Լրահոս
Օրվա լրահոսը

«ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՆ» ԷԼԻ ԵՆ ԲԱՐԵԼԱՎԵԼ

Մարտ 23,2006 00:00

«Ընտրական օրենսգրքի» շուրջ 100 հոդվածներում փոփոխություններ են արվել, որոնք կազմում են 20-ից ավելի համակարգչային էջ:

Այդ փոփոխություններից շատերն ակնհայտորեն թելադրված են հայաստանյան ընտրական իրողություններով: Ասենք, Ռոբերտ Քոչարյանի բաց քվեարկության պատասխանն է թերեւս, որ այժմ «Ընտրական օրենսգրքում» առաջարկվել է հետեւյալ փոփոխությունը. «Ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլեւ պարտականություն»: Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պնդում էր հակառակը, թե գաղտնի քվեարկությունը իրավունք է՝ ոչ պարտականություն:

Եվս մի փոփոխություն, որ թելադրված է առկա իրողություններով: Ռոբերտ Քոչարյանը 2005-ի դեկտեմբերից այդպես էլ չի հրամանագրում ԿԸՀ-ում «Ազգային միաբանության» ներկայացուցիչ Զավեն Պլուզյանին: Սակայն այժմ «Ընտրական օրենսգրքով» սահմանափակվելու է նման հնարավորությունը, քանզի սահմանվելու է որոշակի ժամկետ հրամանագրի համար. «Կենտրոնական եւ ընտրատարածքային հանձնաժողովներում թափուր մնացած տեղերը լրացվում են այդ անդամին նշանակած մարմնի ներկայացմամբ՝ ՀՀ նախագահի հրամանագրով 10-օրյա ժամկետում»:

Ամենատարածված երեւույթներից են պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների քարոզարշավները, որոնց ընթացքում օգտագործվում են պաշտոնական լծակները: Սակայն այժմ սահմանվելու է, թե պաշտոնյաները «ԱԺ պատգամավորության թեկնածու կարող են գրանցվել իրենց աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես վայր դնելու դեպքում»:

Ըստ այլ փոփոխության՝ պատգամավորի ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե «ընտրության նախապատրաստման եւ անցկացման ընթացքում տեղի են ունեցել օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա»:

Մի շարք բարելավումներ վերաբերում են ընտրացուցակներին: Սահմանվում է, թե դրանք «ազատ են ծանոթության համար», եւ յուրաքանչյուր քաղաքացի կամ կուսակցություն իրավունք ունի ստանալ ընտրողների ցուցակները:

Ավելացվել են վստահված անձանց իրավունքները: Նրանք կարող են ծանոթանալ ընտրական բոլոր փաստաթղթերին: Վստահված անձը քվեարկության օրը հետեւելով ընտրական հանձնաժողովի աշխատանքներին՝ «դրանց վերաբերյալ հանձնաժողովի նախագահին կարող է ներկայացնել դիտողություններ եւ առաջարկներ, որոնց կապակցությամբ վերջինս ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ»:

Քվեարկության արդյունքները բողոքարկելու դեպքում «բողոքարկող կողմն այլ փաստաթղթերի հետ միասին իրավունք ունի ծանոթանալու ընտրողների կողմից ստորագրված ցուցակներին»: Դրանք հրապարակելու իրավունք չունի:

Ընդունվել է «Ազգային միաբանության» առաջարկը ընտրությունների ընթացքը տեսանկարահանելու վերաբերյալ: Այս կապակցությամբ փոփոխությունների փաթեթում նախատեսված է 2 տարբերակ: Ըստ առաջին տարբերակի՝ քվեարկության եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը կարող է տեսանկարահանվել՝

«ա) քաղաքային համայնքներում 1000 եւ 1000-ից ավելի ընտրող ունեցող ընտրական տեղամասերը,

բ) 2000 եւ 2000-ից ավելի ընտրող ունեցող գյուղական համայնքների ընտրական տեղամասերը»: Իսկ ըստ երկրորդ տարբերակի՝ այդ գործընթացը կարող են տեսանկարահանել ու լուսանկարահանել վստահված անձինք կամ դիտորդները: Առաջին տարբերակի վերաբերյալ հարցը քննարկվելու է միայն ֆինանսական համապատասխան միջոցների առկայության պայմանում: Իսկ միջոցների բացակայության դեպքում կգործի երկրորդ տարբերակը:

«Ընտրական օրենսգիրքը» լրացվել է նոր դրույթով, ըստ որի՝ «Քվեարկության խցերից 3 մետր հեռավորության վրա, իսկ բացառիկ դեպքերում, դրա անհնարինության դեպքում՝ 2 մետր հեռավորության վրա, սահմանվում է համապատասխան գոտի՝ արգելափակիչ ժապավենով, որն ունի մեկ մուտք եւ մեկ ելք: Այդ գոտում քվեարկության խցերի քանակից ավելի թվով քվեարկողների գտնվելն արգելվում է»:

Միաժամանակ տարբեր քվեարկություններ անցկացնելու դեպքում յուրաքանչյուր քվեարկության համար պատրաստվելու են առանձին ծրարներ՝ «այնպես, որ դրանք գույներով ակնհայտորեն տարբերվեն իրարից եւ իրենց գույնով համապատասխանեն քվեաթերթիկի գույնին»: Ընտրական հանձնաժողովի անդամի կամ վստահված անձի պահանջով կարող է փոխվել քվեաթերթիկներ եւ քվեարկության ծրարներ կնքելու թանաքի գույնը:

Քվեաթերթիկի վրա կնիք է դրվելու մինչ քվեարկությունը: Դրանից հետո կնքվելու է նաեւ քվեարկության ծրարը: «Ծրարների, քվեաթերթիկների տեսակավորումն իրականացնելու ժամանակ հանձնաժողովի անդամներին արգելվում է նշումներ կատարել, ինչպես նաեւ իրենց մոտ ունենալ գրիչներ, մատիտներ կամ նշումներ կատարելու այլ առարկաներ»,- նշված է «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններում:

Այս փաթեթով նախատեսված է, թե «Ընտրողների ցուցակները կազմելու համար պատասխանատու պաշտոնատար անձի կողմից ընտրողների ցուցակները կազմելու համար սահմանված կարգը խախտելով կեղծիքներ կատարելը հետապնդվում է օրենքով», «ընտրողների վերջնական ցուցակների եւ լիազոր մարմնի ինտերնետային կայքում տեղադրված ընտրողների ցուցակների անհամապատասխանությունը հետապնդվում է օրենքով», «տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունների եւ սահմանված կարգով տրված համապատասխան արձանագրությունների քաղվածքների միջեւ քվեարկության արդյունքների վերաբերյալ տվյալների անհամապատասխանությունը հիմք է քրեական գործ հարուցելու համար», «ԿԸՀ-ի՝ քվեարկության արդյունքների վերաբերյալ ամփոփիչ արձանագրության եւ քվեարկության արդյունքների աղյուսակավորված օրինակի անհամապատասխանությունը հիմք է քրեական գործ հարուցելու համար»:

Եվ ամենահետաքրքիր փոփոխություններից մեկը. «Ընտրական հանձնաժողովի անդամը պարտավոր է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին եւ կատարել օրենքով իր վրա դրված պարտականությունները: Պարտականությունների անհարգելի չկատարումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության»: Այսինքն՝ այսուհետ օրենքով բացառվելու է ընտրական հանձնաժողովների աշխատանքների բոյկոտը:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031