Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ

Մարտ 21,2006 00:00

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՄԲԻՑԻԱՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԵՆ Կառավարության համապատասխան որոշմամբ՝ վերջերս դպրոցական կառավարման խորհուրդների կազմում փոփոխություն է մտցվել: Այս հարցով քաղաքապետարանը դեռ ամիսներ առաջ դիմել է ԿԳՆ, վերջինս էլ՝ կառավարություն, որպեսզի վերջապես քաղաքապետարանն էլ այս կազմում ունենա իր ներկայացուցիչը: Նախկինում, կախված աշակերտների թվից, դպրոցական խորհուրդները բաղկացած էին 5, 7 կամ 9 հոգուց: Այդ թվում՝ 30 տոկոսը մանկավարժական, 30-ը ծնողական եւ 40-ը թաղային համայնքի ներկայացուցիչներ էին: Նոր որոշմամբ, բոլոր դպրոցները կունենան 7 հոգանոց խորհուրդներ. 2-ը կլինեն ծնողներից, 2-ը՝ մանկավարժներից, 2 հոգի կներկայացնի թաղային համայնքը, իսկ մեկն էլ կլինի քաղաքապետարանի ներկայացուցիչը: Հենց վերջինիս հասնելու համար էլ քաղաքապետարանը ջանք ու եռանդ չէր խնայում: «Ոչ մի լիազոր ներկայացուցիչ չունեինք, որ տեղյակ լինեինք, թե ինչ է կատարվում ընտրություններում եւ ընդհանրապես խորհրդի աշխատանքներում: Երբեմն խորհրդի նիստերից ոչ մի ինֆորմացիա չէինք ունենում, թե ինչ հարցեր են քննարկվել,- մեզ հետ զրույցում իրենց բուռն ցանկությունը փորձեց հիմնավորել քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը:- Փաստորեն, քաղաքապետարանը պատասխանատվություն է կրում դպրոցների գործունեության համար, բայց ներկայացուցիչ չունի այնտեղ»: Պրն Վաթյանը կարծում է, որ քաղաքապետարանից 1 ներկայացուցիչը դեռ քիչ է՝ ներկայանալու համար: Այն, որ քաղաքապետարանը, դպրոցական խորհրդում առանց ներկայացուցիչ ունենալու էլ, կարող է իր ազդեցությունն ու մասնակցությունն ունենալ դպրոցական կյանքում՝ փաստ է: Սակայն, օրինակ, դպրոցի տնօրենի ընտրության հարցում բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, թե ինչ ռեալ ազդեցություն կարող է ունենալ խորհրդի անդամների վրա՝ իրենց կողքին նստած «վերեւների» ներկայացուցիչը: Մեր այս դիտարկմանը պրն Վաթյանը պատասխանեց այսպես. «Մեկ ձայնով ի՞նչ ճնշում: Այդ դեպքում ծնողներն էլ կարող են ազդել… փակ, գաղտնի քվեարկություն է, ի՞նչ ճնշում կարող է լինել»: Եթե պարոն Վաթյանը նման դեպքերի ականատես չի եղել կամ չի էլ լսել դրանց մասին, խորհուրդ ենք տալիս դպրոցի տնօրենների ընտրություններից մեկի ժամանակ ներկա գտնվել կամ, եթե հնարավոր է, անդամագրվել որեւէ խորհրդի կազմի ու զգալ իր ուժի ազդեցությունը: Տնօրենի ընտրության հարցում ձեռքերը ծալած չի նստի նաեւ ԿԳՆ-ն: Երեկ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին ԿԳՆ-ն «Տնօրենի ընտրության կարգ» է մշակում, ըստ որի՝ ԿԳՆ փորձագետը, որ մինչեւ հիմա պարզապես ներկա էր գտնվում ընտրություններում, նախնական քննություն կանցկացնի հավակնորդների միջեւ՝ շեշտը դնելով իրավական գիտելիքների վրա. «Այսօր շատ տնօրեններ, առանց օրենք իմանալու, մարդ են ընդունում-ազատում»: Ինչ վերաբերում է քաղաքապետարանի ամբիցիաներին, ապա տիկին Հովհաննիսյանը նորմալ է դիտում նման քայլը. «Դպրոցական խորհրդի աշխատանքներին ավելի տեղյակ լինելու առումով դա նորմալ քայլ է, քաղաքապետարանը ամիսներով տեղյակ չէր լինում խորհրդի աշխատանքներին»: Ըստ Ն. Հովհաննիսյանի, նույնիսկ տնօրենի միջոցով էլ հնարավոր չէր մանրամասն տեղեկություն ունենալ այդ աշխատանքներից, քանի որ տնօրենը խորհրդի անդամ չէ: Վարչության պետի կարծիքով, առաջիկա մեկ ամսում արդեն պատրաստ կլինի վերոնշյալ կարգը, կավարտվի այժմ ընթացող խորհուրդների վերաձեւավորումը, եւ դրանից անմիջապես հետո կհայտարարվի 8 դպրոցների տնօրենների մրցույթ: Այս դպրոցները, արդեն կես տարուց ավելի է, ինչ տնօրեն չունեն: Եվ քաղաքապետարանը միտումնավոր տնօրենի թափուր տեղի համար մրցույթ չէր հայտարարում, որպեսզի այս 8 դեպքը բաց չթողներ՝ իր ռեալ լծակները գործի դնելու համար: Նարինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հին կարգով խորհուրդների հին կազմով էլ կարելի էր ընտրություններ կազմակերպել, ինչը արվել է որոշ մարզերում: Սակայն մեզ հետ քանիցս զրուցելիս Օ. Վաթյանը շեշտում էր, որ քաղաքապետարանը սպասում է խորհուրդների կազմի ձեւավորմանը, ինչից հետո էլ նոր հնարավոր կլինի ընտրություն անցկացնել: «Երեւի չեն վստահում,- ասաց տիկին Հովհաննիսյանը:- Դպրոցներն իրենց ենթակայության տակ են, նորմալ է, որ ուզում են իրենց ներկայացուցիչն էլ ունենալ»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել