Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՐԵՎԵԼՔԸ» ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ

Մարտ 21,2006 00:00

Մասնագետները՝
Անդրեի երգի մասին Մայիսին Հայաստանը «Եվրատեսիլում» կներկայացնի Անդրեն՝
«Առանց քո սիրո» երգով: Հիշեցնենք, որ երաժշտությունը գրել է Արմեն Մարտիրոսյանը,
խոսքերը՝ Քաթրին Բեքյանը, գործիքավորումը Արա Թորոսյանինն է: Երգն արդեն հասցրել
է իրարամերժ կարծիքներ ձեւավորել մասնագետների ու երաժշտասերների շրջանում: Բոլորը,
բնականաբար, ցանկանում են, որ երիտասարդ ու սիրված երգիչը հաջողության հասնի հեղինակավոր
մրցույթում, սակայն գտնում են, որ Հայաստանի դեմքը եւ այցեքարտը պետք է լիներ հայեցի
երգ: Ռուբեն Ալթունյանը գտնում է, որ երգը գրված է «Եվրատեսիլի» համար, եւ
այնտեղ հնարավոր է լավ ընդունվի, քանի որ այդ երգում «եւ արեւելք կա, եւ էստրադա,
եւ հայկական դուդուկ»: Բայց, ամեն դեպքում, կոմպոզիտորը որոշ վերապահումներ ունի.
«Երգը թեեւ գեղեցիկ է սարքված Մուրզիկի (գործիքավորողի- Գ. Հ.) կողմից, բայց հայաստանցիների
համար ընդունելի չէ: Այդ երգից մի տեսակ Սիրիայի հոտ է փչում: Այն գուցեեւ դրսում
փայլուն ընդունելություն գտնի: Ի վերջո, բոլորիս ցանկությունն է ու Հայաստանի պատիվը,
որ Անդրեն հաղթի»: Ռուբեն Մաթեւոսյանը եւս գտնում է, որ «Եվրատեսիլին» մասնակցելը
արդեն մեծ պատիվ է, բայց «Առանց քո սիրո» երգով նա եւս հիացած չէ. «Եթե սա քաղաքականություն
է, ապա Անդրեին ցանկանում եմ հաղթանակ, եթե ազգային մշակույթ ներկայացնել է, ապա
կուզենայի ավելի շատ հայկականություն տեսնել: Եթե նկատի ունենանք ադրբեջանցիների
վերջերս բարձրացրած աղմուկը՝ կապված Անդրեի ղարաբաղյան ծագման հետ, ապա թեկուզ միայն
դրա համար կուզենամ, որ Ղարաբաղում ծնված երիտասարդը հաղթի «Եվրատեսիլում»: Բայց
նորից եմ կրկնում, կուզեի, որ երաժշտությունը հայկական լիներ, որովհետեւ այստեղ ընդամենը
օտար մշակույթի ինտեգրման փայլուն օրինակ է ու ազգային ոչինչ: Բայց քանի որ դրոշի
ու քաղաքականության հարց է, այս պարագայում երաժշտությունը մի կողմ է դրված: Կուզեի
հաջորդ անգամ նման հեղինակավոր մրցույթում հայկական մշակույթը ներկայացվեր պատշաճ
մակարդակով, պատշաճ հասցե ունեցող հայեցի երգով: Չմոռանանք՝ ժամանակին «Սոպոտում»,
երբ Ռաիսա Մկրտչյանը մրցում էր լավագույնների հետ, հենց հայկական երգով (Ռոբերտ Ամիրխանյանի
«Աշնանային մեղեդի»-ով) հաղթող ճանաչվեց»: Երեւանի պետկոնսերվատորիայի ջազ-էստրադային
ամբիոնի դասախոս Ռաիսա Մկրտչյանը, պարզվեց, չի էլ լսել իրենց բուհում սովորող Անդրեի
երգը, քանի որ ժամանակ չունի: «Երգը չեմ լսել, բայց Բաբաջանյանի անվան ուսումնարանում,
ուր եւ դասավանդում եմ, քանիցս ներկա եմ եղել այդ երգի շուրջ եղած երաժշտագետների
վիճաբանություններին: Մասնագետներն ասում են, որ գործիքավորման արդյունքում այնտեղ
արաբական ու թուրքական էլեմենտներ կան: Մի նկատառում եմ ուզում հայտնել. Ստինգը Անգլիայում
կարող է իրեն նման բաներ թույլ տալ, որովհետեւ ճանաչված երգիչ է: Բայց մյուս կողմից
էլ, ասում են «Եվրատեսիլում» նման երգերը լավ են ընդունվում»: Կոմպոզիտոր
Արամ Սաթյանի կարծիքով՝ արդեն ուշ է խոսել Անդրեի երգի մասին, քանի որ այն արդեն
ընտրված է: «Կարծում եմ՝ կարելի էր մի քանի երգեր մրցույթի նման տարբեր կատարումներով
ներկայացնել եւ այդպես նաեւ ժողովուրդն ընտրեր: Դրսում, ուր ես հաճախ եմ ժյուրիի
կազմում լինում եւ ծանոթ եմ ներքին խոհանոցին, կան որոշ չափանիշներ, պրոֆեսիոնալներ,
ժյուրի, ունկնդիր, եւ այդ բոլորը հաշվի առնելու արդյունքում է որեւէ երգ հավակնում
այս կամ այն մրցույթին մասնակցելու: Ինչ վերաբերում է Անդրեի երգին, այնտեղ կան եւ
վատ, եւ լավ կողմեր: Արեւելքին ավելի մոտ երգ է: Փառատոնի համար գրված երգը պետք
է ցենզ անցնի, ոչ թե 1-2 հոգով որոշեն՝ լա՞վն է, թե՞ ոչ: Ես երգը մի քանի անգամ լսել
եմ, որ հասկանամ՝ ոնց է սարքվել: Քանի որ այն պետք է ազգ ներկայացնի, կուզենայի,
որ երգը ազգային լիներ: Օրինակ, այդ երգում քոչարին ընդամենը կոլաժ է: Դա ընդունված
ձեւ է, բայց գլխավորը չէ: Երգը ստանդարտի մեջ է, բայց թերություն ունի՝ փորձում է
դուր գալ, իսկ դա վատ է: Նորից եմ ուզում շեշտել՝ երգում շատ է արեւելքի ներկայությունը:
Հիշեցնեմ, որ, օրինակ, 1986-ին Յուրմալայում Նարինե Հարությունյանի կատարմամբ հնչած
իմ «Սերն անցավ» երգը զուտ հայեցի էր, բայց հաղթեց: Ամեն դեպքում, Աստված տա, «Առանց
քո սիրո» երգն էլ հաղթի»: Ի դեպ, պրն Սաթյանը տեղեկացրեց, որ լուրերը, թե իբր իրեն
էլ են առաջարկել «Եվրատեսիլի» համար երգ գրել, չեն համապատասխանում իրականությանը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել