«ՆՈՐ ԵՐԿԻՐԸ» ՓԱԿԵՑԻՆ ՀԻՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ Արտաշես Թումանյանի անսպասելի քայլը մեկնաբանում են քաղաքական գործիչները «Հիմար վիճակ է, ոչ մեկը ոչինչ չգիտի, պարզապես ասվեց, որ այլեւս Արտաշես Թումանյանը չի գլխավորելու կուսակցությունը, որ իրականում այդպիսի կուսակցություն գոյություն չունի: Արտաշես Թումանյանը նույնիսկ անձամբ չեկավ եւ չտեղեկացրեց, մեկի միջոցով փոխանցեց, թե «այդպես է պետք»: Եվ վերջ: Բայց այդ պահին էլ հայտնվեց մեկը, որ ասաց, թե ինքը կշարունակի, մենք էլ ոչ «հա» ասեցինք, ոչ էլ՝ «ոչ», այսպիսի հիմար վիճակ է»,- դեռ չստեղծված-քանդված «Նոր երկիր» կուսակցության մասին այսպես արտահայտվեց արդեն նախկին անդամներից մեկը, որը, հասկանալի պատճառներով, չուզեց բացահայտվել: Մեր զրուցակիցն ասաց նաեւ, որ ինքն այս ամբողջ պատմության մեջ ոչ թե Արտաշես Թումանյանին է ցավակցում կամ խղճում, այլ՝ երկրին ամբողջությամբ. «Երկիրն է մեղք, էս է սրանց վիճակը, ի՞նչ կարող եմ ասել»,- հոգոց հանեց մեր զրուցակիցը: Արտաշես Թումանյանի հեռախոսը լռում է, նրան վերջին անգամ տեսնողներ են եղել մոտ վեց օր առաջ, երբ նա մի կես ժամով հայտնվել է կուսակցության գրասենյակում, խոսել է ինչ-որ մեկի հետ եւ հեռացել՝ առանց որեւէ բացատրության: Այս իրավիճակը բավականին կանխատեսելի էր հենց այն պահից, երբ Արտաշես Թումանյանը հրաժարական տվեց նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Ըստ որոշ գնահատականների, այդ հրաժարականի պատճառը աշխատակազմի այսօրվա ղեկավար Արմեն Գեւորգյանն է, որի եւ Արտաշես Թումանյանի ջրերը երբեք էլ նույն առվով չէին հոսում: Մեկ այլ նորաստեղծ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը Արտաշես Թումանյանի հրաժարականի հենց հաջորդ օրն էր այդ մասին խոսել եւ երեկ մեզ հետ զրույցում ասաց. «Դա ինձ համար անսպասելի չէր: Ես ափսոսում եմ Արտաշես Թումանյանին, ինքն իր արժեքը երեւի դեռ էն թվից էլ լավ չի իմանում, շատ լավ մասնագետ է, ԱԺ-ում էլ շատ լավ էր աշխատում, գլուխն էլ է աշխատում ամեն ձեւի, ուղղակի վերջին երկու տարում զգացվում էր, որ Արտաշես Թումանյանը ասպարեզում չկար: Ճիշտ է, ինքը նախագահի աշխատակազմի ղեկավարն էր, բայց, որպես այդպիսին, նրան թույլ չէին տալիս զբաղվել իր պարտականություններով, զբաղվում էին այլ մարդիկ, որոնց ինքը խանգարում էր, եւ այդ նույն մարդիկ նրան պաշտոնանկության հասցնելուց հետո էլ շարունակեցին խանգարել Արտաշես Թումանյանին, նույնիսկ՝ կուսակցություն ստեղծելու գործում, եւ այսօր տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Արտաշես Թումանյանը աշխատակազմի ղեկավար լինելով՝ հույս ուներ, որ բաժին կունենա իշխանական կուսակցությանը հասնող ձայներից: Նա չէր կարող ընդդիմադիր դաշտի ձայներն ակնկալել, քանի որ միշտ եւ բոլոր ժամանակներում հաշտ եւ համերաշխ է եղել իշխանությունների հետ»: Մանուկ Գասպարյանն ասաց, որ ցավում է կատարվածի համար, բայց եւ նկատեց, որ այն կարող է դաս լինել բոլոր նրանց համար, ովքեր հավակնում են կուսակցություններ ստեղծել. «Սա կարող է լավ դաս լինել, թող ականջներին օղ ունենան, որ հույսը չի կարելի դնել ինչ-որ պապաների, քեռիների կամ հորեղբայրների վրա»: Նկատեցինք, որ ինքը՝ Մանուկ Գասպարյանը եւս նորաստեղծ կուսակցության ղեկավար է, այդ դեպքում ո՞ւմ վրա է հենց իր հույսը: Պատասխանեց, որ իրենն ուրիշ է. «Իմ կուսակցության ստեղծման պահից ոչ մի պապա չեմ փնտրել, ոչ մի պապայի ցանկություն կամ կարիք չունեմ: Ես մեծամասնականով ընտրված պատգամավոր եմ եւ ուզում եմ ապացուցել, որ ժողովրդի մեջ իմ հեղինակությունը ոչ միայն մեկ տարածքում է, այլ հանրապետության մասշտաբով կունենամ յոթ-ութ տոկոս ձայն: Ուղղակի տեր կանգնելու խնդիրն է, իսկ ես իմ ստացած ձայներին տեր կանգնելու փորձն ունեմ»: Մեկ այլ կուսակցության ղեկավար՝ «Արդարություն» խմբակցության անդամ, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանի համար միանշանակ պարզ է, որ կատարվածը սովորական «արքունական պայքար էր, որի մեջ որպես խաղաթուղթ, ըստ որում՝ ոչ որպես հիմնական հաղթաթուղթ, օգտագործվեց այդ կուսակցության խնդիրը, եւ դա իրական պայքարի մոտիվների հետ ոչ մի առնչություն չուներ»: Արշակ Սադոյանը նկատեց նաեւ, որ պաշտոնը նման դեպքերում օգնում է, քանի որ նորաստեղծ կուսակցությանը անդամակցողներին թվում է, թե հավաքվում են «մեղրի կարասի» շուրջը. «Իհարկե, այդ պրոբլեմը կա չձեւավորված քաղաքացիական հասարակության պայմաններում: Բոլորս գիտենք, թե այդ դեպքում ինչքան են կարեւորում տանիք ունենալու խնդիրը եւ այլն, ու բնական է, այդ տեսակետից իշխանության մեջ լինելով՝ քաղաքական կուսակցություն ստեղծելու դեպքում դրա շուրջը հավաքվողները ակտիվությամբ կներգրավվեին, իսկ պաշտոնանկության դեպքում՝ վրայից կթռնեին: Բոլոր դեպքերում, խնդրին պետք է նայել այլ տեսանկյունից. նման քաղաքական դաշտի պայմաններում մեր երկրում չի ստեղծվի քաղաքացիական հասարակություն, եւ կարծում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր պայքարում են երկիրը երկիր դարձնելու համար, պետք է փորձեն փոխել քաղաքական դաշտի նկատմամբ վերաբերմունքը, բարոյահոգեբանական մթնոլորտը»: 1999-ին Արտաշես Թումանյանը Վիկտոր Դալլաքյանի մրցակիցն է եղել, եւ Վիկտոր Դալլաքյանը հաղթել է իրեն, ի՞նչ կարծիքի է նա այժմ Թումանյանի հետ կատարվածի մասին: Պատասխանեց հետեւյալը. «Հարցին կցանկանայի մոտենալ երկու տեսանկյունից. մարդկայնորեն ցավում եմ այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ Արտաշես Թումանյանի հետ, որին համարում եմ լուրջ քաղաքական գործիչ՝ անկախ բարիկադների տարբեր կողմերում մեր գտնվելու հանգամանքից: Միշտ էլ հարգանքով եմ վերաբերվել նրա անձին, չնայած ունեցել ենք լուրջ տարաձայնություններ, բայց նրան համարում եմ մտածող եւ կայացած քաղաքական գործիչ: Այո, նա եղել է իմ մրցակիցը եւ ինձ համար պատվաբեր է եղել մրցել նրա հետ: Հարցի երկրորդ կողմը քաղաքական է. սա քաղաքական հաշվեհարդար էր յուրայինի նկատմամբ, եւ ցույց է տալիս Հայաստանի քաղաքական համակարգի իրական կաթվածահար վիճակը: Ոչ ոք, այդ թվում նման խարդավանքների հեղինակներն անգամ ապահովագրված չեն իրենց նկատմամբ նմանատիպ երեւույթներից: Բոլորը պետք է հիշեն, որ քաղաքականությունը նման է աստիճանների՝ ոմանք բարձրանում են, ոմանք իջնում, բայց կարեւորը արժանապատիվ իջնելը կամ բարձրանալն է, եւ ոչ թե դա գլխիկոր անելը: Ուզում եմ հիշեցնել՝ երբ 1937-ին ոչնչացնում էին կոմունիստներին, մատնիչները չէին գիտակցում, որ մեկ այլ մատնիչ հետագայում մատնելու է նաեւ իրենց»,- զգուշացրեց Վիկտոր Դալլաքյանը: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. «Արմինֆոն» հաղորդում էր, որ ըստ «Նոր երկիր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ռոբերտ Փոլադյանի, կուսկացության ձեւավորման գործընթացը շարունակելու է եւ երկու ամիս անց տեղի կունենա հիմնադիր համագումար: