Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միլոշեւիչը հայրենասե՞ր էր

Մարտ 21,2006 00:00

Միլոշեւիչը հայրենասե՞ր էր ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը Սերբիայի սոցիալիստական կուսակցության ղեկավար Սլոբոդան Միլոշեւիչի հետ Եվրասիական սոցիալիստական կոնգրեսի հիմնադիր անդամ էր: Նրանք մի շարք հանդիպումներ են ունեցել Եվրասիական սոցիալիստական կոնգրեսի համագումարների ընթացքում: Արամ Սարգսյանը պատմեց Բելգրադում Հարավսլավիայի նախկին նախագահի հետ իր առաջին զրույցի մասին. «Համագումարում 200-ից ավելի հյուրեր կային, եւ բոլորս հերթով ներկայանում էինք պրն Միլոշեւիչին: Երբ հերթը հասավ ինձ՝ հենց լսեց, որ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահն եմ՝ ասաց, թե մի պատմություն է ուզում պատմել: Եվ ասաց, որ 1986 թ. Բելգրադում ահաբեկչական գործողություն էր ձեռնարկվել թուրք դիվանագետների նկատմամբ: Անհաջող մահափորձն ավարտվեց իրագործողների ձերբակալությամբ: Հարավսլավիայի նախագահ ընտրվելուց հետո, ըստ պրն Միլոշեւիչի՝ իրեն այցելել էին հայերի պատվիրակները եւ միանգամից ասել, թե պարտավոր է ազատել այդ տղաներին: Միլոշեւիչն ասել է «Դո՛ւրս եկեք այստեղից»: Սակայն մեկ շաբաթ անց ազատ է արձակել այդ տղաներին»: Իր այս պահվածքը Միլոշեւիչն այսպես է բացատրել ՀԴԿ նախագահին. «Ես ուզում էի ասել, թե նախագահի հետ այդպես չեն խոսում»: Հարավսլավիայի նախկին նախագահը նաեւ նշել է, թե շատ լավ ծանոթ է հայ ժողովրդի պատմությանը եւ գտնում է, թե բացարձակ արդար է եղել մեր պայքարը. «Եվ ուզում եմ ասել, թե մենք ձեզ հետ համանման պայքարի մեջ ենք եղել, եւ հիմա էլ ես մղում եմ շատ ծանր պայքար»: Միլոշեւիչի մահվանից հետո ռուսական հեռուստաընկերություններից մեկը բանավեճ անցկացրեց այն հարցի շուրջ, թե հանցագո՞րծ էր արդյոք Միլոշեւիչը, թե՞ հերոս: Մեր հարցին, թե ինչպե՞ս կպատասխաներ ինքն այդ հարցին՝ ՀԴԿ ղեկավարն ասաց. «Ես դատավոր չեմ: Բայց որ Միլոշեւիչն իր պետության ու ազգի ամենամեծ հայրենասերներից մեկն էր՝ ես կասկած չունեմ»: Նաեւ նշեց, թե Հարավսլավիայի դեմ վարվում էր դրսից հրահրված քաղաքականություն, որ մասնատվի այդ պետությունը. «Մենք Բելգրադում եղել ենք ԱՄՆ-ի կողմից ռմբակոծությունից հետո, եւ ես տեսել եմ այդ բոլոր ավերածությունները»: Ըստ նրա՝ Հարավսլավիայի դեմ ՆԱՏՕ-ի գործողության ընթացքում զոհերի թիվը գերազանցեց Հարավսլավիայի տարածքում բոլոր հակամարտությունների զոհերի ընդհանուր թիվը, իսկ Բոսնիայի, Կոսովոյի հարյուր հազարավոր սերբեր դարձան փախստական: Արամ Սարգսյանը նկատեց. «Այն մարդիկ, ովքեր համարում էին, թե անհրաժեշտ է ազատվել Միլոշեւիչի բռնապետությունից՝ հավանաբար ունեին դրդապատճառներ: Բայց դրանից հետո Հարավսլավիան կորցրեց իր ե՛ւ տնտեսական, ե՛ւ պաշտպանական կարողությունները եւ շատ այլ բաներ»: Հարցին, թե իր համար է՞լ են ոչ միանշանակ Միլոշեւիչի մահվան հանգամանքները՝ ՀԴԿ ղեկավարը պատասխանեց. «Այո՛, միանշանակ չեն: Այդ Կարլա Դել Պոնտեն կարծես նպատակ էր դրել հենց միայն ու միայն Միլոշեւիչին դատելու: Եվ եթե մարդը հիվանդ է, սակայն նրան թույլ չեն տալիս բուժվել՝ արդեն իսկ սպանություն է: Էլ չեմ ասում, թե կասկածներ կան, որ նրան այնպիսի դեղորայք են տվել, որ հասցրել են ինֆարկտի»: Արամ Սարգսյանը նկատեց, թե հայերը ոչ մի դեպքում չպետք է հետեւեն Զորան Ջինջիչի եւ Վաիսլավ Կոշտունիցայի օրինակին, ովքեր Միլոշեւիչին հանձնեցին միջազգային դատարանին, հավելելով, թե միայն տվյալ երկրի ժողովուրդն իրավունք ունի որոշելու՝ արդյոք իր առաջնորդը հանցագո՞րծ է, թե՞ հերոս: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել