Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԱԱ-Ն «ԿՈՄՊՐՈՄԱՏ» Է ՀԱՎԱՔՈՒՄ
ԱԿԱԴԵՄԻԿՈՍԻ ԴԵՄ

Մարտ 22,2006 00:00

Գիտությունների
ազգային ակադեմիայում տեղի է ունեցել հերթական սկանդալը Օրեր առաջ ԳԱԱ նախագահության
իրավաբան Յուրա Ղազարյանը, միջազգային կապերի վարչության պետ Գագիկ Էվոյանը եւ ԳԱԱ
պարետ Վլադիմիր Տոնոյանը մտել են ԳԱԱ հիմնարար գրադարանի դահլիճ եւ փաստաթղթեր պահանջել
այնտեղ այդ պահին դասընթաց իրականացնող դասախոսից այն մասին, որ նա իրավունք ունի
դահլիճում պարապելու: Պարետը նույնիսկ ուսանողներին հարցեր է տվել դասընթացների վարձավճարի
մասին ու այդ ամենը նկարահանել փոքրիկ տեսախցիկով: Այս մասին մեզ ասաց հենց Յու.
Ղազարյանը: Խնդիրն այն է, որ հիմնարար գրադարանի շենքի առանձին սենյակներ
վարձակալության են տրված մի շարք «դրսի» կազմակերպությունների, որոնց համար կան վարձակալական
պայմանագրեր: Նման կազմակերպություններից է նաեւ «Էկոնոմիկա եւ իրավունք» տեղեկատվական
հետազոտական կենտրոնը, որը պայմանագրով շենքում 4 սենյակ է վարձակալում: (Կենտրոնը
հրատարակում է «Էկոնոմիկա եւ իրավունք» ամսագիրը, ինչպես նաեւ կազմակերպում ուսումնական
գործունեություն՝ հիմնականում հաշվապահական ուղղվածությամբ): Նշյալ պահին դասընթացն
իրականացվել է դահլիճում, ինչը, ըստ կենտրոնի տնօրեն Արթուր Հախվերդյանի, պատահում
է շատ հազվադեպ, երբ լսարանների սղություն է լինում: Եվ այսպես, իրավաբան Յու. Ղազարյանը,
միջամտելով դասը, դասախոսից պահանջել է փաստաթուղթ, որը կհավաստեր, որ նրանք իրավունք
ունեն դահլիճում դաս անցկացնելու: Արթուր Հախվերդյանի խոսքերով, ամեն ինչ եղել է
այսպես. «Դասի ընթացքում նրանք 3 հոգով ներխուժել են լսարան եւ խանգարել դասը, դասախոսին
ստիպել են բացատրել, թե ի՞նչ իրավունքով են այդտեղ, ինչքա՞ն են ստանում, ինչքա՞ն
է աշխատավարձը եւ այլն: Մի բան, որ ԳԱԱ իրավաբանին սազական չէ: Նման հարցերով պետք
է դիմել տնօրենին: Նրանք խանգարել են դասը՝ բացասական տպավորություն թողնելով ուսանողների
վրա: ԳԱԱ իրավաբանը, որ պետք է պահպանի իրավական նորմերը՝ փաստորեն խախտել է մի շարք
օրենքներ, մեզ հասցրել բարոյական (դասախոսը իր ուսանողների մոտ հոգեբանական վատ վիճակում
է հայտնվել) եւ գուցե նաեւ նյութական վնաս. հնարավոր է՝ մեր ուսանողները պատմեն մեկը
մյուսին, որ այստեղ տհաճ միջադեպեր են տեղի ունենում եւ այլն: Իսկ մեզ մոտ վերապատրաստման
են գալիս կառավարության աշխատակազմից, Կենտրոնական բանկից, ԱՄՆ դեսպանատնից, ԶԼՄ-ներից:
Ինչ վերաբերում է դահլիճին, ապա դահլիճից շատ շատերն են օգտվում, այն վարձակալության
չի տրվում, որովհետեւ բոլորն էլ կարող են օգտվել դրանից, միջոցառումներ անցկացնել:
Նրանք ասել են՝ ապօրինի օգտվում եք դահլիճից: Դրա օրինականությունը պետք է որոշեն
վարձատուն եւ վարձակալը, իսկ իրավական նորմերն այս դեպքում 100 տոկոսով պահպանված
են, պայմանագրերը կան եւ ցանկացած դեպքում նման փաստերը ստուգվում են քաղաքակիրթ
եղանակներով: Այդ քայլն անպատասխան չպետք է մնա. մեր պահանջը կլինի, որ այլեւս նման
բան չկրկնվի, որ նրանք մեզնից ներողություն խնդրեն»: Ինքը՝ Յուրա Ղազարյանն
իր քայլը մեկնաբանում է այսպես. «Դասընթացի համար սենյակներ են վարձակալում, բայց
որտե՞ղ են անցկացնում դասընթացը: Ի՞նչ իրավունք ունի ուսանողը դահլիճում պարապի,
սենյակներ ունեն, թող այնտեղ պարապեն: Իսկ եթե պարապում են, ուրեմն փող են տալիս
դրա համար եւ այդ գումարներն իրար մեջ բաժանում, դա պետք է ստուգվի, ամեն ինչ ջրի
երես կհանենք: Այդքան միամի՞տ եք, թե՞ իրոք չեք հասկանում, որ դրսի մարդը հենց այնպես
չի գա ու պարապմունքներ անցկացնի, որտե՞ղ եք նման բարեգործներ տեսել»: Պրն Ղազարյանը
նախ ասաց, թե նախագահության որոշմամբ է նման ստուգում անցկացրել, հետո թե՝ «Ֆադեյ
Տաճատիչը նույնիսկ ասաց՝ որ իմանայի տենց բանի համար եք գնում, թույլ չէի տա»,- այսպիսով
պրն Ղազարյանը փորձում էր ապացուցել, որ գրադարան «այցելելու» հատուկ միտում չկա:
Չէ՞ որ գրադարանի տնօրենը ակադեմիկոս Անրի Ներսիսյանն է, ով Յուրա Ղազարյանի հետ
աշխատում է այն հանձնաժողովում, որ ուսումնասիրում է Ա. Ներսիսյանի մեղադրանքները՝
ուղղված ԳԱԱ նախագահությանը: Այս քայլով, ըստ Ա. Ներսիսյանի՝ «նախագահությունը փորձում
է հակահարված տալ իրեն՝ կոմպրոմատներ է փնտրում, շանտաժ է անում, որովհետեւ ազնիվ
ճանապարհով չեն կարողանում դիմակայել իմ առաջադրած մեղադրանքներին»: (Այսպիսով՝ պարզ
է, թե որքանով օբյեկտիվ է աշխատել նախագահության ստեղծած հանձնաժողովը եւ ինչ նպատակներ
է հետապնդել՝ հանձնաժողովում ընդգրկելով նաեւ Ա. Ներսիսյանին, բայց սա խոսակցության
այլ թեմա է): Ի դեպ, պրն Ղազարյանը մեզ հետ զրույցում ասում էր, թե վարձակալական
պայմանագրերի շուրջ ստուգումներ անցկացվում են բոլոր կազմակերպություններում, սակայն
Ա. Ներսիսյանը մեզ տեղեկացրեց, որ այդ ստուգումները վաղուց վերջացել են եւ դեռեւս
1.5 ամիս առաջ նախագահության նիստում ներկայացվել են արդյունքները: Հետաքրքիր
է՝ ԳԱԱ նախագահությունը պայմանագիր կնքո՞ւմ է այն կազմակերպությունների ու անհատների
հետ, որոնք գրեթե ամեն օր միջոցառումներ են իրականացնում ԳԱԱ փոքր դահլիճում: Կամ
այն դեպքերում, երբ ԳԱԱ-ն վերածվում է նախընտրական շտաբի: ՀԱՍՄԻԿ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել