Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՊԱՐԱՆԻ

Մարտ 22,2006 00:00

ԱՊԱՐԱՆԻ ԱՐԵՎԸ ԽԱՌՆՎԵՑ ԱՆԱՊԱՏԻ ԱՐԵՎԻՆ Ապարանցի պատգամավոր Լյովա Խաչատրյանը վստահեցնում է, որ իր ընտրատարածքում ընտրակեղծիքներ չեն լինում: – «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը շարունակ հայտարարում է, որ իր գործունեությունը այդ կառույցում զուտ հասարակական է եւ քաղաքականության հետ որեւէ կապ չունի: Այնուամենայնիվ, ժողովուրդը ձեր այդ ակցիաները տեսնում է, ձեզ է ճանաչում, եւ առաջիկա ընտրությունների ժամանակ դուք, որպես «Նիգ-Ապարանի» ներկայացուցիչներ, անշուշտ, շահ եք ակնկալելու այս ամենից, այսինքն՝ հիմա ասում եք, թե հասարակական գործունեություն եք ծավալում, բայց դա, անշուշտ, ուղղված է «հետո»-ի, քաղաքականի օգտին: – Ժողովուրդը որքան չճանաչելով ընտրեց՝ բավական է, եւ շատ լավ է, որ ժողովուրդը սրանից հետո ընտրելու է ճանաչելով, որին նպաստելու է նաեւ ծառատունկը: – Ովքե՞ր են հետեւելու ձեր տնկած ծառերին, ովքե՞ր են ջրելու, խնամելու: – Հետեւելու են տնկողները, համայնքապետերը, անհատ անձինք: – Բայց ակնհայտ է, չէ՞, այնտեղ, որտեղ ծառատունկ է անցկացնելու «Նիգ-Ապարանը», այդ տեղերի համայնքապետերը, դատախազները կամ իրավապահները կաշվից դուրս են գալու, որ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ եւ թեթեւ ձեռքով տնկված ծառերը հանկարծ չչորանան, թե չէ գլխավոր դատախազը իրենց ականջները կքաշի: – Չեմ կարծում, թե իրավապահներն այդ հարցում կխառնվեն կամ խառնվելու բան ունեն: Եթե ծառ է տնկվել, ծառը պետք է ջրվի, դա հասկանում են բոլորը, եւ կարծում եմ, մենք ընտրում ենք այնպիսի տեղեր, որտեղ հնարավոր է ջրել, դրա համար մեզ հետ մասնագետներ կան, եւ, ընդհանրապես, աշխատում ենք տնկել ջրամբարների եզրերին, դաշտապաշտպան տեղերում, եթե եղել եք այլ երկրներում, տեսել եք երեւի, որ մի քանի շերտ դաշտապաշտպան ծառեր կան, որոնք պարզապես չեն թողնում, որ ցանկացած ուժգնության քամիները տապալեն հացահատիկը: Բոլոր երկրներում այդպես է, մեզ մոտ այդ բանը չկար, դրա համար էլ այսպես է: – Թուրքմենստանի նախագահի հրահանգով էլ այդ երկրի անապատային մի հսկա տարածք է ծառատնկվում՝ պաշտոնյաների ջանքերով: Նմանություն չե՞ք տեսնում: – Կարծում եմ՝ այդ դեպքում Ապարանի արեւը եւ անապատի արեւը միացան: – Չնայած գլխավոր դատախազը շարունակ հերքում է լուրերն այն մասին, որ ինքը կուսակցություն է ստեղծելու առանձին կամ որեւէ ուժի հետ համատեղ, սակայն մենք այլեւս չենք զարմանա, որ այն, ինչ ջանասիրությամբ հերքվում է, ավելի շուտ իրականություն կդառնա, քան ձեր տնկած ծառերը կհասցնեն պտուղ տալ: Ուրեմն, բա որ օրը գա եւ այդ կուսակցությունը նա ստեղծի, այդ ժամանակ ի՞նչ եք ասելու: – Ես դատախազից երբեք չեմ լսել, որ նա ինչ-որ ուժերի հետ կամ առանձին ցանկանում է կուսակցական քայլեր անել, ինչ վերաբերում է «Ժողպատգամավոր» խմբին, որի անդամն եմ ես, ապա՝ օրը կգա, բարին հետը: – Իսկ դուք ԱԺ առաջիկա ընտրություններին ի՞նչ կարգով եք մասնակցելու, դարձյա՞լ մեծամասնականով, թե՞ որեւէ կուսակցության ցուցակով: – Ընտրությունների եմ գնալու ուղիղ շարքով, «ստրոգի» շարքով: – Իսկ այժմ ինչո՞վ եք զբաղված: – Աշխատում եմ իմ ընտրատարածքում՝ իմանալու իմ ժողովրդի կարծիքը: Գրեթե բոլոր համայնքների բնակիչների հետ հանդիպել եմ, մնացել է Աշտարակի տարածքը, պարզապես ուզում եմ իմանալ իմ ընտրողների կարծիքը, եթե հանկարծ «Ժողպատգամավոր» խումբը դիմի այնպիսի քայլի, որ քաղաքական ուժ դառնալու ցանկություն հայտնի, ի՞նչ են մտածում այդ մասին իմ ընտրողները, իրենք թույլ տալի՞ս են, որ ես՝ իրենց կողմից ընտրված պատգամավորը, մասնակցեմ այդ գործընթացին: Կարծում եմ, միասնական է պատասխանը, որովհետեւ իմ ընտրողները հասկանում են, որ քաղաքական ուժի ներկայացուցիչ լինելով՝ իրենց պատգամավորը ավելի ռեալ լծակներ կունենա եւ ավելի շատ կկարողանա իրենց օգնել, կարծում եմ՝ իմ ընտրողն ինձ թույլ կտա մասնակցել, եթե «Ժողպատգամավորը» նման ցանկություն ունենա եւ նման քայլ անի: – Դուք հնարավոր համարո՞ւմ եք արդար ընտրությունների անցկացումը մեր երկրում: – Այն ընտրատարածքում, որտեղից ես եմ ընտրվել՝ ոչ մի անգամ ընտրակեղծիքներ չեն եղել եւ չեն էլ լինելու, նույնիսկ քաղաքապետի ընտրությունը, եթե հիշում եք, անցավ ժողովրդի կամքին համապատասխան: Մեր տարածքում չի էլ լինելու նման բան, ժողովուրդը վստահում է մեզ, ոնց ուղղորդում ենք, հիմնականում այդ ուղղությունն էլ վերցնում է, որովհետեւ հարգանքն ու հավատը փոխադարձ են: Տեսնում են մեր կատարած գործերը, տեսնում են, որ ուզում ենք օգնել իրենց, դրա համար էլ հավատում են մեզ: Նույնիսկ սահմանադրական հանրաքվեի ժամանակ ոչ մի կեղծիք չի եղել Ապարան քաղաքում, ընտրողների հերթ էր: Բոլոր տեղամասերում հասցրեցի լինել, ընդամենը մեկ խախտում է եղել, բայց կեղծիք չի եղել: Կարծում եմ, ընտրությունները ազատ եւ թափանցիկ անցկացնելու երաշխիքը ընտրողն է, եթե ընտրողը պատրաստ չեղավ՝ ինչպիսի օրենք ուզում ես փոխիր: Իմ տարածաշրջանում ընտրողը պատրաստ է: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել