Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՍՊԱՍԻ ԵՎՍ ՄԵԿ ՏԱՐԻ

Մարտ 23,2006 00:00

Մինչեւ
կոալիցիայի կուսակցություններից վերջնականապես «ամուսնալուծվելը» Երեկ խորհրդարանի
աշխատանքները լուսաբանող լրագրողները բառացիորեն հուսահատության մեջ էին, քանի որ
երկրի օրենսդիր մարմնում չափազանց «կառուցողական» մթնոլորտ էր՝ օրինագծերը ներկայացվում
էին մեկ-երկու նախադասությամբ, եւ հարցեր ու պատասխաններ չէին հնչում: Խորհրդարանի
դահլիճը գրեթե դատարկ էր, միջանցքներում եւս մարդ չէր երեւում, եւ այնպիսի տպավորություն
էր, որ նաեւ օրենսդիր աշխատանքում պատգամավորները «պաս» են պահում, եւ չեն եկել խորհրդարան՝
մեղքի տակ չընկնելու համար: Վերջին հույսը վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էր, որը
եւ պատասխանեց լրագրողների հարցերին։ Գազի գնի մասին. Սա ամենից հուզող հարցն
էր, եւ իզուր էին լրագրողները փորձում նույն հարցը տարբեր ձեւերով հնչեցնել, վարչապետը
գազի գնին վերաբերող բոլոր հարցերին նույն պատասխանն էր տալիս. «Գազի վերաբերյալ
բոլոր հարցերին կպատասխանեմ բանակցությունները ավարտվելուց հետո»: Արտաշես
Թումանյանի մասին. «Դիմեք պրոն Թումանյանին, ես չեմ կարող իր փոխարեն պատասխանել,
թե ինչո՞ւ որոշեց եւ ինչո՞ւ հանկարծակի դադարեցրեց, որովհետեւ կուսակցություն ստեղծելը
չպետք է կապված լինի պաշտոնի հետ, մանավանդ, եթե գաղափար կար, այդ գաղափարի շուրջը
ծրագիր էր գրվել, ինչպես գիտեք այդ ծրագիրը հրապարակվել էր, եւ այդ ամենը պաշտոնի
հետ չպետք է կապվեր: Եթե նոր խոսք ունեն ասելու գաղափարական դաշտում, քաղաքական դաշտում,
երեւի կշարունակեն»: Ո՞ւմ հետ դաշինքի կգնա ՀՀԿ-ն. «Ես բազմիցս հայտարարել
եմ, ինչպես մեր համագումարում, այնպես էլ տարբեր հարցազրույցներում, որ մենք որոշել
ենք ընտրությունների գնալ առանձին, բայց երբեք չենք բացառում առանձին ուժերի հետ
գնալը: Դրա մասին մենք կարող ենք խոսել միայն տարվա վերջին կամ նախընտրական գործընթացի
սկզբում»: «Ներքեւից-վերեւ» ժողովրդավարության մասին. Հնարավո՞ր է Հայաստանում
գունավոր հեղափոխություն հարցին ի պատասխան՝ վարչապետը պատասխանեց. «Դա երբեք հնարավոր
չէ, բայց եթե ինքը (Հայաստանում «Ներքեւից-վերեւ» ժողովրդավարության անհրաժեշտության
մասին վերջերս խոսեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան.- Մ. Ե.)
այդ կարծիքն ունի, դա իր խնդիրն է»: Ո՞ւմ հետ կգնա Սերժ Սարգսյանը. Հմայակ
Հովհաննիսյանը կանխատեսել էր, որ պաշտպանության նախարարը խորհրդարանական ընտրությունների
ժամանակ չի մտնի ոչ մի կուսակցական ցուցակ, այդ թվում՝ նաեւ ՀՀԿ-ի: Հնարավո՞ր է սա
արդյոք: Հարցին ի պատասխան՝ վարչապետը խորհուրդ տվեց. «Այդ մասին Հմայակ Հովհաննիսյանին
տարվա վերջում կհարցնեք»: Երեւանի կենտրոնի մասին. «Ազատություն» ռ/կ-ի հարցին՝
Երեւանի կենտրոնի կառուցապատումը համարո՞ւմ է ի շահ հանրության, վարչապետ Անդրանիկ
Մարգարյանը պատասխանեց. «Այո, եթե մենք օպերատիվ իրավիճակին չնայենք, որ այսօր մարդիկ
դժգոհ են, ասենք՝ հազար միավոր կար, որից 950-ը գոհ են այդ գործընթացից եւ 50-նն
էլ դժգոհ են. դա հիմնականում տարածքի արժեքին է վերաբերում եւ ոչ թե քաղաքի կենտրոնը
մաքրելու գաղափարին»: Ղարաբաղի մասին. «Բանակցային գործընթացը շարունակվում
է, փակուղի դեռ չի մտել, եթե մենք այդպես մտածենք, ապա 94-ին նմանատիպ հարց պետք
է տայիք: Ես կարող եմ ասել, որ քանի դեռ այս գործընթացը շարունակվում է, հարկավոր
չէ այլ լուծումների մասին խոսել»,- Ղարաբաղի անկախության ճանաչման մասին Ռոբերտ Քոչարյանի
արտահայտած մտքին ի պատասխան՝ ասաց վարչապետը, սակայն ավելացրեց, որ դա էլ է հարցի
լուծման ձեւ, սակայն առայժմ այդ մասին չարժե խոսել: Եթե վարչապետ դառնա Քոչարյանը.
«Առավոտի» հարցին՝ ընդունենք, որ 2007, 2008 թվականների ընտրություններից հետո Ռոբերտ
Քոչարյանը դառնում է ՀՀ վարչապետ, որտե՞ղ կլինի այդ դեպքում Անդրանիկ Մարգարյանը,
պատասխանեց. «Երբ որ կլինեն ընտրությունները, «Հանրապետական» կուսակցությունը ձայներ
կունենա, այն ժամանակ ես կորոշեմ»: Կոալիցիայի մասին. «Առավոտի» հարցին՝ չի՞
հոգնեցրել եւ չի՞ ձանձրացրել կոալիցիայի շրջանակներում աշխատելը, վարչապետ Անդրանիկ
Մարգարյանը խոր հոգոց հանելով՝ պատասխանեց. «Մեկ տարի է մնացել»: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել