Վանդակում՝ ինչպես գաղութում Մայիսի 1-ին կբացվե՞ն Կենդանաբանական այգու դռները «Ես չգիտեմ, թե ինչ կլինի մինչեւ մայիսի մեկը՝ կկարողանա՞նք աշխատել, թե՞ ոչ»,- «Առավոտի» հետ զրույցում չկարողացավ կողմնորոշվել Երեւանի կենդանաբանական այգու փոխտնօրեն Սամվել Ղահրամանյանը: Պատճառը թռչնագրիպի սպառնալիքն է: Փոխտնօրենը վայրի թռչուններին օդում կրակելով վախեցնելը չի համարում արդյունավետ միջոց. «Օդում կրակելով՝ թռչնագրիպից չենք փրկվի: Դա միջոց չէ, սրտի հովանք է: Փորձում ենք այնպես անել, որ օտար թռչուն չիջնի մեր թռչունների մոտ, որովհետեւ տեսակներ կան, օրինակ՝ ջրլողները, որոնց հնարավոր չէ զերծ պահել թռչունների հետ շփումից. միակ միջոցը վախեցնելն է: Մեկ այլ միջոց էլ ենք փորձում. մուտքի մոտ տաշտակ է դրված, որի մեջ թեփով դեզինֆեկցիոն նյութ է պատրաստված, որպեսզի մարդիկ ներս մտնելիս վարակ չբերեն: Առայժմ ավելի լուրջ միջոցներ չկան: Փորձում ենք ստեղծել գոնե նվազագույն հիգիենայի պայմանները: Իսկ ընդհանուր առմամբ Կենդանաբանական այգու կենդանիները ձմեռն անցկացրին նորմալ, եթե մահվան դեպքեր էլ եղել են, ապա միայն ծերության պատճառով»: Թեեւ բյուջեն այնքան էլ շռայլ չէ մեր կենդանիների հանդեպ եւ սննդի կենտրոնացված մատակարարում չկա, սակայն պարոն Ղահրամանյանի տվյալներով՝ կենդանիների սնունդը կազմակերպվում է այգու աշխատակիցների եւ գյուղացիների շնորհիվ, որոնք այգի են բերում վաճառքի համար ոչ պիտանի, բայց կենդանիների քիմքին հարմար միս: Այն, ճիշտ է, «չի հասնի շուկայում վաճառվող 2000 դրամանոց մսին»: «Ունենք գյուղացի,- պատմում է այգու փոխտնօրենը,- որը Գորիսից է: Նա ծերացած, կաղ, վիրավոր կենդանիներ է բերում: Թեեւ թանկ է նստում, սակայն այդ կենդանիներին պահում ենք, եւ երբ կերը քչություն է անում՝ մորթում ենք: Մի խոսքով, փառք Աստծո, կենդանիները սոված չեն մնում»: Կենդանիների նեղ վանդակների խնդիրը ցավագին են ընդունում նաեւ այգու աշխատակիցները. «Երազում ենք, որ կենդանիները վանդակներում չգտնվեն: Տպավորությունը շատ տխուր է եւ, ընդհանրապես, ես դեմ եմ կենդանաբանական այսպիսի այգու գոյությանը, երբ կենդանիները փակի տակ են պահվում, այն էլ՝ այսպիսի պայմաններում: Ես կենդանաբանական այգին նմանեցնում եմ ուղղիչ աշխատանքային գաղութի, միայն այն տարբերությամբ, որ մարդկանց բանտ են նստեցնում մեղքի համար, իսկ կենդանիներին, ոչ մեկը չգիտի, թե ինչի համար են փակել»: Գյումրիում նույնպես կենդանաբանական այգի կա: «Չգիտեմ, կարելի՞ է դրան կենդանաբանական այգի կոչել, բայց այն կա եւ մեր «քույր» կամ «եղբայր» այգին է: Ղարաբաղում նույնպես միջոցներ ձեռնարկվում են, չգիտեմ ուր են հասել, բայց իրենց առաջ այդպիսի խնդիր դրել են: Մենք մեր պատրաստակամությունը հայտնել ենք՝ ինչքան հնարավոր է օգնել»,- ասաց փոխտնօրենը: Իսկ կարելի՞ է մինի կենդանաբանական այգիներ համարել օլիգարխների առանձնատներում պահվող տարբեր տեսակի վայրի կենդանիների հավաքածուները եւ որքանո՞վ է, առհասարակ, հարմար դրանք մարդկանց շրջապատում պահելը՝ նույն այդ կենդանիների շահերից ելնելով: «Ես հակված եմ, որ վայրի կենդանին ապրի բնության մեջ, բայց տարբեր դեպքեր են լինում, օրինակ, անտառում արջի քոթոթ են գտնում, որի մորը ինչ-որ սրիկա սպանել է: Այդ քոթոթը չէր ապրի, եթե մարդը չբերեր եւ չպահեր»: ՀԱՍՄԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ