Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գերինգաս ամուսինների երեւանյան համերգները

Մարտ 21,2006 00:00

Մեկնարկում
է «21-ի հեռանկարները» Երաժշտական միջազգային 7-րդ փառատոնի այս տարվա առաջին
համերգին հայ երաժշտասերները այսօր, Կամերային երաժշտության տանը եւ 23-ին՝ «Ա. Խաչատրյան»
համերգասրահում առիթ կունենան կրկին վայելել աշխարհահռչակ թավջութակահար Դավիդ Գերինգասի
եւ առաջին անգամ նրա տիկնոջ՝ դաշնակահարուհի Տատյանա Գերինգասի բարձրակարգ կատարումները:
Երեկ «Երեւան» հյուրանոցում Գերինգաս ամուսինները ասուլիս էին կազմակերպել: Ներկայացնում
ենք «Առավոտի» հարցերը երաժիշտներին: – Անցյալ տարի Դավիդ Գերինգասի երեւանյան
ազդագրում նշված էր Գերմանիան, այսինքն, դուք ներկայացնում էիք այդ երկիրը, թեեւ
«Առավոտին» ասացիք, որ դա թյուրիմացություն է՝ դուք եղել եւ մնում եք Լիտվայի քաղաքացի:
Այս տարի ազդագրում չի նշված որեւէ պետության անուն: Ո՞ր երկիրն եք ներկայացնում:
– Յուրաքանչյուր մարդու հայրենիք իր հոգում է: Ծնվել եմ ու սկզբնական կրթություն
ստացել Լիտվայում, այժմ բնակվում եմ Գերմանիայում: Հնարավոր է վաղը բնակվեմ այլ պետությունում,
բայց, միեւնույն է, ծննդավայրս, հայրենիքս, կրկնում եմ՝ հոգումս են: Մյուս կողմից
էլ, անընդհատ ինքնաթիռում եմ՝ թռչելով այս երկրից այն երկիր: Արդեն սովորել եմ տարբեր
ազգությունների հանդիսատեսների հետ շփվելուն: Չզարմանաք, որ ասեմ Երկիր մոլորակն
է իմ տունը: Խնդրում եմ վերջին միտքս չշփոթել հայրենիք հասկացության հետ: –
Անցյալ տարի, երեւանյան համերգից հետո Հայ երաժշտական ինֆորմացիոն կենտրոնի տնօրեն,
կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը ձեզ հանձնել էր Կոմիտասի «Կռունկի» նոտաները: Այն ձեր
համերգային ծրագրերում ընդգրկե՞լ եք եւ չե՞ք պատրաստվում համագործակցել հայ ժամանակակից
կոմպոզիտորների հետ: – Վերջերս Ավստրիայում կայացած համերգի վերջում ունկնդիրների
խնդրանքին՝ կատարել եւս մեկ ստեղծագործություն, ներկայացրի «Կռունկը»: Ընդունելությունը
հիանալի էր: Իսկ համերգից հետո ինձ շրջապատել էին ավստրիաբնակ հայեր ու կարծես հայրենիքի
կարոտն էին առնում ինձնից: Ինչ վերաբերում է հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները
կատարելուն, ես չեմ կարող պարտադրել կամ, ինչպես ասում են՝ պատվիրել: Դա պետք է լինի
կոմպոզիտորի կողմից, սրտաբուխ: Մոտ ժամանակներս Գերմանիայի հանրահայտ «Մոդեռն» եւ
Շոտլանդիայի «Փարագոն» նվագախմբերի ընկերակցությամբ հանդես կգամ Ստեփան Ռոստոմյանի
«Նվիրում» ստեղծագործության կատարումով: – Գիտենք, որ մտերիմ եք հայ անվանի
թավջութակահարներ Վահրամ Սարաջյանի, Կարինե Գեորգիյանի հետ, ձեզ մոտ է ուսանել երիտասարդ
թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը: Հետաքրքիր է՝ ներկայումս ունե՞ք հայ ուսանողներ:
– Համբուրգում այսօր ինձ մոտ է ուսանում տաղանդավոր թավջութակահար Վահե Ռոստոմյանը:
Մեր ընտանիքում ցանկալի հյուրեր են ձեր կողմից նշված հայ թավջութակահարները: Օրինակ,
կինս առաջին անգամ է Հայաստանում, բայց այս մեկուկես օրվանից հետո հայտնեց հետեւյալ
կարծիքը՝ համոզվեցի, որ ողջ հայ ժողովուրդը ջերմ է, մարդամոտ, հյուրասեր եւ, որ ամենակարեւորն
է՝ հումորով: – Դուք առաջին անգամ հանդես կգաք «Սերենադ» կամերային նվագախմբի
հետ: Աշխարհահռչակ նվագախմբերի ցանկում, Ֆիլհարմոնիկ նվագախմբից հետո, սա երկրորդն
է: Նախապես ծանո՞թ էիք «Սերենադին»: – Անցյալ տարի հանդես եկա Հայաստանի ֆիլհարմոնիկի
հետ ու, բնականաբար, ունեմ դրական կարծիք նվագախմբի մասին: Նախօրոք ինձ համերգի կազմակերպիչները
տեղեկացրել էին, որ մինչ Ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավարի պաշտոն ստանձնելը,
նույն դիրիժորը՝ Թոփչյանը եղել է եւ կա «Սերենադի» ղեկավարը: Այսքանն ինձ բավարար
էր համաձայնությունս տալու կամերային այս նվագախմբի հետ ելույթի համար: Նշեմ նաեւ,
որ աշխարհում ինձ հանդիպած նվագախմբերից թե Ֆիլհարմոնիկը, թե «Սերենադը» եզակի են
նրանով, որ կազմված են բացառապես հայ երաժիշտներից, ինչին աշխարհում չեք հանդիպի:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել