Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շենքը՝

Մարտ 18,2006 00:00

Շենքը՝ շրջափակման մեջ Ետընտրական հաշվեհարդար Թեեւ ՏԻՄ ընտրությունները մնացել են յոթ սարի ետեւում, սակայն ընտրապայքարի շորշոփը դեռեւս շարունակվում է: Համայնքների «նշանակված» ղեկավարները, օգտագործելով իրենց իշխանական լծակները, փորձում են «պատժել» այն բնակիչներին, ովքեր իրենց չեն ցանկացել տեսնել համայնքապետի աթոռին: Վանաձորում գործող քաղաքապետի մրցակցին՝ Գագիկ Հովսեփյանին սատարողները հայտնվում են աննախանձելի վիճակում: «Սեւ ցուցակում» է հայտնվել Գր. Լուսավորչի 52 շենքի առաջին հարկի արեւմտյան մասի տարածքի սեփականատեր Էդվարդ Խլղաթյանը, ում սեփականությունը հանդիսացող հիշյալ տարածքն արդեն ուղղակիորեն խեղդվում է քաղաքապետի «դաբրոյով» տեղադրված կրպակներով: Օրերս շենքի բնակիչները հերթական անգամ անակնկալի եկան՝ առավոտյան տեսնելով իրենց բակում հայտնված նոր կրպակը, որը փակում է ոչ միայն շենքի հիշյալ տարածքի լուսամուտները, այլեւ նրա առջեւ վաղուց արդեն հայտնված մեկ այլ տաղավարի: «Շենքը կարծես բլոկադայի են ենթարկել, ի՞նչ են ուզում մեզանից, չենք հասկանում, ոչ շարժվելու տեղ ունենք, ոչ շնչելու»,- բողոքում էին կրպակի մոտ հավաքված շենքի բնակիչները: Հարկ է նշել, որ քաղաքապետի եւ տարածքի սեփականատիրոջ՝ Էդվարդ Խլղաթյանի ջրերը վաղուց մի առվով չեն հոսում. վերջինս երկար տարիներ եղել է Վանաձորի համայնքի ավագանու անդամ եւ այն էլ՝ ընդդիմադիր անդամ, քաղաքապետի որոշումներին շատ հաճախ դեմ է քվեարկել, պայքարել է, ըմբոստացել: Քաղաքապետն էլ իր հերթին մերժել է նրա առաջարկությունները: Մերժել է նաեւ հիշյալ տարածքի հետ կապված դիմումները, որոնցով սեփականատերը խնդրել է քաղաքապետի թույլտվությունը՝ տարածքին կցակառույց ավելացնելու համար: Մերժումը հիմնավորվել է «քաղաքաշինության նորմերին անհամապատասխանությամբ»: Մինչդեռ դիմումատուն ունի «Վանսեյսմշինի» դրական եզրակացությունը կցակառույցի վերաբերյալ: Սակայն հարկ է նշել, որ նույն շենքի մյուս ծայրին երկհարկանի կցակառույց է ավելացրել քաղաքապետի փեսան՝ խախտելով երկու շենքերի միջեւ եղած տարածության անվտանգության նորմերը: Զարմանալիորեն իր փեսայի կցակառույցը քաղաքապետը համարել է «քաղաքաշինության նորմերին համապատասխան»: Իսկ թե ի՞նչ նորմերի է համապա տասխանում կրպակների առատությունը քաղաքի բանուկ այս հատվածում, հայտնի է միայն Վանաձոր համայնքի ղեկավարին: ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ Վանաձոր-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել