Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՊԻԿԸ

Մարտ 18,2006 00:00

ՊԱՊԻԿԸ ՄԵՆԱ՞Կ Է ՄՆԱՑԵԼ ԳԱԱ նախագահության կողմից վերջերս ստեղծված հատուկ հանձնաժողովն արդեն մեկ ամիս է՝ ուսումնասիրում է ակադեմիկոս Անրի Ներսիսյանի մեղադրանքները՝ ուղղված նախագահությանը եւ նախագահ Ֆադեյ Սարգսյանին: Դրանք հիմնականում վերաբերում են ֆինանսական չարաշահումներին: Այսօր Անրի Ներսիսյանը պնդում է, որ հանձնաժողովի աշխատանքները բնականոն հունով չեն ընթանում, որովհետեւ Ֆ. Սարգսյանը հրահանգել է աշխատակազմին՝ չտրամադրել ոչ մի փաստաթղթի պատճենը: Մենք դիմեցինք Ա. Ներսիսյանին հարցով, թե ի՞նչ երաշխիքներ ուներ նա, որ հանձնաժողովը անկախ էր գործելու, չէ՞ որ անդամները հիմնականում ԳԱԱ նախագահի համակիրներն էին: «Ընդհանրապես իմ համաձայնությունը պետք է լիներ ցանկացած դեպքում, ես պարտավոր էի մասնակցել այդ աշխատանքներին, որովհետեւ նախագահությունն էր որոշել դա: Տեսնենք: Ես հակված չեմ հիմա խոսել հանձնաժողովի աշխատանքների մասին, բայց կան հանգամանքներ, որ բացասաբար են ազդում հանձնաժողովի աշխատանքի վրա,- ասում է պրն Ներսիսյանը՝ ավելացնելով, որ մինչեւ վերջերս աշխատանքները նորմալ ընթացք են ունեցել: «Փաստորեն ինձնից թաքցնում են փաստաթղթեր, որոնք անմիջականորեն կապված են իմ մեղադրանքների հետ: Ծաղրանք է պարզապես, երբ ասում են, որ պրեզիդենտը չի թողնում փաստաթուղթ տրամադրել: Ընդհանրապես ցանկացած մարդ, ըստ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի, իրավունք ունի դիմել ցանկացած հիմնարկություն եւ որոշակի ժամկետում ստանալ պատասխան: Իսկ այս դեպքում սահմանափակվում է իմ՝ այս հանձնաժողովի անդամիս իրավունքը նաեւ: Հենց ինքը՝ նախագահը պետք է շահագրգռված լիներ՝ բոլոր փաստաթղթերը դնել սեղանին. դա է ճանապարհը, որով նա պետք է արդարանար: Պետք է ասեմ, որ ես մի փաստաթուղթ ստացել եմ, եւ հրաժարվել իմ մեղադրանքների մի ենթակետից, քանի որ տեղյակ չէի համապատասխան հրամանագրի մասին, որ ընդունել էր կառավարությունը. խոսքը վերաբերում է վերահսկիչ հանձնաժողովի լուծարմանը. պարզվում է՝ բոլոր հիմնարկներից է դա հանված: Պատրաստ եմ նույնիսկ ներողություն խնդրել նախագահից՝ դրա համար»: Հենց սկզբից մտավախություն կար, որ Անրի Ներսիսյանին ընդգրկել են այս հանձնաժողով, որպեսզի նրա ձեռքի տակ եղած փաստերին ծանոթանալով՝ դրանց համապատասխանեցնեն որոշ «վտանգավոր» փաստաթղթեր: «Հենց այդպես էլ ստացվում է: Եթե մինչեւ հիմա ասում էին, որ ժամանակ է պետք այդ բոլոր փաստաթղթերը հանելու համար, ապա հիմա պարզապես հեռվից են ցուցադրում, եւ դա ես պետք է հալած յուղի տեղ ընդունեմ: Ծիծաղելին այն է, որ ԳԱԱ նախագահը իր մոտ է պահում եւ չի տրամադրում նաեւ նախագահության կանոնադրությունը: Ուրեմն այնտեղ մի կետ կա, մի պատճառ կա, որ չի տալիս: Նա իր ամբողջ աշխատակազմին է հրամայել, որ ոչ մի փաստաթղթի պատճենը չտան: Իսկ դա անօրինական հրաման է: Որովհետեւ նախագահությունն ավելի բարձր է, քան նախագահը: Նախագահը ոչ մի իրավունք չունի նախագահության կողմից ստեղծված հանձնաժողովին թղթեր չտալու մասին հրահանգ տալ, դա նշանակում է՝ միտումնավոր ճնշում գործադրել, որպեսզի ինչ-որ փաստեր չբացվեն»: Պրն Ներսիսյանը նաեւ հիշում է մի «ծիծաղաշարժ փաստ». գիտակազմակերպական բաժնի վարիչ Արամ Շահինյանից վերջերս խնդրել է նախագահության կազմը եւ բյուրոյի կազմը: Եվ նա խոստովանել է, որ որպեսզի այդ թուղթը տա, պետք է նախագահի համաձայնությունը: «Նրանք վախենում են նույնիսկ նման հասարակ մի ինֆորմացիա տալ: Պատկերացնո՞ւմ եք, ֆորմալ առումով, ընդհանուր ժողովը գերագույն ղեկավար մարմինն է, բայց, փաստորեն, նրա անդամները 0 են: Սրա հետ չի կարելի հաշտվել»: Երեկ խմբագրություն այցելեց ԳԱԱ ֆինանսական վարչության գլխավոր հաշվապահ Հռիփսիմե Հովհաննիսյանը եւ հայտնեց, որ որեւէ ճնշում իրենց վրա չկա: Այլ հարց է, որ տիկին Հովհաննիսյանն ի վիճակի չէ հանձնաժողովին անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը պատճենահանել եւ տրամադրել նրանց: Եվ ընդհանրապես Հ. Հովհաննիսյանը չի համաձայնել հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել, որովհետեւ, ըստ նրա, ֆիզիկապես անհնար է օրվա գործի հետ 13 տարվա վաղեմության փաստաթղթեր գտնել ու տալ: «Հրաժարվեցի, ազատման դիմում գրեցի, բայց Ֆադեյ Սարգսյանն ասաց, որ եթե հիմա ես դուրս գամ, կմտածեն մի բան այնպես չէ, եւ պրեզիդենտն է ասել, որ հրաժարվեմ, ասաց՝ ինչ փաստաթուղթ կուզեն՝ տվեք: Մեկ տարվա փաստաթղթերը տարել, տվել եմ, ինչ ուզում են, թող վերցնեն, պատճենահանեն: Ես չեմ ուզում դա անել, ես էլ բանուգործ չունե՞մ»: Միաժամանակ տիկին Հովհաննիսյանն իր վրա է վերցնում բոլոր մեղադրանքների պատասխանատվությունը, եթե այդպիսիք կան. «Եթե պրեզիդենտը պետք է սրանք գրեր (խոսքը ֆինանսական հաշվետվությունների մասին է- Հ. Բ.), էլ ինձ չէր պահի: Եթե կա ինչ-որ մեղադրանք, ապա դա ինձ է հասնում, ես ինձ վրա եմ վերցնում այդ ամենը, եթե այստեղ կա մի բան, ուրեմն ես եմ սխալ արել, օրենքը լավ չեմ հասկացել, բացթողում եմ արել, պրեզիդենտը ինչո՞ւ է պահում գլխավոր հաշվապահ»: Ընդհանրապես գլխավոր հաշվապահը աբսուրդ է համարում, որ ֆիզիկոսն ու մաթեմատիկոսը պետք է 13 տարվա հաշվետվություն ստուգի. «Ինքս մեղադրում եմ նախագահությանը, որ նման հանձնաժողով է ստեղծել, որտեղ ես ինձ պետք է ստուգեմ, հանձնաժողովում էլ ե՛ւ մեղադրողն է, ե՛ւ մեղադրվողը»: Հռիփսիմե Հովհաննիսյանի զարմանքն այսքանով չի սահմանափակվում. նա նաեւ չի հասկանում, թե ինչու են լռում գիտնականները եւ ինչու են նրանք մենակ թողել «պապիկին»՝ Ֆադեյ Սարգսյանին: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել