Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅ

Մարտ 21,2006 00:00

ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԿՇՏԱՄԲԵԼ ԵՆ ՌՈՒՍՆԵՐԻՆ Մոսկվայում անցած շաբաթ կայացած Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստն առանձնացել է հայ պատգամավորների քննադատական ելույթներով: Բացման խոսքում իսկ՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, նման անսպասելի կոշտ ելույթ է ունեցել Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: Նախ հիշեցրել է, թե պայմանավորվել են, որ հավաքվում են որոշակի հարցեր լուծելու եւ ոչ թե միմյանց հաճոյախոսելու համար: Եվ հայտարարել, թե այսօր Հայաստանում ոչ միայն ընդդիմադիր, այլ նաեւ իշխանական քաղաքական շրջանակներում են տարածված հակառուսական տրամադրությունները, եւ որ դրանք ունեն մի շարք օբյեկտիվ պատճառներ: Նկատելով, թե տնտեսական շահերն այսօր Ռուսաստանի համար ավելի կարեւոր են, քան բարեկամական հարաբերությունները՝ Վահան Հովհաննիսյանը նկատել է, թե այսօր Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը թելադրում են «Գազպրոմը» եւ «Լուկօյլը»: Ոչ պակաս սուր ելույթ է ունեցել նաեւ հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ, «Արդարություն» խմբակցության պատգամավոր, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը: Նա հայտարարել է, թե Հայաստանի էներգետիկ հզորությունների եւ ձեռնարկությունների ձեռքբերումը չի խթանում հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը: Տեսակետ է հայտնել, թե ռուսական կողմի համար առավել արդյունավետ կլիներ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը: Իր ելույթում Արամ Սարգսյանը, ըստ իր վերաշարադրանքի, նշել է. «Ասացի, որ եթե Ռուսաստանն ընդհանրապես ուզում է հարաբերություններ ունենալ կովկասյան երկրների հետ՝ պետք է հաշվի առնի, որ հիմնական նպատակը պիտի լինի այդ երկրների տնտեսությունը զարգացած արդյունաբերությամբ պետությունների մակարդակին հասցնելը: Եվ Ռուսաստանը կունենա վարողի իր դերը, բայց հարաբերությունները պետք է լինեն գործընկերային: Շատ օրինակներ բերեցի, բայց ամենագլխավորն էր՝ ասացի, թե վստահելի հարաբերություններ չեն լինի հայերի հետ, եթե ռուս բարձրաստիճան պաշտոնյաների գլուխներում մինչեւ հիմա այն միտքն է, թե հայերը գնալու տեղ չունեն: Ես ասացի, որ Հայաստանը կարող է եւս մեկ անգամ անցնել ծանրագույն պայմաններով, բայց վերապրել, սակայն, թե ինչ է անելու Ռուսաստանը Հարավային Կովկասում առանց Հայաստանի՝ մե՜ծ հարցական է»: «Արդարություն» խմբակցության պատգամավորը նաեւ նշել է, թե Ռուսաստանն իր քաղաքական վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ «բազմաթիվ դեպքեր կան, որ տեղափոխում է հայ հասարակության վրա, որը ես համարում եմ անընդունելի: Նշեցի, որ եթե դուք դժգոհ եք կամ ինչ-որ խնդիրներ ունեք իշխանության հետ՝ չպիտի անդրադառնա ողջ հասարակության վրա»: Այս նիստում թեեւ առաջնայինը հումանիտար հարցերն էին, սակայն հայ պատգամավորների ելույթների միջոցով լուրջ հարցադրումներ են ներկայացվել գազի գնի, երկաթգծի աբխազական հատվածի եւ Իրան-Հայաստան գազատարի կառուցման վերաբերյալ: Հայաստանի համար ռուսաստանյան գազի սակագների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը առանձին կետով նշվել է հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի արդյունքներով մարտի 15-ին ընդունված արձանագրության մեջ: Ավելի որոշակի՝ պայմանավորվել են, թե գազի գնի կապակցությամբ դիմելու են գործադիր իշխանությանը՝ Հայաստանի համար ավելի նպաստավոր պայմաններ ստանալու ակնկալիքով: Արձանագրության մեջ նաեւ նշված է. «Միջխորհրդարանական հանձնաժողովը նպատակահարմար է գտնում դիմել ՌԴ եւ Հայաստանի կառավարություններին՝ խնդրանքով, որ դիտարկվի երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության սակագնային քաղաքականության նորմատիվ կարգավորման հնարավորությունը»: Միջանկյալ նշենք, որ հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահող Նիկոլայ Ռիժկովը նիստից հետո լրագրողներին հայտնել է, թե միայն նախօրեին է տեղեկացել, որ Հայաստանի համար գազի գները բարձրացել են, եւ նկատել է. «Բարեկամների հետ այդպես չեն վարվում»: ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը նշեց, որ «Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկեր Հայաստանը գրեթե բացակայում է ռուսաստանյան հեռուստաէկրանին»: Եվ հայտնեց, թե նիստի արձանագրության մեջ առանձին կետով նշվել է տվյալ խնդրի լուծմանն ուղղված քայլերի ընդունման անհրաժեշտությունը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Արձանագրության մեջ մի ուշագրավ կետ էլ կա. «Փոխադարձաբար աջակցել հայերենի՝ որպես էթնոազգային տարրի, ՌԴ կրթական համակարգում ուսումնասիրմանը եւ տարածմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել