Լրահոս
Օրվա լրահոսը

Հակադրությունը

Մարտ 18,2006 00:00

Հակադրությունը դարձել է միտում Գտնում է «Բազմազգ Վրաստան» հասարակական շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանը Մարտի 9-ին Վրաստանի Ծալկա հայաշատ քաղաքում երեք հայ երիտասարդների ու սվանների միջեւ տեղի ունեցած ընդհարման արդյունքում սպանվել էր 23-ամյա Գեւորգ Գեւորգյանը: Կատարված ողբեգրությունը քաղաքում լարվածություն ու հայերի կողմից բողոքի ալիք էր բարձրացրել: Ախալքալաքում հայերը մի քանի օր շարունակ ցույցեր էին անում՝ վրացական իշխանություններից պահանջելով արդար դատավարություն։ Ծալկայի դատախազությունում դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Դեպքի օրն իսկ «Բազմազգ Վրաստան» հասարակական շարժումն ու «Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունը հանդես էին եկել հայտարարությամբ, որով Վրաստանի իշխանություններից պահանջում էին ոչ միայն սպանության արագ բացահայտում, գործի նախաքննության փուլին իրենց ներկայացուցիչների անմիջական մասնակցություն, այլեւ Վրաստանի նախագահ Սահակաշվիլուց խնդրել էին անձամբ վերահսկել գործի նախաքննության ընթացքը: «Բազմազգ Վրաստան» հասարակական շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանը երեկ «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում համոզմունք հայտնեց, որ թեեւ Ծալկայում կատարված դեպքը քրեական հանցագործություն է, բայց միաժամանակ նաեւ վառ արտահայտված միջէթնիկական հակադրության արդյունք։ «Ցավոք, պետք է արձանագրեմ, որ մի քանի տարիների ընթացքում այդ հակադրությունը Ծալկայում դարձել է միտում»,- ասաց Ա. Ստեփանյանը: Անդրադառնալով նույն դեպքի առնչությամբ Վրաստանի խորհրդարանի նախագահ Բուրջանաձեի հայտարարությանը՝ Ախալքալաքում լարվածությունը երրորդ ուժերի կողմից հրահրվելու վերաբերյալ, Ա. Ստեփանյանն ընդգծեց. «Ես չեմ բացառում, որ այլ ուժեր, որոնք գործում են Վրաստանից դուրս, շահագրգիռ են նման դեպքերով եւ կրքերի բորբոքմամբ, բայց դրանից կատարվածի էությունը չի փոխվում: Մենք պետք է ուղիղ նայենք իրականության աչքերին եւ նայենք Ծալկայում տեղի ունեցող իրադարձություններին նաեւ այլ տեսանկյունից, եթե, իհարկե, ուզում ենք լուծել այն հակադրությունները, որոնք այնտեղ կան»: Պատրա՞ստ են արդյոք Վրաստանի իշխանությունները լուծելու դրանք: «Բազմազգ Վրաստան» հ/կ նախագահի փոխանցմամբ՝ «միայն հատուկ նշանակության ջոկատների աջակցությամբ այդ հիմնախնդիրը լուծել հնարավոր չէ: Առաջին հերթին պետք է դադարեցնել շրջանը էթնիկ էմիգրանտներով բնակեցնելու ծրագիրը, որն իրականացվում է դեռեւս 1978թ.-ից ի վեր: Երկրորդ, իսկապես պետք է ուշադրություն դարձնել շրջանում ապրող մարդկանց սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու վրա»: Հայտնի է, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները Վրաստանին մի քանի հարյուր միլիոն դոլարի հատկացումներ էին արել, մասնավորապես նաեւ Ջավախքի ճանապարհները կարգի բերելու, սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու նպատակով: Արվո՞ւմ է որեւէ բան այդ ծրագրի շրջանակներում: Ըստ Ա. Ստեփանյանի, կոնկրետ Ծալկայում ինչ-որ բաներ արվում են, բայց դրանք բավարար չեն շրջանի սոցիալական խնդիրները մեղմացնելու արդյունավետության մասին խոսելու համար: «Ինչ վերաբերում է Ջավախքին, ապա՝ բացի խոստումներից, գործնականում որեւէ էական բարեփոխում նկատելի չէ: Այն, ինչ ասվում է Ջավախքին հատկացումներ անելու մասին, առայժմ միայն խոստումների մակարդակում է»,- ասաց մեր զրուցակիցը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել