Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՀԱՓՈՐՁԻ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է

Մարտ 18,2006 00:00

ՄԱՀԱՓՈՐՁԻ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է Սպանության թիրախը ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանն էր ՀՀ գլխավոր դատախազությանը մոտ կանգնած մեր աղբյուրների ասելով, շուրջ 10 օր առաջ ԱԺ պատգամավորներից մեկի դեմ մահափորձի նախապատրաստման դեպք է բացահայտվել: Մեր տեղեկություններով, Հրազդանում ապրող «Կոճե» մականունով ոմն Մանվել Պատվականի Բաղդասարյան տեղի բնակիչներից մեկին պատվիրել էր սպանել ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին: «Կոճեն» վարձու մարդասպանին նախապես խոստացել էր Ս. Միքայելյանի սպանության համար վճարել 6500 ԱՄՆ դոլար ու տվել էր «Մակարով» տեսակի զենք: Մահափորձի նախապատրաստման փուլում վարձու մարդասպանը, որի անունը առայժմ չենք ուզում հրապարակել, խոստացված գումարը չէր ստացել: Հավանաբար, հասկանալով, որ «Կոճեն» մտադիր է իրեն «քցել», քիլլերը բարձրացրել էր իր աշխատանքի դիմաց վճարվելիք գումարի չափը, որի շուրջ, մեր աղբյուրների ասելով, կողմերը համաձայնության չէին եկել (այլ աղբյուրների պնդմամբ՝ համաձայնության եկել եւ վճարվելիք գումարի չափաբաժինն ավելացվել էր- Ն. Մ.): Արդյոք իրականում հենց դա՞, թե՞ Ս. Միքայելյանին ճանաչելու հանգամանքն էր եղել հիմնական պատճառը, բայց քիլլերը ներկայացել էր ԱԺ պատգամավորին ու պատմել «Կոճեի» կողմից նրան սպանելու պատվեր ստանալու, դրա դիմաց խոստացված գումարի ու հանձնված զենքի մասին: Մահափորձի նախապատրաստումն այսպես էր բացահայտվել՝ անկախ հայրենի ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության ու դատախազության կամքից: Պատգամավորը, մեր տեղեկություններով, ինքն էր դիմել իրավապահ մարմիններին: Սակայն փաստն այն է, որ ՀՀ ԱԱԾ-ն, որ երկու անգամ հարցաքննության էր հրավիրել պատգամավորի սպանությունը պատվիրած Մանվել Բաղդասարյան-«Կոճեին», երկու անգամ էլ զարմանալիորեն նույն օրը նրան ազատ էր արձակել: Չկա քրեական գործ, չկան ձերբակալվածներ: Համաձայնեք, որ աննորմալ ու տարօրինակ երեւույթ է, առավել եւս, երբ կան սպանության թիրախ ընտրված ԱԺ պատգամավորի համապատասխան ցուցմունքներ, քիլլերի պատմության ձայնագրություններ, սպանության զենք, կան «Կոճեին» ծանր հանցագործության մեջ մեղադրելու կոնկրետ փաստեր: Մնում է հարցնել, թե ինչո՞ւ մահափորձի կազմակերպիչը շարունակում է մնալ ազատության մեջ: Այստեղ տարբեր վարկածներ կան, որոնք ներկայացնում են մեր՝ միմյանցից անկախ աղբյուրները: Ոմանց ասելով, «Կոճեն» հեղինակություն է ու կարողացել է իր հարցերը «ներքին կարգով» լուծել, որովհետեւ ունի հզորագույն թիկունք: Այլոց համոզմամբ, Մ. Բաղդասարյանն ընդամենը սպանության ջրի երեսին երեւացող պատվիրատուն է, մինչդեռ իրական պատվիրատուներն ուրիշներն են, ովքեր, թերեւս, ավելի ազդեցիկ են, եւ որոնց ընդհատակից ջրի երես հանելը առավել քան դժվար է, եթե ոչ անհնարին կամ վտանգավոր: Մեր աղբյուրները, ովքեր, ի դեպ, գաղափար չունեն, բայց թերեւս կասկածում են իրական պատվիրատուների հնարավոր շրջանակների մասին, կարծիք են հայտնում, որ ԱԱԾ-ն «Կոճեին» հատուկ է ազատության մեջ թողնում՝ ակնկալելով, որ Ս. Միքայելյանը կամ նրան մոտ կանգնած մարդիկ կփորձեն վրեժխնդիր լինել սպանության պատվիրատուից ու դրանով միանգամից երկու խնդիր կլուծվի՝ կչեզոքացվի Ս. Միքայելյանը, եւ սպանության իրական պատվիրատուն կամ պատվիրատուները կմնան ստվերում: Թերեւս, հնարավոր լիներ ենթադրություններ անել ԱԺ պատգամավորի սպանությունը պատվիրած հավանական շրջանակների մասին, եթե հայտնի լիներ սպանության փորձի մոտիվը: Այս հարցում էլ, սակայն, միանշանակ կարծիքներ չկան: Ըստ դատախազությանը մոտ կանգնած մեր աղբյուրների, մոտիվը Ս. Միքայելյանի գործարար լինելու հանգամանքն է: Հայտնի է, որ նա Հրազդանում որոշ օբյեկտներ ու տարածքներ ունի, ու հենց դրանց շուրջ եղած այլոց հավակնությունները կարող էին նման պատվերի շարժառիթ լինել: Սակայն պատգամավորին մոտ կանգնածների համոզմամբ, իրականում նման խնդիր չէր կարող լինել, համենայնդեպս՝ Ս. Միքայելյանի եւ «Կոճեի» միջեւ, որովհետեւ, նրանց ասելով, այս մարդն իրենից առանձնապես ոչինչ չի ներկայացնում եւ առանձնապես կշիռ չունի, առավել եւս՝ սպանություն պատվիրելու իմաստով: Կա այլ կարծիք՝ սպանության պատվերը քաղաքական շարժառիթ ունի: Համենայնդեպս, Ս. Միքայելյանի շրջապատում հակված են այս կարծիքին, թեեւ ոչ ոք հիմնավորապես ոչինչ պնդել չի կարող: Մեր այն հարցադրումներին, թե ինչո՞ւ պատգամավոր Ս. Միքայելյանը կամ նրան մոտ կանգնած մարդիկ հետեւողական չեն սպանության պատվիրատուին ձերբակալել տալու հարցում եւ չեն պնդում դրա անհրաժեշտությունը, տրամաբանական պատասխանն այս էր՝ «բայց ո՞ւմ պնդենք»: Ստացվում է, որ ԱԱԾ-ն պարզապես մահափորձի դեպքը բացահայտելու ցանկություն չունի, որովհետեւ հակառակ պարագայում մեր աչքի առաջ եղած նախադեպերն ասում են, որ ցանկության դեպքում իրավապահները անգամ զազրախոսելու համար մարդկանց կարողանում են օրերով պահել ու անգամ պատվերի դեպքում վարչական հանցագործության համար քրեական հոդվածներ «թխել»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել