Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

Մարտ 22,2006 00:00

ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ
ՇՈՒՐՋ ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի
վերջին նիստում արծարծվել է նաեւ երկքաղաքացիության խնդիրը: Այս մասին երեկ
ասուլիսում հայտնեց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, որը նշեց, թե ՀՅԴ-ն արդեն
իսկ պատրաստել է հայեցակարգը, որի հիման վրա կարող է ընդունվել «Երկքաղաքացիության
մասին» օրենքը. «Ուշադրություն էինք դարձրել մի կարեւոր հակասության վրա՝ ռուսական
օրենսդրությունը փաստորեն արգելում է երկքաղաքացիությունը: Իսկ մեզ համար երկքաղաքացիների
հիմնական շտեմարանը կարող են դառնալ ռուսահայերը, որոնք կարող են բավական մեծ թվով
դիմել ՀՀ քաղաքացիության համար: Եթե ՌԴ-ն արգելի նրանց, ապա նրանց ձգտումը կտրուկ
անկում կապրի, բայց մյուս կողմից՝ կա ՌԴ Սահմանադրությունը, որը թույլատրում է երկքաղաքացիությունը,
այսինքն՝ առնվազն չի արգելում: ՌԴ հիմնական օրենքը մոտավորապես այնպիսին է, ինչպես
այսօր մերը՝ այնտեղ հիշատակվում է երկքաղաքացիությունը եւ ասված է, որ երկքաղաքացիության
հարցերը ճշտվում են օրենքով եւ երկկողմ համաձայնագրերով: Մենք մեր խորհրդարանական
գործընկերների առջեւ դրեցինք մի կողմից՝ հակասության այս հարցը, մյուս կողմից՝ այս
հակասությունը լուծելու ճանապարհների որոնման անհրաժեշտությունը: Վիկտոր Նեֆյոդովը,
որն աշխատում է Դումայի ԱՊՀ եւ արտասահմանում ապրող հայրենակիցների հարցերով զբաղվող
կոմիտեում, ընդունեց, որ հակասությունը կա, նաեւ ընդունեց, որ պետք է վերանայվի ՌԴ
քաղաքականությունը երկքաղաքացիության եւ ընդհանրապես քաղաքացիության ասպարեզում:
Մեզանից խնդրել են մեր նկատառումներն այս առումով: Եվ արդեն գոյություն ունեցող հայեցակարգը
կներկայացնենք նրանց ուսումնասիրությանը»: Վահան Հովհաննիսյանը նաեւ հայտնեց,
թե հանձնաժողովի նիստերն անցնում էին սուր բանավեճերով. «Ներկայացրինք, որ տարբեր
միջազգային ատյաններ եւ պետություններ արձագանքեցին Նախիջեւանում եւ Ջուղայում կատարված
վայրագությանն ու հանցագործությանը, իրենց դժգոհությունը արտահայտեցին: Լուռ մնաց
միայն Ռուսաստանը»: Ըստ նրա, երբ ռուս գործընկերները հարց են տալիս, թե ինչու ՀՀ-ն
չի պաշտպանում ՌԴ-ին Վրաստանի հետ ծագող խնդիրներում՝ հայկական կողմը կարող է դա
բացատրել, սակայն «Ռուսաստանը Նախիջեւանի դեպքերի հետ կապված լռության վերաբերյալ
բացատրություն չունի»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել