Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դեբեդի ջրով կջրենք»

Մարտ 21,2006 00:00

Տավուշցիները
խոստացան «աչքի լույսի պես պահել» տնկիները Անցած հանգստյան օրերին «Նիգ-Ապարան»
հայրենակցական միության նախաձեռնությամբ կազմակերպված «Միասնության ծառատունկ-2006»-ը
շարունակվեց Տավուշի մարզում: «Մեր բնությունը մարդու աջակցության եւ միջամտության
կարիքն ունի: Հողը ինքնին ոչինչ չէ, հողը մարդու պես կարող է մահանալ: Հողն ապրում
է, եթե նրա վրա կանաչ ծածկույթ կա, ծիլ ու ծաղիկ կա, ծառ կա»,- ասաց Աղվան Հովսեփյանը:
Մարզի դարպասների մոտ էին հավաքվել մոտակա՝ Արճիս, Այրում գյուղերի բնակիչները եւ
այստեղից մեծ ոգեւորությամբ սկսվեց ծառատունկի բացումը: Այրումի 9-10-րդ դասարանցիներն
էլ միացան դեպի Բագրատաշեն, ապա՝ Նոյեմբերյան մեկնող ծառատունկն իրականացնող խմբին:
Ծառատունկը մեկնարկվեց Դեբեդավան, Պտղավան եւ Դեղձավան համայնքներում, ապա համերգով
ու հրավառությամբ ամփոփվեց Դիլիջան քաղաքում: Յուրաքանչյուր համայնքի ծառ տնկող բնակիչ
խոսք տվեց «աչքի լույսի պես պահել» նորատունկ ծառերը: Իսկ Տավուշի մարզպետ Արմեն
Ղուլարյանի խոսքերով. «Սա մեկ մարդու գործ չէ: Ծառատունկը կատարում ենք միասնաբար,
միասնաբար էլ պետք է խնամենք հետագայում»: Չնայած Տավուշի մարզում ոռոգման եւ խմելու
ջրի մեծ պրոբլեմ է նկատվում, սակայն տեղաբնակները խոստացան՝ «Դեբեդից ջուր կրելով
էլ կջրենք եւ կաճեցնենք տնկիները»: Նոյեմբերյանում 40 հայրենակցական միություններին
միացավ ֆինն պարոն Տատուն, որը 2 տարի է Հայաստանում է՝ անտառի պահպանության առաքելությամբ:
Դիլիջանում իր բաժին ծառը տնկեց բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը:
«Պետական ծրագրի շրջանակներում այս մարզում եւ Գեղարքունիքում իրականացվում է բնական
պաշարների կառավարման, չքավորության նվազեցման ծրագիր, որտեղ ներգրավված է 100 համայնք:
Միայն այս տարի 50 համայնք կստանա 40 հազար տնկի: Այդ ծրագիրն այս ծառատունկի հետ
համեմատելի չէ. սա համընդհանուր, ներքին, մեր սրտից բխած ծրագիր է»,- ասաց Վ. Այվազյանը:
Կազմակերպիչների կարծիքով, ելնելով բնակչության ոգեւորությունից, ավելի շատ է տնկվելու,
քան նախատեսված 3.200.000-ը, որը խորհրդանշում է՝ «յուրաքանչյուր մարդ մեկ ծառ պետք
է տնկի»: «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Դիլիջանի քաղաքային հիվանդանոցին
նվիրեց դեղամիջոցներ, որը կբավարարի մոտ 1 տարի: Դեղորայքի ընտրությունը կատարվել
է տեղի բժիշկների մասնակցությամբ: Հիվանդանոցը վերանորոգվում է. մի մասնաշենքն արդեն
պատրաստ է: Հիվանդանոցում աչքի բժիշկ չկա, բայց քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը նշեց,
որ շուտով կունենան: Հաջորդ շաբաթ ակցիան շարունակվելու է Արմավիրի մարզում,
շուտով նաեւ՝ Երեւանի բոլոր համայնքներում: ԱՐԵՎ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել