Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դեբեդի

Մարտ 21,2006 00:00

«Դեբեդի ջրով կջրենք» Տավուշցիները խոստացան «աչքի լույսի պես պահել» տնկիները Անցած հանգստյան օրերին «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախաձեռնությամբ կազմակերպված «Միասնության ծառատունկ-2006»-ը շարունակվեց Տավուշի մարզում: «Մեր բնությունը մարդու աջակցության եւ միջամտության կարիքն ունի: Հողը ինքնին ոչինչ չէ, հողը մարդու պես կարող է մահանալ: Հողն ապրում է, եթե նրա վրա կանաչ ծածկույթ կա, ծիլ ու ծաղիկ կա, ծառ կա»,- ասաց Աղվան Հովսեփյանը: Մարզի դարպասների մոտ էին հավաքվել մոտակա՝ Արճիս, Այրում գյուղերի բնակիչները եւ այստեղից մեծ ոգեւորությամբ սկսվեց ծառատունկի բացումը: Այրումի 9-10-րդ դասարանցիներն էլ միացան դեպի Բագրատաշեն, ապա՝ Նոյեմբերյան մեկնող ծառատունկն իրականացնող խմբին: Ծառատունկը մեկնարկվեց Դեբեդավան, Պտղավան եւ Դեղձավան համայնքներում, ապա համերգով ու հրավառությամբ ամփոփվեց Դիլիջան քաղաքում: Յուրաքանչյուր համայնքի ծառ տնկող բնակիչ խոսք տվեց «աչքի լույսի պես պահել» նորատունկ ծառերը: Իսկ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի խոսքերով. «Սա մեկ մարդու գործ չէ: Ծառատունկը կատարում ենք միասնաբար, միասնաբար էլ պետք է խնամենք հետագայում»: Չնայած Տավուշի մարզում ոռոգման եւ խմելու ջրի մեծ պրոբլեմ է նկատվում, սակայն տեղաբնակները խոստացան՝ «Դեբեդից ջուր կրելով էլ կջրենք եւ կաճեցնենք տնկիները»: Նոյեմբերյանում 40 հայրենակցական միություններին միացավ ֆինն պարոն Տատուն, որը 2 տարի է Հայաստանում է՝ անտառի պահպանության առաքելությամբ: Դիլիջանում իր բաժին ծառը տնկեց բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը: «Պետական ծրագրի շրջանակներում այս մարզում եւ Գեղարքունիքում իրականացվում է բնական պաշարների կառավարման, չքավորության նվազեցման ծրագիր, որտեղ ներգրավված է 100 համայնք: Միայն այս տարի 50 համայնք կստանա 40 հազար տնկի: Այդ ծրագիրն այս ծառատունկի հետ համեմատելի չէ. սա համընդհանուր, ներքին, մեր սրտից բխած ծրագիր է»,- ասաց Վ. Այվազյանը: Կազմակերպիչների կարծիքով, ելնելով բնակչության ոգեւորությունից, ավելի շատ է տնկվելու, քան նախատեսված 3.200.000-ը, որը խորհրդանշում է՝ «յուրաքանչյուր մարդ մեկ ծառ պետք է տնկի»: «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Դիլիջանի քաղաքային հիվանդանոցին նվիրեց դեղամիջոցներ, որը կբավարարի մոտ 1 տարի: Դեղորայքի ընտրությունը կատարվել է տեղի բժիշկների մասնակցությամբ: Հիվանդանոցը վերանորոգվում է. մի մասնաշենքն արդեն պատրաստ է: Հիվանդանոցում աչքի բժիշկ չկա, բայց քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը նշեց, որ շուտով կունենան: Հաջորդ շաբաթ ակցիան շարունակվելու է Արմավիրի մարզում, շուտով նաեւ՝ Երեւանի բոլոր համայնքներում: ԱՐԵՎ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել