը», թեեւ, հոդվածի հեղինակների կարծիքով, հակամարտության խաղաղ լուծումը ռեալ է. «Արեւմտյան կառավարությունները կարող են աջակցել համաձայնության ձեռքբերմանը, որով Հայաստանը կվերադարձնի Ադրբեջանին գրավված գավառները եւ թույլ կտա ադրբեջանցի փախստականներին վերադառնալ այդ տարածքներն ապրելու: ԼՂ-ն կարող է մնալ ինքնուրույն այնքան ժամանակ, մինչեւ տարածաշրջանի կարգավիճակի հարցը լուծվի հանրաքվեի միջոցով ապագա հեռանկարում: Այս հակամարտության ավարտի հարցում Ադրբեջանի կողմից այդպիսի համագործակցության փոխարեն Արեւմուտքը պետք է գնա այս երկրի հետ մերձեցման՝ բարեփոխումների իրականացման ճանապարհով, եւ պետք է վերջ դնի Ադրբեջանի նկատմամբ 1991-94թթ. պատերազմի պատճառով կիրառվող պատժամիջոցներին: Արեւմուտքը պետք է նաեւ պահանջի ՀՀ-ից դուրս բերել ռուսական ռազմաբազաները, որոնք սպառնում են Ադրբեջանին, ու ամբողջ Հարավային Կովկասի համար առաջարկի ինքնատիպ «Մարշալի ծրագիր» ու տարածաշրջանի այդ երկրներին տանի դեպի միասնական Եվրոպայի ճանապարհով»: Ընդ որում, «Զերկալոն» ընդգծել է, որ հիշյալ առաջարկությունների հեղինակը՝ Իսպանիայի ԱԳ նախկին նախարարը, ԱՄՆ-ի՝ հակաիրաքյան կոալիցիայի ամենահավատարիմ դաշնակիցներից մեկն է եղել, ինչը նրա այս հրապարակմանը, ըստ էության, «պաշտոնական կարգավիճակ» է տալիս: Վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները՝ թերթը նաեւ փոխանցում է, թե Հարավային Կովկասի երկրների Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Բաքու կատարած այցի ժամանակ աննախադեպ ճնշումներ են գործադրվել պաշտոնական Բաքվի վրա: «Վաշինգթոնյան էմիսարները ցանկացած մեթոդներով փորձել են ստանալ Իլհամ Ալիեւի համաձայնությունը հայ-ադրբեջանական հակամարտությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկած պայմաններով ընդունելու համար: Բացի այդ, ԱՄՆ-ն պաշտոնական Բաքվից պահանջել է համաձայնություն տալ հակաիրանական կոալիցիային մասնակցելու վերաբերյալ, եթե նման կառույցի ստեղծումն անհրաժեշտություն դառնա: Վաշինգթոնյան էմիսարները նաեւ ակնարկել են, թե հակառակ դեպքում ԱՄՆ-ն պատրաստվում է պաշտոնական Բաքվի նկատմամբ ճնշման տարբեր լծակներ կիրառել»,- գրում է թերթը: Ավելին, նույն աղբյուրից թերթին հայտնի է դարձել, որ Բաքուն այս դեպքում դժվար թե ստանա ՌԴ-ի աջակցությունը: «Մենք չափազանց մոտ ենք իրադարձությունների կենտրոնին եւ չափազանց՝ մինչեւ ականջներս ենք թաղվել տարածաշրջանում երկու առաջատար տերությունների աշխարհաքաղաքական խաղերի մեջ»,- եզրակացրել է «Զերկալոն»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել