Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կուսակցականացված ուսխորհուրդներ

Մարտ 21,2006 00:00

Երիտասարդները լքում են մարզը

Լոռու մարզի «Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպությունը իր ուսումնասիրությունների իրականացման ժամանակ եկել էր այն համոզման, որ մարզի գյուղերի երիտասարդության 90 տոկոսը արտագաղթել է ԱՊՀ երկրներ կամ արտերկիր: Նրանք լքում են ոչ միայն գյուղերը, այլեւ մարզկենտրոն Վանաձորը: Արտագաղթի հիմնական պատճառը, ինչպես հանրապետության մյուս մարզերում, Լոռիում էլ աշխատանքի եւ զբաղվածության հիմնախնդիրն է:

«Ցավալի է, բայց փաստ, որ մտավոր ներուժը լքում է մարզը: Վանաձորցի երիտասարդները հիմնականում գնում են Երեւան՝ կրթություն ստանալու ու հետ չեն վերադառնում: Մայրաքաղաքային կրթության գերադասումը հիմնականում կապված է Վանաձորում գործող պետական «անբարենպաստ» պայմանների հետ. եթե պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողները բողոքում են շենքային ոչ բարվոք պայմաններից, ապա դրանք բարելավվում են: Իսկ մանկավարժական ինստիտուտի կոռումպացված համակարգը վանում է այն երիտասարդներին, ովքեր ուզում են իրոք գիտելիքներ ստանալ: Այստեղ հնարավոր չէ ընդունվել եւ կրթություն ստանալ, եթե չունես դրամ կամ վերեւներում խնամի-ծանոթ-բարեկամ: Հիմնականում ընդունվում են ապահով խավի տղաները՝ բանակից խուսափելու համար, եւ աղջիկները՝ գոնե դիպլոմ ունենալու ակնկալիքով: Խելացիները, եթե հաջողացրել են ինստիտուտ ընդունվել, ապա հենց առաջին կուրսից բուռն հիասթափություն են ապրում՝ հանդիպելով որոշ դասախոսների կողմից «հաստատագրված» գնային քաղաքականությանը: Ուսանողները մեզ հաճախ են դիմում, մենք նրանց օգնում ենք առայժ ոչ իրավական հարցերով, այլ ներկազմակերպական: Սակայն մեր այդ հնարավորությունները սահմանափակ են, դիմողները՝ շատ: Եվ նրանք վախենում են իրավական դաշտում առճակատման մեջ մտնել բուհի դասախոսական կազմի հետ, քանի որ տեղյակ չեն իրենց իրավունքներից եւ հոգեբանորեն պատրաստ չեն դրանք պաշտպանել»,- ասում է «Երիտասարդական ալիք» հ/կ-ի նախագահ Ռազմիկ Սարդարյանը:

Ըստ Ռ. Սարդարյանի, Լոռու մարզի բուհերը զերծ չեն կուսակցականացված ուսխորհուրդներից, ինչը նույնպես խաթարում է ուսանողի վստահությունը կառույցի նկատմամբ: Կուսակցականացված ուսխորհուրդները հիմնականում իրենց խնդիրներն են լուծում եւ ձեւական բնույթ են կրում, քանի որ փոխշահավետ համագործակցության մեջ են մտնում բուհի ղեկավարության հետ:

«Երիտասարդական ալիքը» դիտարկումների արդյունքում արձանագրել էր մի տարօրինակ երեւույթ՝ կապված երիտասարդների աշխատանքի հետ. այն աշխատանքները, որոնք նրանք հաճույքով կատարում են մայրաքաղաքում կամ արտերկրում (մատուցող, բեռնակիր, բենզալցակայանի աշխատակից), չեն կատարի իրենց գյուղում, մարզում:

Մարզի բնակիչները դեռ սովոր չեն հ/կ-ների հետ աշխատելուն եւ վստահելուն: Վախենում են բաց խոսակցություններից, ձայնագրումներից, տեսագրվելուց, անգամ ներկայանալուց: Իսկ վախը կապված է հետագա հետապնդումների, ճնշումների ու ահաբեկումների ենթարկվելու հետ:

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել