Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզ-Ախալքալաք-Պեկին

Մարտ 21,2006 00:00

Փարիզ-Ախալքալաք-Պեկին
Եթե Հայաստանում Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչելաձեի՝ ՄԱԱ-ում
մատուցած երեկվա ասուլիսը կոչված էր որոշ նուրբ հարցերի նույնքան նուրբ պարզաբանումներ
տալուն, ապա դժվար թե այն ծառայեց իր նպատակին: Անդրադառնալով Ծալկայի դեպքերին՝
դեսպանը նախ փոքրիկ պատմական էքսկուրս կատարեց, որի ընթացքում պնդեց, թե խնդրո առարկա
տարածաշրջանում հոռոմները (հույները), ինչպես եւ հայերը եկվորներ են եւ այնտեղ հաստատվել
են 19-րդ դարի սկզբներին: Ինչպես հայտնի է, ժամանակակից դիվանագիտության եւ քաղաքական
փոխհարաբերությունների ոլորտում պատմությունը հարաբերություններ պարզելու թերեւս
ամենավատ ու անարդյունավետ գործիքն է: Այստեղ չի օգնում անգամ հնարավորինս ճշմարտացի
եւ օբյեկտիվ պատմությունը, ուր մնաց թե՝ Գաչեչելաձեի ներկայացրած խիստ կասկածելի
մեկնությունը: Մանավանդ, հասկանալի չէ, թե ինչ նպատակ էր հետապնդում ընդհանուր բնույթի
ճշմարտությունների ֆոնին (տարածաշրջանում կուտակված սոցիալ-տնտեսական հարցերի, Ծալկայում
կատարված սպանության շարժառիթների եւ այլ խնդիրների մասին) նման անհեթեթ ու վտանգավոր
«բացահայտումներ» կատարելը: Ինչեւէ, Վրաստանի դեսպանն ասաց, թե իր երկիրը
ցավակցում է Հայաստանին անցյալ դարասկզբի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ,
միեւնույն ժամանակ ընդգծելով, որ ցեղասպանության ճանաչումը խորհրդարանի եւ կառավարության
առանձնաշնորհն է: «Մենք պետք է հաշվի առնենք ոչ միայն մեկ կողմի շահերը, այլ նաեւ
միջազգային իրադրությունը: Երբ պահը հասունանա, կանենք հնարավոր ամեն ինչ՝ բարեկամ
ժողովրդի հետ առավել համերաշխ լինելու համար»,- թեման եզրափակեց Վրաստանի դեսպանը:
Խոսելով «Կարս-Գյումրի» երկաթգծի վերագործարկման հնարավորության մասին՝ Գաչեչելաձեն
նշեց, որ դա Հայաստանի խնդիրն է: «Միամիտ պետք չէ լինել ենթադրելու համար, թե Վրաստանը
կարող է ազդել Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա: Նույնիսկ ԵԱՀԿ-ն դա չի կարողանում: Այդ
երկաթգիծը պատանդ է ԼՂ հակամարտության ձեռքին: Եթե ձեզ հաջողվի լուծել այն, Վրաստանը
միայն ուրախ կլինի, սակայն մենք չենք միջամտելու»,- հայտարարեց Ռեւազ Գաչեչելաձեն՝
շարունակելով. «Վրաստանը մեղավոր չէ Գյումրի-Կարս երկաթգծի չշահագործման մեջ, եւ
դա չպետք է առիթ դառնա, որ Վրաստանը զրկվի «Կարս-Ախալքալաք» երկաթգծից»: Դեսպանի
կարծիքով, հայերս պետք է շատ ուրախ լինենք, քանի որ «Կարս-Ախալքալաք» երկաթգծի շահագործման
դեպքում Ախալքալաքը կդառնա տարանցիկ կենտրոն. «Պատկերացնո՞ւմ եք, Ախալքալաքով կանցնի
Փարիզ-Պեկին երկաթգիծը: Դա նշանակում է, որ Ախալքալաքում աշխատատեղեր կբացվեն»,-
ոգեւորեց ՄԱԱ-ի հյուրը: Ինչպես եւ կարելի էր սպասել, Գաչեչելաձեն քննադատության
մի զգալի պաշար «հատկացրեց» Ռուսաստանին, իսկ ասուլիսի ավարտին հարց ուղղեց լրագրողներին.
«Եթե Հայաստանն այդքան մտահոգված է Ջավախքի հայերի սոցիալական վիճակով, ինչո՞ւ ձեր
մեծ սփյուռքը ներդրումներ չի կատարում Ջավախքում, ասենք՝ գործարան չի կառուցում»:
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել