ՊԱՐՏՎԵԼ ԵՆ ՏԱՐԲԵՐ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ Երեկ շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 66-րդ եւ կանանց 60-րդ առաջնության ընթացքին հետեւում էին նաեւ օրերս Եկատերինբուրգում ընթացող աշխարհի առաջնությունում անհաջողության մատնված գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը: Հասկանալի է, նրանց հետ զրուցելու հարմար առիթը ձեռքից բաց թողնել չէր կարելի: Սկզբում զրուցեցի Լիլիթի հետ: – Հազվադեպ է պատահում, որ հենց առաջին տուրից հետո դուրս մնաս պայքարից, որքան էլ բարձրակարգ մրցում լինի: Ինչպե՞ս պատահեց: – Ծանր մրցախաղ էր: Առաջին երկու պարտիաներում էլ մեծ առավելություն ունեի: Բայց չկարողացա իրացնել, ու դրանք ավարտվեցին ոչ-ոքի: Ափսոսում եմ հատկապես մեկնարկային պարտիայի համար, որում, կարելի է ասել, հաղթած դիրք ունեի: Դե, արագ շախմատի ժամանակ հոգնածությունս զգացնել տվեց: Իսկ չորրորդ պարտիան շատ վատ խաղացի: Այլեւս ուժ չէր մնացել: – Լավ չէի՞ր նախապատրաստվել: – Ոչ այնքան: Իր սեւ դերը կատարեց հունվարի 20-ին ավտովթարի ենթարկվելս: Թեւս էի կոտրել, ուղեղի ցնցում ստացել: Բժիշկները մի որոշ ժամանակով կտրականապես արգելել էին շախմատով զբաղվել: Բաց թողեցի Արզնիում անցկացված հավաքը, «Աերոֆլոտի» բաց մրցաշարը: Հետո, երբ ամեն բան որոշ չափով կարգավորվեց, աշխարհի առաջնությունից անմիջապես առաջ մարզչիս՝ Արսեն Եղիազարյանի եւ գրոսմայստեր Կարեն Ասրյանի հետ միասին մասնակցեցի Սմբատ Լպուտյանի՝ կրկին Արզնիում կազմակերպված հավաքին: Շատ լավ էինք նախապատրաստվել հատկապես սկզբնախաղերին, դրա համար էլ Եկատերինբուրգում սկզբնախաղերից հետո մեծ առավելություն էի ստանում: Սակայն, ինչպես պարզվեց, պետք էր ուշադրություն դարձնել նաեւ ֆիզիկական պատրաստվածությանս վրա: Դրա պատճառով վատ հանդես եկա: Ուժերս չբավականացրին դիմանալու լարվածությանը: – Շուտով Ստամբուլում մեկնարկելու է Եվրոպայի անհատական առաջնությունը: Մասնակցելո՞ւ ես: – Անպայման գնալու եմ: Բայց այս անգամ պետք է աշխատեմ նաեւ ֆիզիկապես լավ պատրաստվել, որպեսզի աշխարհի առաջնության նման ուժասպառ չլինեմ ու մի սխալի պատճառով ամեն ինչ չփչացնեմ: Էլինան թեեւ առաջին արգելքը հաղթահարեց, պայքարից դուրս մնաց երկրորդ տուրի ավարտից հետո, չնայած զիջեց ուժեղ մրցակցի՝ ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկին: – Ի՞նչ կասես քո մրցելույթի մասին: – Բնականաբար, գոհ չեմ: Բայց ինձ վրա շատ ազդեց հատկապես ռումինացի Ֆոյշորի հետ առաջին մրցամարտի երկրորդ թայ-բրեքը: Անչափ ծանր էր: Այն ավարտվեց շատ ուշ: Հյուրանոց հասա գիշերը 1.30-ին: Ուզում էի ուղեղս անջատել, չստացվեց: Ամբողջ գիշեր չկարողացա քնել: Իսկ հաջորդ օրը կրկին պետք է խաղայի: Չէի զգում, թե ինչքան ժամանակ եմ ծախսել, ինչքան է մնացել: Ինքս ինձ գցեցի ցայտնոտի մեջ: Ալեքսանդրան հաղթելու ոչ մի հեռանկար չուներ: Ոչ-ոքի անելու իրական հնարավորություն կար, բայց սխալ ընտրություն կատարեցի ու տանուլ տվեցի: Երկրորդ պարտիայում արդեն խանգարեց ավելորդ զգացմունքայնությունը, 0:1 հաշվով զիջելու մասին մտածմունքը: Այդուհանդերձ, կարծում եմ վատ չխաղացի: Կայուն առավելություն ունեի: Գնացի ռիսկի: Ցանկանում էի նրան սադրել սխալ շարունակություն ընտրել: Չստացվեց: Մեկ-երկու ճշգրիտ քայլ, ու պարտիան ավարտված էր: Այնպես որ, պարտվեցի միայն իմ հիմարության պատճառով: – Լիլիթը վատ նախապատրաստվելու հարգելի պատճառ ունի: Իսկ դո՞ւ: – Ես ընդամենը մեկ շաբաթ ժամանակ ունեցա: Մասնակցում էի «Aeroflot Open»-ին, հետո Ֆրանսիայում տղամարդկանց միջազգային մրցաշարի մասնակցեցի, որտեղ 9 հնարավորից վաստակեցի 6,5 միավոր եւ վեց հարյուրից ավելի մասնակիցների մեջ կանանց պայքարում բաժանեցի 1-6-րդ տեղերը: – Եկատերինբուրգ գնացել էիր առանց մարզչի՞: – Այո: Անցած տարի ինձ օգնում էր բելառուսցի գրոսմայստեր Անդրեյ Կովալյովը: Մինչեւ մեկնելս օգնում էր Տիգրան Նալբանդյանը: Բայց նա չէր կարող գալ, քանի որ մասնակցելու էր Հայաստանի առաջնությանը: Այս անգամ էլ Անդրեյի հետ պայմանավորվել էինք, որ եթե երկրորդ փուլն անցնեմ, գա: – Հիմա ի՞նչ ծրագրեր ունես: – Մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Ուզում եմ այնտեղ լավ խաղ ցուցադրել: – Մարզվո՞ւմ ես: – Ժամանակ կա: Բայց առայժմ հանգստանում եմ: Պետք է նյարդերը թուլացնել: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ