Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂ

Մարտ 18,2006 00:00

«ԼՂ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՅԺՄ ՆԱԽԱՁԵՌՆՈՂԸ ԱՄՆ-Ն Է» Ասում է Դավիթ Շահնազարյանը – Դուք հրավիրվել եք այն բոլոր ընդունելություններին, որոնք կազմակերպվեցին վերջերս հաճախակի Երեւան ժամանող ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյաների պատվին: Ձեր շփումներից ստացած տպավորությամբ՝ հատկապես ո՞րն է այդ այցերի առաջնահերթ նպատակը՝ Ռամբույեի հանդիպումից հետո ստեղծված իրավիճակի՞, էներգետիկ անվտանգության հարցերի՞, թե՞ ժողովրդավարությանն առնչվող խնդիրների քննարկումը: – Նշված 3 հարցերն էլ ոչ միայն օրգանապես են իրար կապված, այլ նաեւ մի ընդհանուր խնդրի բաղկացուցիչ մասերն են: Իմ համոզմամբ, Ռամբույեից հետո ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում սկսվել է որակական մի նոր փուլ, որը բնութագրվում է մի քանի առանձնահատկություններով: Առաջինը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից Ռուսաստանն արդեն անգամ հրապարակայնորեն չի թաքցնում, որ ԼՂ խնդրի կարգավորումը հակասում է տարածաշրջանի հետ կապված իր ծրագրերին եւ չի բխում իր շահերից: Բաքվում Իվանովի եւ Պուտինի արած հայտարարություններն ավելի քան բավարար են սա պնդելու համար: Հավելեմ ռուսական պաշտոնական մամուլի հեգնական գնահատականները Ռամբույեի բանակցություններին ու նաեւ այդ հանդիպումից հետո ԱՄՆ դրսեւորած ակտիվության վերաբերյալ ռուսական պաշտոնական ու ոչ պաշտոնական շրջանակների գնահատականները: Երկրորդ կարեւոր առանձնահատկությունն է՝ բանակցային գործընթացի 14 տարվա պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ն հրապարակայնորեն նախաձեռնություն է ցուցաբերում միայնակ: Թեեւ այս այցերից առաջ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչները հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահողներին եւ նրանց տեղյակ պահել իրենց ծրագրերի եւ ինքնուրույն նախաձեռնության մասին: Բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը. ըստ էության՝ ԱՄՆ-ն թույլ չտվեց, որ Քոչարյանն ու Ալիեւը հասնեն իրենց նպատակին՝ բանակցությունների եւ խաղաղ գործընթացի դադարեցմանը: ԱՄՆ-ն նոր ընթացք է հաղորդել բանակցություններին, որի շնորհիվ բանակցային գործընթացը հերթական անգամ չմտավ փակուղի: Մոտ 2 տարի առաջ մամուլում հայտարարել էի, որ հակամարտությունը չկարգավորելու քաղաքականությունը բերելու է նրան, որ լուծումներն արդեն կփնտրվեն ոչ թե ղարաբաղյան հակամարտության շրջանակներում, այլ տարածաշրջանային տիրույթում: Հիմա որակական այս նոր փուլի երրորդ առանձնահատկությունն է, որ Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Օսեթիայի հակամարտությունների կարգավորման հեռանկարներն արդեն դիտարկվում են Իրանի «դոսյեի» համատեքստում: ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչների հայտարարություններից ուղղակիորեն է բխում, թե չկարգավորված հակամարտությունների սառեցված վիճակն արդեն դառնում է աշխարհաքաղաքական լուրջ սպառնալիք ավելի մեծ տարածաշրջանի համար: Բանակցային գործընթացի տրամաբանությունը բավական տարբերվում է նախորդ փուլերից հենց աշխարհաքաղաքական իմաստով: Ցավոք, վստահ չեմ, որ Հայաստանի իշխանությունները լավ հասկանում եւ պատկերացնում են իրավիճակի այդ փոփոխությունը: – Համանման գնահատական, թե Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները վարում են Ղարաբաղի հակամարտությունը չկարգավորելու քաղաքականություն՝ պարունակվում էր նաեւ վերջերս Ձեր ստորագրած մի հայտարարության մեջ: Սակայն իշխանական լրատվամիջոցները կշտամբեցին, թե հայտարարության հետագա շարադրանքում «մեղադրյալի աթոռին» է հայտնվում միայն Հայաստանի նախագահը։ Նաեւ հիշեցրել էին, թե կողմերի միջեւ մնացել է ընդամենը մեկ չհամաձայնեցված հարց՝ ինքնորոշման հանրաքվեի անցկացումը Ղարաբաղում: Ուրեմն, արդյոք հիմնավո՞ր են հայտարարության մեջ շարադրված մեղադրանքները: – Չեմ ուզում անդրադառնալ այդ հրապարակումներին, քանի որ դրանք շատ ցածր են իրենց քաղաքական, ինտելեկտուալ ու առավել եւս՝ տրամաբանական մակարդակով: Չափազանց մտահոգիչ է պատերազմի այն մթնոլորտը, որ Ռամբույեից հետո ձեւավորեց Քոչարյանը՝ իր թիմով: Եվ հայ հասարակությանն արդեն փորձում են պարտադրել մի մթնոլորտ, որտեղ ցանկացած հրապարակային տեսակետ՝ փոխզիջումների միջոցով արժանապատիվ խաղաղություն հաստատելու մասին, դիտվում է առնվազն իբրեւ, իրենց բառապաշարով ասած՝ «ազգային հանցագործություն»: Իշխանությունն իրեն հլու-հնազանդ կուսակցություններին, կազմակերպություններին ու գործիչներին, հատկապես Ռամբույեից հետո, դրդում է հանդես գալ ծայրահեղական հայտարարություններով: Պարզ է, որ մեղադրանքները պետք է ուղղեինք Հայաստանի վարչախմբին ու նրա ղեկավար Քոչարյանին, որն, ըստ էության, հրապարակավ ընդունեց վերջին 8 տարիների իր քաղաքականության տապալումը: Եթե այդ քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ այսօր Քոչարյանն արդեն պատրաստվում է պատերազմի՝ նշանակում է, նա բացահայտ կրել է քաղաքական պարտություն: – Չե՞ք խտացնում գույները՝ պնդելով, թե Հայաստանի իշխանությունը պատրաստվում է պատերազմի: Ի վերջո, նման պնդման հիմքը միայն փետրվարի 28-ի հանրահավաքում հնչած հայտարարություննե՞րն են: – Ոչ միայն: Նաեւ Քոչարյանի հեռուստատեսային ելույթը, որում նա հայտարարեց բանակցությունները փակուղում հայտնվելու դեպքում ԼՂ շուրջ եղած տարածքները իրավականորեն արձանագրելու պատրաստակամության մասին եւ այլն: Քոչարյանի հեռուստաելույթից այն տպավորությունը ստացա, որ հենց ինքն է տապալել Ռամբույեի հանդիպումը: Խոսեց ամեն ինչի մասին, թե ինչ է կատարվում բանակցությունների շուրջ, բացի դրանց բուն էությունից: Մինչ Ռամբույեն մի քանի անգամ հայտարարել եմ մամուլում, թե պայքար էր գնում, թե ով է լինելու մերժողը: Հավանաբար, այդ հանդիպումից առաջ Ալիեւի եւ Ադրբեջանի բարձրաստիճան անձանց շատ խիստ հայտարարություններից Քոչարյանը հանգստացել ու վստահ էր, թե Ալիեւն իր վրա է վերցնելու մերժողի դերը: Բայց դա կարծես թե տեղի չունեցավ, եւ Քոչարյանը հայտնվեց մի իրավիճակում, երբ ինքը պետք է նախաձեռներ խաղաղ գործընթացը դադարեցնելու քայլեր: Եթե Քոչարյանն ընդունել է կարգավորման «ընդհանուր պետություն» տարբերակը, որտեղ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում պիտի ընդամենն ինքնավարություն ունենար, համաձայնել է Քի-Ուեսթին, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության հաշվին կարգավորմանը, հարց է ծագում, թե ինչո՞ւ այժմ չի գնում կարգավորման: Քաջ հայտնի է, թե ինչ է այսօր դրված բանակցությունների սեղանին՝ 1997-ի փուլ առ փուլ կարգավորման նույն տրամաբանությունն է, գումարած հանրաքվեն: Սակայն Քոչարյանը քննադատում է ու ինչ-որ պահանջներ առաջադրում, Օսկանյանը մի քանի օր հետո հեռուստատեսությամբ հայտարարում է, թե կողմ ենք այս կարգավորման տարբերակին… Այսինքն՝ քաղաքականությունը եղել ու մնում է խնդիրը չկարգավորելը: Եվ գնալով ծանրանում են դրա հետեւանքները: Մի քանի անգամ հայտարարել եմ, որ եթե Հայաստանի իշխանությունները ներկայիս առաջարկներով գնան կարգավորման՝ պետք է նրանց պաշտպանել: Բայց ցավոք, հանուն իրենց իշխանության պահպանման՝ նրանք ո՛չ միայն շարունակում են չկարգավորման քաղաքականությունը, այլ նույնիսկ պատրաստ են պատերազմի: Այս իմաստով՝ Քոչարյանն ու Ալիեւն, ըստ էության, գործընկերներ են: Ամեն հանդիպումից հետո նրանք ծայրահեղական հայտարարություններ են անում: Ամերիկացիների այցից հետո Ալիեւն արեց ռազմատենչ հերթական հայտարարությունը, վաղը-մյուս օրը նրան կպատասխանի Քոչարյանը… Այսինքն՝ նրանց ամբողջ խնդիրը պատերազմի այս քարոզչությամբ ցույց տալն է, թե իբր մեր հասարակությունները պատրաստ չեն խաղաղության: Իրականում մեր հասարակությունները շատ ավելի մոտ են խաղաղության, քան իշխանությունները: – Քոչարյանի հայտարարություններից եւ փետրվարի 28-ի հանրահավաքից հետո շարունակություն տեսնո՞ւմ եք, որ Հայաստանում տարվում է, Ձեր բնութագրմամբ՝ պատերազմի քարոզչություն: – Իհարկե՛: Եթե նախկինում իշխանությո ւնները հայտարարում էին՝ ԼՂ խնդիրը կարգավորված է, այլեւս այդ մասին մի խոսեք, հետո հայտարարում՝ մեզ չեք վախեցնի մեկուսացումով, այսօր իշխանական կոալիցիայի մաս կազմող ուժերը հայտարարում են՝ մեզ չեք վախեցնի պատերազմով: Բացեք թերթերը, նայեք հեռուստաալիքները: Եվ այդ քարոզչությունը Հայաստանում հաճախ վերածվում է անգամ քսենոֆոբիայի: Ադրբեջանում վիճակն այդ առումով անկասկած ավելի վատ է: Բայց առաջին հերթին շատ ցավալի է, որ այդ երեւույթը փորձում են վերագրել մեր հասարակությանը: Սակայն ակնհայտ է նաեւ, որ այդ փորձերը դատապարտված են ձախողման: – Օտարատյացության երեւույթի մի դրսեւորումն էլ այն հայտարարություննե՞րը չեն, որ վերջին օրերին հնչում են Ջավախքի կապակցությամբ: Տարվող քարոզչությունից դատելով՝ կարծես ակնհայտ է, որ մեր ազգայնականները հաստատակամ են ի դեմս Վրաստանի բացել մի նոր ճակատ Հայաստանի համար: – Այո՛, այդպես է: Եվ քանի որ Քոչարյանը հայտնվել է փակուղային իրավիճակում՝ չի բացառվում, որ ինչ-որ պահի նրան իր իշխանությունը պահելու համար ձեռնտու լինեն սրացումները նաեւ Ջավախքում: Դրանց պատասխանատուն կլինեն ազգայնականները, Հայաստանի ու նաեւ Ռուսաստանի ու Վրաստանի իշխանությունները: Վերջիններիս վերաբերմունքը Ջավախքում կատարվող գործընթացների նկատմամբ արժանի է շատ լուրջ քննադատության: Վրաստանի իշխանությունների քայլերը համարժեք չեն Ջավախքի ներկայիս գործընթացներին: Եթե Ռուսաստանի կողմից դա քաղաքականություն է, Հայաստանի իշխանությունների կողմից՝ առնվազն թողտվություն ազգայնականների կոչերի հանդեպ, ապա Վրաստանի պարագայում կատարվում են առնվազն սխալներ: – Այս ամբողջի համատեքստում ինչպե՞ս եք գնահատում հարեւանների հետ հարաբերությունների վերաբերյալ այն մոտեցումները, որոնք շարադրված են «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ուղենիշները» փաստաթղթում, որը հիմք է ընդունվել հայեցակարգի համար: – Նախ, սա դժվար է անվանել ազգային անվտանգության հայեցակարգի նախագիծ: Սա դեռ ընդամենը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի զեկուցումն է: Կարծում եմ, այն չափազանց թույլ է որպես ազգային անվտանգության դոկտրինի հիմք ընդունվելու համար: Նշեմ, որ ՆԱՏՕ-ի «Անհատական գործընկերության» ծրագրի շրջանակներում Հայաստանը պարտավորություն է ստանձնել առաջիկայում մշակել ազգային անվտանգության հայեցակարգ: Չեմ կարծում, թե մեր իշխանությունները երբեւէ կընդունեն այս հայեցակարգը: Քաղաքագիտական միջազգային շրջանակներում նման երկու ընդունված տերմին կա՝ ազգային անվտանգության հայեցակարգ եւ դոկտրին: Սա հաստա՛տ հայեցակարգ չէ եւ անգամ որպես դոկտրին է բավական թերի: Այս փաստաթղթի բավական մեծ մասը կրում է զուտ հռչակագրային բնույթ, ինչ վերաբերում է ժողովրդավարացմանը, եվրոպական արժեքներին եւ այլն: Կան մի շարք անհասկանալի ձեւակերպումներ: Ասենք, Ռուսաստանը նշված է իբրեւ առաջատար երկիր: Թե երբվանից է այն դարձել «առաջատար»՝ շատ դժվար է պարզել: Ազգային անվտանգության հսկայական կարեւորություն ունեցող բաղադրիչների, օրինակ՝ հարեւան երկրների հետ հարաբերությունների մասին կետերն, ըստ իս, դուրս են իրատեսական քաղաքականության շրջանակներից: Իսկ Հայաստանի էներգետիկ եւ տնտեսական անվտանգության վերաբերյալ գրեթե ընդհանրապես խոսք չկա: Իրանի, Ռուսաստանի եւ Եվրոպայի հետ հարաբերությունների շուրջ դրույթներում կան իրար հակասող բազմաթիվ թեզեր: Մի օրինակ նշեմ՝ «Հարաբերությունները Իրանի հետ» բաժնում նախ նշում են. «Հայաստանի հարաբերություններն Իրանի հետ կարեւորվում են տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության եւ կայունության պահպանման ընդհանուր ձգտմամբ», իսկ հետո նշում. «Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները կրում են առավելապես տնտեսական եւ մշակութային բնույթ»: Նման հակասությունները բազմաթիվ են: Բայց հիմնական կետերում արձանագրել են իրենց քաղաքականությունը՝ գերակայությունը Ռուսաստանի հովանու ներքո է, անվտանգությունը՝ Հավաքական անվտանգության կոլեկտիվ պայմանագրում: ՆԱՏՕ-ին անդամակցության հարց չկա, Եվրամիությանն անդամակցության խնդիր էլ չկա՝ ընդամենը լավ հարաբերություններ… Այս ամենը Հայաստանի վերջին տարիների սխալ արտաքին քաղաքականության արձանագրումն է՝ ընդամենը: Հայաստանի ազգային անվտանգությունը պետք է խարսխված լինի մեր երկրում անշրջելի ժողովրդավարություն հաստատելու եւ իրատեսական, ՀՀ քաղաքացիների շահերից բխող արտաքին քաղաքականության վրա: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել