Եթե պետությունն ավելի շատ աջակցի Օրերս կառավարությունը հանրապետությունում մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու նպատակով պահուստային ֆոնդից 50 միլիոն դրամ է հատկացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: «Առավոտը» ՀՖՖ-ում հետաքրքրվեց, թե դրա հետ կապված ի՞նչ ծրագրեր կան: Ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանից տեղեկացանք, որ գումարը տրամադրվել է Եվրոպայի առաջնության ընտրական, եթե ստացվի, նաեւ «էլիտ» փուլերին ու եզրափակիչ մրցաշարին Հայաստանի մանկապատանեկան հավաքականների պատշաճ մակարդակով մասնակցելու նպատակով: Նույնքան գումար անցած տարի էլ էր տրամադրվել, որն ամբողջությամբ ծախսվել է մանկապատանեկան հավաքականների վրա: Ու թեեւ դա կազմել է ֆեդերացիայի կատարած ամբողջ ծախսի մոտ մեկ-երրորդ մասը միայն, այդուհանդերձ, աջակցությունը ծառայել է նպատակին ու հաջողություններն ակներեւ են եղել (17 տարեկանների հավաքականը ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ մտավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ): Այս տարի էլ գումարն օգտագործվելու է նույն նպատակով՝ կտրամադրվի պատանեկան հավաքականների առջեւ դրված խնդիրների լուծմանը: Ի տարբերություն նախորդ մրցաշրջանի, մեր երիտասարդական հավաքականը, որը նույն օլիմպիականն է, Եվրոպայի առաջնությունում հանդես է գալու ազգայինից առանձին, հետեւաբար, նրա առջեւ 2008-ին Պեկինի օլիմպիական խաղերի ուղեգրի համար պայքարելու լավ հեռանկարներ են բացվում: Բացի դա, 17 տարեկանների Եվրոպայի առաջնության փուլերից մեկը նշանակված է Հայաստանում, որին, բնականաբար, նույնպես հարկ է պատշաճ նախապատրաստվել՝ ոչ միայն լավ մասնակցության առումով: Ա. Մինասյանը տեղեկացրեց, որ ՈՒԵՖԱ-ն հայաստանյան մրցաշարին տալու է ընդհանուր գնահատական՝ թե կազմակերպչական, թե որակական, թե տեսանելի կամ անտեսանելի այլ առումներով: Ընդ որում, այդ գործընթացն արդեն իսկ սկսվել է: Օրինակ, ապրիլի 3-7-ը Երեւանում է լինելու ՈՒԵՖԱ-ի համապատասխան պաշտոնյան, որը տեղում ծանոթանալու է ֆեդերացիայի ենթակառուցվածքներին, մրցաշարի անցկացումը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու մեր ծրագրերին, խաղադաշտերի վիճակին եւ այլն: «Սա Հայաստանի համար հեղինակության հարց է, իսկ հայկական ֆուտբոլի համար՝ նաեւ ապագայի,- ասաց Ա. Մինասյանը:- Նման կարգի ցանկացած միջոցառում, բացի աշխարհով մեկ երկրի անունը հնչեցնելուց, նաեւ ֆինանսական մեծ ներհոսքի աղբյուր է: Ինչ վերաբերում է մեր ֆուտբոլի ապագային, հաջող անցնելու, բավարար գնահատվելու դեպքում, հնարավոր է՝ նոր մրցաշարեր վստահվեն Հայաստանին, ինչը նաեւ ֆուտբոլի տարածում ու զարգացում է ենթադրում: Համոզված ենք, որ ֆեդերացիան այս ընթացքում մենակ չի մնա: Կլինի պետության ու համապատասխան մյուս օղակների աջակցությունը»: Քանի որ խաղերը նախատեսված է անցկացնել Վազգեն Սրագսյանի անվան «Հանրապետական» եւ «Նաիրի» մարզադաշտերում, հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ ՈՒԵՖԱ-ն արգելի «Նաիրի» մարզադաշտում խաղեր անցկացնելը, որովհետեւ նույն ՈՒԵՖԱ-ն հենց միայն ֆուտբոլիստների ու հանդիսականների անվտանգության ապահովման նկատառումներով խիստ պահանջներ է դնում իր հովանու ներքո անցկացվող մրցումները սպասարկող դաշտերի առջեւ: Իսկ «Նաիրիի» շրջապատը, «Փյունիկ» ակումբի հաշվեկշիռ անցնելուց անմիջապես հետո, ողողվել է բենզալցակայաններով: – Շատ ցավոտ հարց շոշափեցիք: Նման վտանգ կա: Այդ խնդրով, որքան տեղյակ եմ, համապատասխան պաշտոնյաները զբաղվում են: Կաշխատենք, որպեսզի խոչընդոտներ չլինեն: Իսկ եթե հարցեր առաջանան, կրկին կդիմենք իշխանություններին: Համենայնդեպս՝ քննարկվում է նաեւ «Հրազդան» մարզադաշտի թեկնածությունը: Բայց այնտեղ էլ սանհանգույցների վիճակն է անմխիթար: «Հրազդանի» տնօրինությունը պլանավորում է դրանք վերացնել: Եթե ժամկետներում տեղավորվեն ու մենք էլ կարողանանք ֆուտբոլասերների պատշաճ հաճախելիություն ապահովել, որը նույնպես ՈՒԵՖԱ-ի համար գնահատումի չափանիշ է, այդ մարզադաշտն էլ կներգրավվի: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ