Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պետական կարիքների զոհերը» գոհ էին օմբուդսմենի ելույթից

Մարտ 22,2006 00:00

ՍԴ-ն փորձում էր որոշել, թե որն է «հանրային շահը»

Երեկ ՍԴ-ում քննության դրվեց Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի դիմումը: Վիճարկվում էր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 218 հոդվածի, Հողային օրենսգրքի 104, 106 եւ 108 հոդվածների կառավարության կողմից 2002թ. օգոստոսի 1-ին ընդունված «Երեւանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում կառուցապատման ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» թիվ 1151-Ն որոշման՝ գործող Սահմանադրության 31 հոդվածին համապատասխանության հարցը: Դատարանի նիստերի դահլիճում տեղ էին զբաղեցրել Հյուսիսային պողոտայի բնակիչները, որոնք ստեղծել են իրենց կազմակերպությունը, որը կոչվում է «Պետական կարիքների զոհեր»: Շենքը շրջափակող ոստիկանները այդպես էլ չհասցրին իրենց մեքենաներից իջնել: Պատասխանող կողմ էին ճանաչվել ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչ, ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Մհերյանը, իսկ կառավարությունը լիազորել էր պատասխանել արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին:

Օմբուդսմենը գտնում էր, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի տիրապետել, օգտագործել իր սեփականությունը, իսկ կառավարության որոշմամբ խախտվել է Սահմանադրության 31 հոդվածը, երբ քաղաքացիներից վերցրել են նրանց հողամասերը «հասարակության եւ պետության կարիքների համար» անվան տակ: Ընդ որում, նա գտնում էր, որ պետության կարիքների համար կարող էր կատարվել միայն բացառիկ՝ գերակա հանրային շահերի դեպքերում, նախնական համարժեք փոխհատուցմամբ: Պատասխանող կողմին հետաքրքրում էր, թե թվարկված օրենքներում եւ որոշման մեջ ո՞րն է հակասահմանադրական եւ ինչո՞ւ է օմբուդսմենը ընտրել մասնավորապես 1151-Ն որոշումը: Մարդու իրավունքների պաշտպանը շեշտակի տոնով պատասխանեց. «Ես սա եմ բերել եւ սա էլ վիճարկում եմ», ինչին հետեւեց «զոհերի» բուռն ծափահարությունը: Իրավաբանական վեճի առարկա դարձան «հանրային շահ», «պետության շահ» հասկացությունները: Պարզվեց, որ Քաղաքացիական օրենսգրքի 218 հոդվածը, ըստ ՍԴ անդամների, ուղղակի ՌԴ քաղօրի 279 հոդվածի անհաջող արտագրությունն է: Բայց եթե ռուսները օգտագործել են «հողը գնել» արտահայտությունը, ապա մերոնց մոտ արտագրվել է «հողը վերցնել»: ՀՀ նախագահի օգնական Գ. Մհերյանը ավելի հեռուն գնաց, իր պատասխան խոսքում ասելով, թե «չկա մի իրավական պետություն, որը սպառիչ կթվարկի բացառիկ դեպքերը»: Օմբուդսմենը բացառիկ դեպքի ընդամենը մի օրինակ բերեց. պետության կարիքների համար օդանավակայան կառուցելը:

Ամիսներ առաջ «Առավոտին» դիմած բողոքարկուները վիճարկում էին հենց այն հարցը, թե որն է այդ բացառիկ դեպքը: Ցավոք, մեր իրականության մեջ «պետության կարիքների» անվան տակ խլված հողերը օգտագործվել են լցակայանների, կազինոների եւ ստորգետնյա լողավազանների համար: Հավանաբար դա էր պատճառը, որ ՍԴ նախագահը պահանջեց դատարան ներկայացնել նաեւ Կենտրոն համայնքի դատարանի այն որոշումները, որոնք այս կամ այն լուծումն են տվել վիճարկվող խնդրներին: «Եթե օրենքով չեք սահմանում «հանրային շահը», ինչպե՞ս ենք վերահսկելու»,- տրտնջում էր Դ. Հարությունյանը, որի կարծիքով, ՍԴ-ում վիճարկվում է ոչ թե փոխհատուցման խնդիրը, այլ գնման ինստիտուտի:

Նիստին ներկա Լարիսա Ալավերդյանին հարցրինք, թե արդյոք գո՞հ է իրեն փոխարինած Ա. Հարությունյանի ելույթից: «Ես պատկերացնում եմ, որ դա իմ արած քայլի շարունակությունն էր»:

ՍԴ-ն որոշեց փորձագետների ներգրավել այս գործով, որոնք երկշաբաթյա ժամկետում կներկայացնեն նաեւ իրենց գրավոր եզրակացությունը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել