Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ

Մարտ 21,2006 00:00

ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԿ ԲՈՅԿՈՏԵՑ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ «Պոեզն արդեն գնացել է»,- սա էր հանրաքվեի ապօրինությունները ստուգող հանձնաժողով չստեղծելու մասնավոր բացատրությունը: Երեկ խորհրդարանը անտեսեց եւ հաշվի չառավ Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի հերթական առաջարկը՝ ապահովել ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ապօրինությունների հանդեպ Հայաստանի Ազգային ժողովի ակտիվ վերաբերմունքը: Ստացվեց, որ եվրաինտեգրման եւ եվրոպական արժեքների մասին ճառեր կարելի է ասել, սակայն դրանք գործի չի կարելի վերածել ոչ մի դեպքում: ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցերով երեկ ԱԺ երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի առաջին նիստը տեւեց բավականին երկար, սակայն ընդդիմության համար՝ անարդյունավետ, քանի որ խորհրդարանական մեծամասնությունն այդպես էլ ձեռնպահ մնաց սահմանադրական հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած ապօրինություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցում: Հանձնաժողով չի լինի եւ հարցը չի քննարկվի, եւ ձեռնպահները ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ն էին: ՀՀԿ-ն թեպետ ամբողջ կազմով դահլիճում էր, բայց հարցի համար չքվեարկեց: Չկար եւ ոչ մի «դեմ», մինչդեռ հարցն անցկացնելու համար հարկավոր էր ընդամենը 34 ձայն, եւ «Ազգային միաբանությունն» ու «Արդարությունը» միասնական ուժերով, նաեւ անկախների օգնությամբ, կարողացան ապահովել միայն 20-ը: Ըստ էության, խորհրդարանական մեծամասնությունը երեկ բոյկոտեց հարցի քվեարկությունը: Մինչդեռ, այս ամբողջ իրավիճակը հերթական անգամ օգտագործվեց որպես ճառ ասելու լավագույն պատրվակ: Անկախ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը նկատեց, որ այս որոշմամբ «խորհրդարանական մեծամասնությունը իր լռելյայն աջակցությունն է հայտնում ընտրակեղծարարներին, սա է ցույց տալիս այս քվեարկության արդյունքը»: Եվ կոչ արեց հիշել ԵԽ-ի հորդորը՝ ակտիվ լինել ընտրակեղծարարներին բացահայտելու եւ պատժելու հարցում: Հմայակ Հովհաննիսյանը նկատեց նաեւ, որ եթե ստեղծվեր ժամանակավոր հանձնաժողովը, այն կարող էր բացահայտել եւ ջրի երես հանել ընտրակեղծիքների մեխանիզմները, եւ քանի որ դա տեղի չունեցավ, ուրեմն առաջիկա ընտրություններում եւս նման կեղծիքներն անպակաս են լինելու. «Ոչ մի երաշխիք չկա, որ նույն մեխանիզմը գործի չի դրվելու նաեւ 2007-08 թվականների ընտրությունների ժամանակ»: Հմայակ Հովհաննիսյանը խորհրդարանը որակեց որպես «հարցերը վիժեցնող եւ բոյկոտող» կառույց։ Իզուր էր ՀԴԿ նախագահ, «Արդարություն» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը հիշեցնում՝ «Չպատժված հանցագործությունը հղի է կրկնողությամբ», եւ կոչ էր անում ձեռնամուխ լինել «ճշմարտության հաստատման»: Պատգամավորներն արդեն սեղմել էին հանձնարարված «կնոպկան», եւ ընդդիմադիր պատգամավորների բուռն զայրույթը նրանց հասու չէր. «Արդեն պոեզը գնացել է, էս ի՞նչ են ուզում»,- ընդմիջմանը զարմացած աչքերով հարցնում էին նրանցից մի քանիսը: Իսկ Արամ Գասպարիչը հնչեցնում էր. «Ձեր այս որոշման արդյունքում քաղաքական դաշտը կրկին ամայանալու է եւ անելու են այն ամենը, ինչ իրենք որոշել են, եւ հիմա դուք պնդում եք, որ այստեղ հարցը չքննարկվի, դրանով բոլորդ դառնում եք մեղսակից: Իսկ եկող տարի պարզ կդառնա, որ հենց կոալիցիայի ուժերն են հայտնվելու այնպիսի վիճակում, ինչպես այսօր ընդդիմության ուժերն են. եթե որեւէ մեկը սրանում կասկածում է, ես ուղղակի նրան ցավակցում եմ»: Վիկտոր Դալլաքյանը իր հերթին նկատեց, որ խորհրդարանական մեծամասնությունը «տորպեդահարեց» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկը, դրանով հաստատելով, որ «ակտիվորեն մասնակցել է 2005 թվականի նոյեմբերի 27-ի կեղծված հանրաքվեի կազմակերպմանը, որի ժամանակ քվեարկել են ստվերները եւ ոչ թե մարդիկ»: Իսկ ժամանակավոր հանձնաժողովին նախաձեռնության հեղինակները հարց էին տալու. «Թե միլիոն 200 հազար նկարիչներ հիսուն վայրկյանը մեկ ո՞նց են մասնակցել քվեարկությանը, եւ այդ նյութերը ուղարկելու էինք դատախազություն, դատախազն էլ պետք է գար, էդ ամբիոնից կանգներ եւ մեզ հաշիվ տար դրա համար, ոչ թե մեզ հետ նամակներով եւ հեռագրերով խոսեր: Հետեւաբար, դուք՝ խորհրդարանական մեծամասնությունը մեղսակից է այն անօրինականություններին, որոնք կատարվել են 2006 թվականի նոյեմբերի 27-ին»: Թերեւս խորհրդարանի այս վերաբերմունքը անսպասելի չէր, քանի որ ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությունն արդեն արժանացել էր պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությանը: Հանձնաժողով ստեղծելու քայլը բացասական էր գնահատել նաեւ կառավարությունը: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը չէր թաքցրել, որ կառավարության դիրքորոշումը հստակ է՝ այդ հանձնաժողովն ավելորդ է, քանի որ չեն գործադրվել պետական բոլոր ինստիտուտները: Դավիթ Հարությունյանը նկատի ունի, որ ընդդիմությունը կեղծիքների հարցերը չի ներկայացրել Սահմանադրական դատարան: Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Վիկտոր Դալլաքյանը երեկ նկատեց, որ կառավարությունը իրավունք չունի գնահատել օրենսդիրների նախաձեռնությունները: «Դա միջամտություն է Ազգային ժողովի ներքին գործերին»,- ասաց պատգամավորը: Ի տարբերություն իր գործընկերների, ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը, որը թեպետ կողմ է քվեարկել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու օգտին, սակայն գտնում է, որ ընդդիմությունը ճիշտ կաներ ընտրակեղծիքների վերաբերյալ իր հավաքած փաստերը անմիջապես ներկայացներ Եվրոպայի խորհրդին։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել