Մոսկվայում անցած շաբաթ
կայացած Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ
նիստն առանձնացել է հայ պատգամավորների քննադատական ելույթներով: Բացման խոսքում
իսկ՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, նման անսպասելի կոշտ ելույթ
է ունեցել Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Վահան
Հովհաննիսյանը: Նախ հիշեցրել է, թե պայմանավորվել են, որ հավաքվում են որոշակի հարցեր
լուծելու եւ ոչ թե միմյանց հաճոյախոսելու համար: Եվ հայտարարել, թե այսօր Հայաստանում
ոչ միայն ընդդիմադիր, այլ նաեւ իշխանական քաղաքական շրջանակներում են տարածված հակառուսական
տրամադրությունները, եւ որ դրանք ունեն մի շարք օբյեկտիվ պատճառներ: Նկատելով, թե
տնտեսական շահերն այսօր Ռուսաստանի համար ավելի կարեւոր են, քան բարեկամական հարաբերությունները՝
Վահան Հովհաննիսյանը նկատել է, թե այսօր Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը թելադրում
են «Գազպրոմը» եւ «Լուկօյլը»: Ոչ պակաս սուր ելույթ է ունեցել նաեւ հայ-ռուսական
միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ, «Արդարություն» խմբակցության
պատգամավոր, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը: Նա հայտարարել է, թե Հայաստանի էներգետիկ
հզորությունների եւ ձեռնարկությունների ձեռքբերումը չի խթանում հայ-ռուսական հարաբերությունների
զարգացմանը: Տեսակետ է հայտնել, թե ռուսական կողմի համար առավել արդյունավետ կլիներ
համատեղ ձեռնարկությունների ստեղծումը: Իր ելույթում Արամ Սարգսյանը, ըստ իր վերաշարադրանքի,
նշել է. «Ասացի, որ եթե Ռուսաստանն ընդհանրապես ուզում է հարաբերություններ ունենալ
կովկասյան երկրների հետ՝ պետք է հաշվի առնի, որ հիմնական նպատակը պիտի լինի այդ երկրների
տնտեսությունը զարգացած արդյունաբերությամբ պետությունների մակարդակին հասցնելը:
Եվ Ռուսաստանը կունենա վարողի իր դերը, բայց հարաբերությունները պետք է լինեն գործընկերային:
Շատ օրինակներ բերեցի, բայց ամենագլխավորն էր՝ ասացի, թե վստահելի հարաբերություններ
չեն լինի հայերի հետ, եթե ռուս բարձրաստիճան պաշտոնյաների գլուխներում մինչեւ հիմա
այն միտքն է, թե հայերը գնալու տեղ չունեն: Ես ասացի, որ Հայաստանը կարող է եւս մեկ
անգամ անցնել ծանրագույն պայմաններով, բայց վերապրել, սակայն, թե ինչ է անելու Ռուսաստանը
Հարավային Կովկասում առանց Հայաստանի՝ մե՜ծ հարցական է»: «Արդարություն» խմբակցության
պատգամավորը նաեւ նշել է, թե Ռուսաստանն իր քաղաքական վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների
վարած քաղաքականության նկատմամբ «բազմաթիվ դեպքեր կան, որ տեղափոխում է հայ հասարակության
վրա, որը ես համարում եմ անընդունելի: Նշեցի, որ եթե դուք դժգոհ եք կամ ինչ-որ խնդիրներ
ունեք իշխանության հետ՝ չպիտի անդրադառնա ողջ հասարակության վրա»: Այս նիստում
թեեւ առաջնայինը հումանիտար հարցերն էին, սակայն հայ պատգամավորների ելույթների միջոցով
լուրջ հարցադրումներ են ներկայացվել գազի գնի, երկաթգծի աբխազական հատվածի եւ Իրան-Հայաստան
գազատարի կառուցման վերաբերյալ: Հայաստանի համար ռուսաստանյան գազի սակագների
դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը առանձին կետով նշվել է հայ-ռուսական միջխորհրդարանական
համագործակցության հանձնաժողովի նիստի արդյունքներով մարտի 15-ին ընդունված արձանագրության
մեջ: Ավելի որոշակի՝ պայմանավորվել են, թե գազի գնի կապակցությամբ դիմելու են գործադիր
իշխանությանը՝ Հայաստանի համար ավելի նպաստավոր պայմաններ ստանալու ակնկալիքով: Արձանագրության
մեջ նաեւ նշված է. «Միջխորհրդարանական հանձնաժողովը նպատակահարմար է գտնում դիմել
ՌԴ եւ Հայաստանի կառավարություններին՝ խնդրանքով, որ դիտարկվի երկու երկրների միջեւ
ապրանքաշրջանառության սակագնային քաղաքականության նորմատիվ կարգավորման հնարավորությունը»:
Միջանկյալ նշենք, որ հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահող Նիկոլայ Ռիժկովը
նիստից հետո լրագրողներին հայտնել է, թե միայն նախօրեին է տեղեկացել, որ Հայաստանի
համար գազի գները բարձրացել են, եւ նկատել է. «Բարեկամների հետ այդպես չեն վարվում»:
ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը նշեց, որ «Ռուսաստանի Դաշնության ռազմավարական
գործընկեր Հայաստանը գրեթե բացակայում է ռուսաստանյան հեռուստաէկրանին»: Եվ հայտնեց,
թե նիստի արձանագրության մեջ առանձին կետով նշվել է տվյալ խնդրի լուծմանն ուղղված
քայլերի ընդունման անհրաժեշտությունը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ.
Գ. Արձանագրության մեջ մի ուշագրավ կետ էլ կա. «Փոխադարձաբար աջակցել հայերենի՝ որպես
էթնոազգային տարրի, ՌԴ կրթական համակարգում ուսումնասիրմանը եւ տարածմանը»: