Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուսումնարանի հոբելյանը՝ ուշացումով

Մարտ 22,2006 00:00

Հարցազրույց Երեւանի պարարվեստի ուսումնարանի տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի հետ:

ՀՀ մշակույթի նախարարությունը կարծես աշխատաոճ է «մշակել»՝ այս կամ այն արվեստագետի հոբելյանը կամ մշակութային օջախի հիմնադրման տարելիցը տոնել ուշացումով՝ բուն հոբելյանից մեկ-մեկուկես կամ նույնիսկ երկու տարի հետո: Ասվածի վկայությունն է Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի, Մարտիրոս Սարյանի եւ այլոց հոբելյանները: «Այո, եղել են հոբելյանական միջոցառումների ուշացումներ: Դրանք տարբեր պատճառներ ունեն: Օրինակ, Մ. Սարյանի հոբելյանի ուշացումը կապված էր մեծ վարպետի գրքի, ալբոմի հրատարակման հետ: Եղել են դեպքեր, երբ հոբելյարի ժառանգների խնդրանքով ենք ուշացրել միջոցառումները, քանի որ վերջիններս պետք է արտերկրից ժամանեին հայրենիք»,- այդ առիթով «Առավոտին» ասաց մշակույթի նախարարության ներկայացուցիչ Գայանե Դուրգարյանը:

Ազգային օպերային թատրոնում մարտի 24-ին, մեկ տարի ուշացումով կնշվի Երեւանի պարարվեստի ուսումնարանի հիմնադրման 80-ամյակը: Հանդիպեցինք վերջինիս տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանին: Ուսումնարանի հոբելյանը ուշացումով տոնելու փաստի առիթով մեր զրուցակիցն ասաց. «81 տարի առաջ Երեւանում հիմնադրվել էր ստուդիա, հետո այն ստացավ պարարվեստի ուսումնարան անվանումը: Ուշացման հետ կապված՝ պետք է բարյացակամ լինել: Դա բացատրվում է ֆինանսական պրոբլեմներով»: Պարոն Գալստյանը տեղեկացրեց, որ միջոցառմանը աջակցել են մշակույթի նախարարությունը (մեր տեղեկություններով, 1300000 դրամ), Վանուշ Խանամիրյանի գլխավորած Պարարվեստի գործիչների միությունը: Մեր դիտարկմանն ի պատասխան, թե արդեն 25 տարի է՝ ոչ մի վերանորոգման աշխատանք չի կատարվել ուսումնարանում, անգամ չկա պարարվեստի պահանջները բավարարող հատակ, պարոն Գալստյանը նշեց, որ այդ առիթով մշակույթի նախարարության՝ կառավարությանն ուղղած նամակը դրական արձագանք է ունեցել ու «հույս ունեմ, որ տարվա ընթացքում կկատարվեն բարեկարգման աշխատանքներ»: Տնօրենին հիշեցրինք նաեւ վերջերս ՌԴ-ում ՀՀ տարվա բացման առիթով կայացած համերգի մասին ՌԴ մշակույթի եւ կինեմատոգրաֆիստների դեպարտամենտի նախագահ Միխայիլ Շվիդկոյի՝ ռուսաստանյան հեռուստատեսությամբ իր հեղինակած հաղորդման ընթացքում հնչեցրած հետեւյալ միտքը՝ «բալետի հայ արտիստներից սպասում էի ավելին»: Այս կապակցությամբ Վ. Գալստյանը ասաց. «Ես այդ համերգը դիտել եմ հեռուստատեսությամբ: Դժվարանում եմ այս պահին Միխայիլ Շվիդկոյի կարծիքը մեկնաբանել, որովհետեւ այլ բան է դիտել դահլիճից, մեկ այլ բան՝ TV-ով»:

Հետաքրքրվեցինք նաեւ՝ ինչո՞վ բացատրել, որ նույն ուսումնարանում սովորող կամ արդեն ավարտած բալերոնները միջազգային մրցույթներում գրավում են պատվավոր տեղեր, ինչը չես ասի պարուհիների մասին: Ըստ տնօրենի, մեր թատրոնում էլ կան երիտասարդ, արդեն անվանի մենապարուհիներ՝ Մարիա Դիվանյան, Սոնա Առուստամյան եւ այլք: «Միգուցե բնությունը հայ տղամարդկանց ավելի՞ է օժտել, քան կանանց»,- կեսկատակ-կեսլուրջ ավելացրեց պարարվեստի ուսումնարանի տնօրենը:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել