«Համալրե՛ք սրբերի դասը» Առաջարկում է Հայ մտավորականների համազգային խորհրդի համակարգող Ռաֆայել Համբարձումյանը Նա վերջերս «որդիական ակնածալի հնազանդությամբ» առաջարկություններ է ներկայացրել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին, Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արք. Մանուկյանին, Պոլսո պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանին, ու խնդրել, որ հայ եկեղեցու սրբերի դասը լրացնելու նախապատրաստական աշխատանքներում հաշվի առնել դրանք: «Հայտնի է, որ Հայաստանյայց եկեղեցու կանոնական վերջին սուրբը Մովսես Տաթեւացի Հայրապետն է։ Ասել է թե՝ Հայաստանյայց եկեղեցին առաջին անգամ, վերջին երեք հարյուր տարում՝ պիտի լրացնի մեր եկեղեցու սրբերի դասը։ Վերին աստիճանի պատասխանատու այս գործը կարոտ է մանրազնին եւ խիստ զգույշ գիտահետազոտական աշխատանքի, համահայկական միասնական ու համերաշխ ջանքերի։ Պատշաճ է, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու սրբադասության լրացումը դառնա նաեւ հայ ժողովրդի բոլոր հատվածների միասնությունը կերտող գործողություն»,- գրում է պրն Համբարձումյանը։ Նրա խոսքով՝ համահայկական բանիմաց մասնագիտական հանձնաժողովը սրբադասման ենթակա այրերի ու հավաքականության ցանկը կազմելիս նախ պետք է քննի առկա բոլոր նյութերն ու առաջարկությունները՝ հիմք ընդունելով Հրաչյա Աճառյանի եւ Հակոբ Մանանդյանի կազմած «Հայոց նոր վկաները» ժողովածուն (1903թ.), որն ամփոփում է 1155-1843 թթ. նահատակված սրբերի կենսագրական տվյալները։ Ռաֆայել Համբարձումյանը հոգեւոր պատասխանատուներին առաջարկում է Սրբերի շարքում դասել հետեւյալ գործիչներին. «Հայ ժողովրդի նախահայր Հայկ Նահապետին, որի անունով կոչվում ենք հայ, Արամ Նահապետին, որի անունով օտարները մեզ անվանում են արմեն, Արա Գեղեցիկին, որը ընտանիքի հոր, ամուսնու սրբության, նաեւ բարոյականության խորհրդանիշ է…Ոմանք կարող են առարկել, թե նշված սրբերը քրիստոնեությունից առաջ են ապրել ու գործել։ Մենք կարող ենք բերել Հին Կտակարանի շատ սրբերի անուններ, որոնք մտել են մեր եկեղեցու սրբերի ցանկը»,- գտնում է Հայ մտավորականների համազգային խորհրդի համակարգողը։ Ռ. Համբարձումյանի առաջարկած ցանկում են միջնադարի հետեւյալ գործիչները՝ Հայ եկեղեցու տիեզերալույս հայրերից Ներսես Լամբրոնացին, Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին, հայոց եւ աշխարհի առաջին սահմանադրության հեղինակ Հակոբ Շահամիրյանցը, Մխիթարյան միաբանության անդամ, Հայոց պատմության նոր շրջանի ուսումնասիրության հիմնադիր Միքայել Չամչյանցը, բանաստեղծ եւ սրբակենցաղ կրոնավոր Ղեւոնդ Ալիշանը: Առաջարկության հեղինակը համոզված է, որ, անկասկած, սրբերի շարքում պիտի դասվի հայ երաժշտական մշակույթի երախտավոր Կոմիտաս վարդապետը, իսկ Հայաստանյայց եկեղեցու նահատակների ու վկաների շարքում՝ 1915-1923 թթ. Արեւմտահայաստանում, Կիլիկիայում եւ Հայաստանի Առաջին Հանրապետութունում Թուրքիայի, ցարական ու բոլշեւիկյան Ռուսաստանի կազմակերպած Հայոց մեծ եղեռնի զոհերը, նաեւ այդ ընթացքում հանուն քրիստոնեության ու սեփական հոտի փրկության նահատակված տասնյակ անհատներ, որոնց ցանկը պիտի կազմվի առանձին եւ մուծվի սրբերի շարքը։ Ռ. Համբարձումյանը չի մոռացել նաեւ Ամենայն հայոց Խորեն Մուրադբեգյան նահատակ կաթողիկոսին, «1921-1949 թթ. բոլշեւիզմի համատարած ահաբեկչությանը զոհ դարձած հայ եկեղեցականությանը, մտավորականությանը, գրական, մշակութային, զինվորական ու ազգային գործիչներին, որոնց հավաքական անունը կարելի է կնքել՝ Խորենեանք»: Համբարձումյանի ներկայացրած առաջարկությունների ցանկից չէին կարող բացակայել խորհրդային բանտերում նահատակված եւ հայրենասիրությունից չհրաժարված Գարեգին Նժդեհը, 1921-1955 թթ. բոլշեւիզմի համատարած ահաբեկչությանը զոհ գնացած հայ նահատակներն ու վկաները, որոնց միասին ինքն անվանում է՝ Նժդեհականք: Պատրաստեց Գ. ՀԱԿՈԲՅԱՆԸ