Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿՐԾԱԾ ԿՈՒԿՈՒՌՈՒԶԻՑ» «Կ»-Ն Է ՄՆԱՑԵԼ

Մարտ 21,2006 00:00

Իսկ դրա տեղում դեռ հայտնի չէ, թե ինչ են կառուցելու

Երիտասարդական պալատի շենքը համարյա հողին է հավասարեցված, «կրծած կուկուռուզն» արդեն չկա, մնացել են լողավազանն ու կից կառույցները: Շուրջ մեկուկես տարի առաջ, երբ անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանին հարցրինք, թե հնարավո՞ր է, որ շենքի նոր սեփականատեր «Ավանգարդ մոթորս» ընկերությունը պալատը քանդի, ճարտարապետն առանց երկմտելու ասաց. «Չէ, ի՞նչ եք ասում, ո՞վ թույլ կտա, պալատը Երեւանի այցեքարտի բաղկացուցիչ մասն է կազմում, դա հնարավոր չէ»: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ ընկերության նախագահ Էդուարդ Ավետիսյանի ձեռքը որեւէ մեկը չկարողացավ բռնել՝ պալատը հողին հավասարեցվեց:

Ասել, որ կառույցը խարխուլ էր կամ փլվում էր, ինչպես հավաստիացնում էին նախագահը կամ նրա պաշտպանները, մասնագետների կարծիքով՝ ճիշտ չէ: Այն ուներ ամրացվելու խնդիր եւ ընդամենը: Ուներ նաեւ ներքին ձեւափոխման խնդիր, որպեսզի հարմարեցվեր ժամանակակից պահանջներին ու նոր սեփականատիրոջ քիմքին: Շուրջ մեկուկես տարի առաջ, երբ քանդել-չքանդելու հարցը դեռ դրված էլ չէր, Երիտասարդական պալատի նախագծող ճարտարապետը՝ Հրաչիկ Պողոսյանը, մեր տեղեկություններով՝ աշխատում էր հենց այդ խնդիրների լուծման տարբերակի վրա: Նաեւ՝ որ աշխատանքները կիսատ են մնացել. ընկերության նախագահը «պլավնի» դադարել է հետաքրքրվել դրանցով, նախընտրելով քանդել կառույցը: «Այո, մի քանի նախագծային տարբերակ արել էինք, որ պալատն իր արտաքին տեսքը պահպանելով՝ սեփականատիրոջ պահանջները բավարարող կառույց դառնար, բայց չգիտես ինչու՝ կիսատ մնաց»,- «Առավոտի» հարցին պատասխանեց Հ. Պողոսյանը: Նա կտրականապես բացասաբար էր վերաբերվում շենքը քանդելուն՝ «քանդելը հեշտ է, ո՞վ չի կարող անել, կառուցելն է դժվար»: Ինչ վերաբերում է պալատի խարխուլ վիճակին, ապա ճարտարապետը նույնպես կողմ էր իր գործընկերներից շատերի կարծիքին. «Այդ վարկածը հնարել են, որպեսզի քանդելը դրանով արդարացնեն: Պալատն ամենեւին էլ խարխուլ վիճակում չէր: Այն կարելի էր հիանալի վերանորոգել ու պահպանել»:

Հետաքրքիրն այն է, որ սեփականատերն առայսօր չունի եւ Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդին չի ներկայացրել իր պատկերացրած կառույցի նախագիծը: Երեկ քաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանն աղոտ բացատրություն տվեց. «Կարծեմ էսքիզներ արել են եւ առաջիկայում կներկայացնեն: Նախագծի մրցույթը կայացել է, բայց չգիտեմ՝ ով է շահել: Կառուցապատման համար մենք ժամանակ չենք սահմանել, բացի այդ՝ այնտեղ դեռ գործեր կան անելու»:

Թե ի՞նչ է կառուցվելու պալատի տեղում՝ ոչ մեկին հայտնի չէ: Ընդամենը լսել են, որ՝ «հյուրանոց»: Ընդհանրապես ճի՞շտ է, արդյոք, մայրաքաղաքի արտաքին տեսքի՝ ըստ սեփականատերերի ցանկությունների սրբագրումը: Չէ՞ որ քաղաքի ցանկացած կառույց ժամանակի ընթացքում դառնում է բնակիչների կենսագրության մասնիկը: Կգա ժամանակ, երբ էլ հիշեցնող մի կառույց չի մնա, որ ասենք՝ «այստեղ եմ ծնվել, այստեղ՝ մեծացել»: Երեւանի տեսքը բնորոշող մի քանի խոշոր կառույցների հեղինակ Հ. Պողոսյանը բացասաբար էր վերաբերվում քաղաքի այսօրինակ ձեւափոխմանը, որն ավելի շուտ՝ բնաջնջման է նման. «Երեւանը որպես օրգանիզմ՝ կարելի էր փոփոխել, բայց այնպես, որ այն չվերածվեր մի նոր քաղաքի: Թե չէ՝ 3000 տարվա պատմություն ունեցող քաղաք է, բայց մարդավարի պահված 100 տարվա շենք էլ չունենք, հետո էլ մեր բազմադարյա մշակույթից ենք խոսում»:

Ինչ վերաբերում է Կինոյի տան ճակատագրին, ապա գլխավոր ճարտարապետը երեկ հստակեցրեց, որ նախնական տարբերակով տեղում կառուցվելու է 21 հարկանի բնակելի, ավելի շուտ՝ բազմապրոֆիլ շենք, սակայն «դեռ վերջնական տարբերակը հաստատված չէ, երբ հաստատվի՝ կդնենք հասարակական քննարկման»: Նա նշեց, որ բարձրահարկ շենքն այս հատվածում քաղաքաշինական տեսանկյունից վատ չի դիտվում:

Երեկ Ս. Դանիելյանից հետաքրքրվեցինք նաեւ կայարանամերձ հրապարակի հյուրանոցի կիսակառույց շենքի ճակատագրով: Հայտնի է, որ շուրջ 10 տարի առաջ շենքն այդ վիճակով մասնավորեցվել է մի սփյուռքահայի, որն այդպես էլ չի հետաքրքրվել իր գնածով: «Քաղաքապետարանն այժմ դատական գործընթաց է սկսել նրա կազմակերպության՝ «Բիլդ» ՍՊԸ-ի դեմ, կառուցապատման համար տրված ժամկետները խախտելու համար»,- սա էր մեր ստացած պատասխանը:

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել