Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կրկին

Մարտ 21,2006 00:00

Կրկին առջեւում Շախմատային աշխարհում հեղինակավոր մրցաշարերը կայծակնային արագությամբ հաջորդում են միմյանց՝ մարզաձեւի սիրահարներին պահելով ցանկալի լարվածության մեջ: Ուրախալի է, որ հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ միայն իր հաստատուն տեղն է գտել հողագնդի ուժեղագույն շախմատիստների ցուցակում, այլեւ փայլուն մասնակցություն է ունենում նրանց ճակատամարտերին: Մարտի 19-ին Մոնակոյում մեկնարկել է ներկայացուցչությամբ Լինարեսին չզիջող «15th Amber Blindfold and Rapid Chess Tournament» ավանդական մրցաշարը, որի կազմակերպիչ, հոլանդացի մեկենաս, նամակագրությամբ շախմատի աշխարհի չեմպիոն Իոպ վան Օստերոմը հրավիրել է հնագույն եւ իմաստուն խաղի ներկայիս հսկաներին՝ ՖԻԴԵ-ի չեմպիոն Վեսելին Տոպալովին (Բուլղարիա), ՖԻԴԵ-ի գավաթակիր, Լինարեսի չեմպիոն Լեւոն Արոնյանին (Հայաստան), աշխարհի նախկին չեմպիոն ու գավաթակիր, եռակի օսկարակիր Վիշվանաթան Անանդին (Հնդկաստան), համաշխարհային օլիմպիադայի թիմային չեմպիոն Վասիլի Իվանչուկին (Ուկրաինա), միջազգային մրցաշարերի հաղթողներ ու մրցանակակիրներ Պյոտր Սվիդլերին, Ալեքսանդր Մորոզեւիչին, Ալեքսանդր Գրիշչուկին (երեքն էլ՝ Ռուսաստան), Պետեր Լեկոյին (Հունգարիա), Բորիս Գելֆանդին (Իսրայել), Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսին (Իսպանիա), Լյուկ Վան Վելլիին (Նիդեռլանդներ), Պետեր-Հայնե Նիլսենին: Մրցաշարը լուսաբանող լրատվամիջոցները տեղեկացնում են, որ կազմակերպիչները մասնակիցներին դիմավորել են Նիցցայում եւ ուղղաթիռով տարել «Monte-Karlo Bay» հյուրանոց, որտեղ կայացել է վիճակահանությունը: Ըստ կանոնակարգի, մասնակիցները յուրաքանչյուր տուրում միմյանց հետ խաղում են երկու պարտիա, առաջինը՝ այսպես կոչված, «կույր», առանց խաղատախտակին նայելու, երկրորդը՝ արագ շախմատ: Առաջին տուրում Արոնյանը ուժերը չափեց Լյուկ վան Վելլիի հետ: «Կույր» շախմատում հայաստանցին սեւերով պարտություն կրեց, իսկ երկրորդում սպիտակներով վերականգնեց հավասարակշռությունը: Երկրորդում միմյանց դեմ ելան ՖԻԴԵ-ի գործող չեմպիոնն ու ներկայիս գավաթակիրը: Առաջին պարտիան ավարտվեց Լեւոնի հաղթանակով, իսկ երկրորդում գրանցվեց ոչ-ոքի: «Կույր» շախմատում երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի. 1-4. Լեկո, Մորոզեւիչ, Վալյեխո, Վան Վելլի՝ 1,5-ական միավոր, 5-8. Արոնյան, Գելֆանդ, Գրիշչուկ, Տոպալով՝ 1,0-ական, 9-12. Անանդ, Իվանչուկ, Նիլսեն, Սվիդլեր՝ 0,5-ական: Արագ շախմատում մասնակիցները դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ. 1-3. Անանդ, Արոնյան, Տոպալով՝ 1,5-ական, 4-9. Գելֆանդ, Գրիշչուկ, Լեկո, Մորոզեւիչ, Նիլսեն, Վալյեխո՝ 1,0-ական, 10-12. Իվանչուկ, Սվիդլեր, Վան Վելլի՝ 0,5-ական: Իսկ ընդհանուր արդյունքով մրցաշարային աղյուսակը 2,5-ական միավորով գլխավորում են հինգ գրոսմայստերներ՝ Արոնյանը, Լեկոն, Մորոզեւիչը, Տոպալովը, Վալյեխոն: 6-9-րդ տեղերը բաժանում են Անանդը, Գելֆանդը եւ Վան Վելլին՝ 2,0-ական միավոր: Այնուհետեւ գալիս են. 10. Նիլսեն՝ 1,5 միավոր, 11-12. Իվանչուկ եւ Սվիդլեր՝ 1,0-ական: Երեկ կայանալու էր երրորդ տուրը, որում զույգեր կազմել էին Լեկոն եւ Արոնյանը, Իվանչուկը եւ Վան Վելլին, Տոպալովը եւ Նիլսենը, Անանդը եւ Վալյեխոն, Գելֆանդը եւ Սվիդլերը, Մորոզեւիչը եւ Գրիշչուկը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել