Թաղապետարանն
էլ, պարզվում է, բնակելի շենքերում կատարվող զավթումների հետ գործ չունի Այս
աղբակույտը Էրեբունի համայնքի Խաղաղ Դոնի 9 շենքի բակում է: Լուսանկարն արվել է երեկ
առավոտյան, աղբահանությունից մեկ-երկու ժամ հետո: Սակայն այդ հասցեում կլոր տարին
աղբ կա: Պատճառն այն է, որ 9-րդ շենքի միջանցքները բնակիչները «մեջ-մեջ» են արել
եւ որպես սենյակ կամ «չուլան» փակել են, այդ թվում եւ՝ հարկերի ընդհանուր օգտագործման
աղբի սենյակները: Եվ քանի որ աղբը թափելու տեղ չկա՝ բնակիչներն իրենց կենցաղային
աղբը տոպրակներով վերեւից ցած են նետում: Փոքր-ինչ բարեխիղճներն էլ տնից դուրս գալիս՝
ձեռքի հետ շպրտում են նույն տեղում, ինչի արդյունքում էլ օրվա ընթացքում շենքի բակում
աղբի բլուր է գոյանում: Մինչեւ հաջորդ աղբահանությունը՝ քամին ու աղբակույտում «քուջուջ»
անող շները կուտակված թափոնները ցրում են թաղամասով մեկ: Հարեւան՝ 9-րդ շենքի աղբը
մինչեւ 7-րդ շենք հասնում է, չնայած վերջիններս իրենց աղբը խողովակում են թափում:
«Այս հասցեում տարիներով նույն պատկերն է: Ինչու պիտի իրենց աղբը գա հասնի մեր բակ:
Էլ չենք ասում, որ հիվանդության բուն է, իսկ բակում երեխաներ են խաղում եւ, ուզած
թե չուզած՝ ամեն օր մանուկները անմիջական շփման մեջ են աղբի հետ: Գարշահոտությունն
էլ մի կողմից: Ամռանը ճանճերի ու գարշահոտի պատճառով չենք կարողանում պատուհան բացել»,-
«Առավոտին» բողոքեցին 7-րդ շենքի բնակիչները: Էրեբունի թաղապետարանից ասացին, որ
«բնակիչների անօրինական զավթումների հետ թաղապետարանը կապ չունի», ավելին՝ որ նոր
օրենքով շենքերի պատասխանատուները համատիրությունն ու քաղաքապետարանն են: Այսինքն,
թաղապետարանները բնակելիներում կատարվածի հետ գործ չունե՞ն: Նկատենք, որ բնակիչների
զավթումները մի քանի տարվա պատմություն ունեն: Ընդհանրապես սանմաքրման խնդիրների
հետ կապված մեր խմբագրությունը համայնքի բնակիչներից պարբերաբար բողոքներ ստանում
է: Աղբով մշտապես լեփ-լեցուն է նաեւ համայնքի «Էրեբունի» հիվանդանոցի շրջակայքը:
Այս հասցեում տեղադրված աղբամանները քչություն են անում, եւ աղբը կուտակվում է նաեւ
արկղերի շուրջը: Էրեբունի համայնքի սանմաքրումն իրականացնող ընկերության ղեկավար
Ժիրայր Այվազյանը վստահեցրեց, որ այս հասցեում մոտ օրերս աղբամանների հարցը կլուծեն:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ