Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գազի գինը վարչապետի ձեռքերո՞ւմ է

Մարտ 22,2006 00:00

Ըստ
Մանուկ Գասպարյանի՝ գազի սակագների բարձրացման մեղավորը ՀԾԿՀ-ն է, եւ կարծում է,
որ գազի սակագինը կարող է իջնել: Կա՞, թե՞ չկա պայմանագիր «ՀայՌուսգազարդի»
եւ «Գազպրոմի» միջեւ, որի հիման վրա ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը
(ՀԾԿՀ) որոշում է ընդունել ապրիլի 10-ից գազի սակագները բարձրացնելու մասին: ՀՀ ԱԺ
պատգամավոր Մանուկ Գասպարյանը երեկ «Հայելի» ակումբում պնդում էր, որ նման պայմանագիր
չկա, եւ հետեւաբար, ՀԾԿՀ-ն չարաշահել է իր լիազորություններն ու ժամանակից շուտ,
առանց տեղեկանալու, թե ի՞նչ գնով է, ի վերջո, ՌԴ-ն վաճառելու իր գազը ՀՀ-ին, բարձրացրել
է սակագները: Ավելին, պարոն Գասպարյանը սպառնաց, որ երբ մարտի վերջին կնքվի այդ պայմանագիրը,
եւ նրանում 1000 խ/մ գազի գինը սահմանվի $110-ից պակաս (այնինչ ՀԾԿՀ-ն հենց այս թիվն
է ընդունել իր հաշվարկների հիմք), ապա ինքը դատի կտա այդ հանձնաժողովին: Իսկ ահա
Նիկոլայ Գրիգորյանը՝ ՀԾԿՀ նախագահի տեղակալը, հավատացնում էր, որ նախորդ տարվա դեկտեմբերի
28-ին այդ պայմանագիրը կնքվել է, եւ «ՀայՌուսգազարդը» սակագները վերանայելու հայտ
է իրենց ներկայացրել հենց այդ պայմանագրի հիման վրա. «Առանց պայմանագրի մենք չէինք
կարող որոշում կայացնել: Մենք աշխատել ենք օրենքին համապատասխան»: Պարոն Գասպարյանը
դեկտեմբերի 28-ի փաստաթուղթն արհամարհաբար անվանում էր՝ «մտորումների արձանագրություն»:
Նա նույնիսկ առաջարկեց՝ «եթե ՌԴ-ն մեզ ապրիլի 1-ից $110-ից ավելի էժան գնով գազ տա,
Դուք եւ Նազարյանը (ՀԾԿՀ նախագահը) հրաժարական կտա՞ք»: Պարոն Գրիգորյանը չէր հասկանում,
թե ինչու պիտի ինքը հրաժարական տա, բայց ընդունում էր, որ իրերի նման զարգացման դեպքում
շատ անհարմար բան կստացվի: Բանն այն է, որ համաձայն օրենքի՝ այս հանձնաժողովի հաստատած
սակագները պետք է գործեն նվազագույնը 6 ամիս: Հանձնաժողովն արդեն իսկ, որպես հաշվարկների
հիմք ընդունելով այդ չարաբաստիկ՝ 1000 խ/մ-ը՝ $110 սակագինը, դրան ավելացնելով իր
եւ «ՀայՌուսգազարդի» հաշվարկները՝ կորուստներ, մարժա, եւ այլն, բնակչության համար
սահմանել է 1խ/մ-ը՝ 90 դրամ սակագինը: Այնինչ, եթե ՌԴ-ն հանկարծ որոշի ավելի էժան
գնով մեզ վաճառել գազը, սակագինը կմնա նույնը եւս վեց ամիս: Դա նշանակում է՝ «ՀայՌուսգազարդին»
գերշահույթի հնարավորություն տալ: Թեեւ պարոն Գրիգորյանը «հրաշք» է համարում մարտի
վերջին նոր պայմանագրի ստորագրումը, այսուհանդերձ, մտածում է, որ կարելի է գտնել
որեւէ սողանցք՝ օրենքի այս թնջուկից դուրս գալու համար: Ի դեպ, սակագների
սահմանման ձեւն էլ է պարոն Գասպարյանը համարում ժողովրդին խճճելու տարբերակ. «Ձեռնարկությունների
համար գրված է կոնկրետ՝ 1000 խ/մ-ը՝ $146, իսկ բնակչությանը չեն ասում կոնկրետ թիվ,
այլ ասում են 90 դրամ, 100 դրամ, դե արի ժողովուրդ, հաշվիր, թե հազար խ/մ-ն ինչքան
է անում»: Այնուհանդերձ, բնակչության համար այդ սակագինը շատ ավելի բարձր է լինելու,
քան արտադրական ձեռնարկությունների համար: Այնինչ՝ բնակչությունը սպառում է հանրապետություն
մտնող գազի միայն 21%-ը, իսկ մնացած 79%-ը սպառում են ձեռնարկությունները: Այնուհանդերձ,
Մ. Գասպարյանը հավատում էր վարչապետի խոսքին, որ նախընտրական այս շրջանում հայտարարել
էր, թե՝ այնպես եմ անելու, որ գազի գինը ժողովրդի վրա չծանրանա: Նիկոլայ Գրիգորյանը
նկատեց, որ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 45%-ը կառավարությանն է, իսկ ընկերության
սեփականատերն, ըստ օրենքի, կարող է իջեցնել հանձնաժողովի կողմից որոշված սակագինը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել