ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Գլուխ քսանչորսերորդ
ՑԵՐԵԿԱՅԻՆ ԼՈՒՅՍԵՐ
– Բարի գիշեր,- ասացի Կարոյին ու մյուսներին եւ իրենց պատասխանին չսպասելով՝ շրջվեցի ու գնացի:
Մայրս պատշգամբից ինձ տեսավ ու չէր էլ կարող չտեսնել, որովհետեւ ինքը գիշերվա էդ ուշ ժամին պատշգամբում էր նստում, որպեսզի մեր ու Կարոյենց շենքերի արանքում երբեմն-երբեմն հայտնվող կեսգիշերային հատուկենտ անցորդների ստվերներից ցնծությամբ ճանաչեր հենց ի՛մ ստվերը, եւ երբ մայրս ինձ ճանաչեց, տեսա, որ անմիջապես վեր կացավ ու ներս գնաց, ու երբ մեր մուտքի աստիճաններով բարձրացա, մայրս, ինչպես միշտ, մեր դռների մեջ շատ ողբերգական ու շատ խիստ տեսք էր ընդունել, բայց, ինչպես միշտ, չկարողացավ իր դեմքի ողբերգական ու խիստ արտահայտությունը երկար պահել ու, անկախ իրենից, ինձ իր անմոռանալի ժպիտով պատասխանեց, եւ իր էդ պահերի ժպիտն իր ներսի բազում շողերից ամենաանբռնազբոս ու ամենաէական շողն էր, որը մայրս ոչ մի կերպ չէր հաջողացնում իր ներսում պահել ու թաքցնել, ու էդ պահերին իր ուրախությունը երեւի շատ էր մեծ, որովհետեւ մայրս ահավոր երեւակայության տեր էր եւ, մինչ պատշգամբից Կարոյենց ու մեր շենքերի արանքում ստվերս կհայտնաբերեր, մտովի արդեն ինձ հազար ու մի մեքենայի տակ եւ հազար ու մի կռիվների մեջ էր գցած լինում, ու երբ ամեն Աստծո գիշեր ինձ մազապուրծ եւ ողջուառողջ վերագտնում ու վերածնում էր, ներքուստ ցնծում ու աշխարհով մեկ էր լինում եւ իր ներսի ողջ ցնծությունն իր ներսում մի կերպ պահելով ու առկայծած ժպիտն էլ մեծ դժվարությամբ չքացնելով՝ հիմնականում ասում էր. «Դու հե՛չ խիղճ չունե՞ս»:
– Դու հե՛չ խիղճ չունե՞ս,- էդ գիշեր էլ մեր դռների մեջ ինձ դիմավորելով՝ ասաց մայրս:
– Ի՞նչ ա էղել, ա՛յ մամ,- ասացի ես.- էս խի՞ չես քնել:
– Ձեռ ե՞ս առնում,- զարմացավ մայրս:
– Կարոն ու տղերքը մինչեւ հիմի նարդի են խաղում,- ասացի ես.- բա իրանց մերերը ո՞նց են քնում:
-Էս քանի ժամ ա՝ իրանց մերերին եմ երանի տալի,- ասաց մայրս.- իրանք գիտեն, որ իրանց էրեխեքն իրանց դռանն են՝ թեկուզ մինչեւ լույս նարդի խաղան:
Դրանք է՛ն պահերն էին, երբ մայրս մոռանում էր, որ ինքը հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի է եւ պիտի գրական լեզվով խոսի:
Ես ու մայրս հետո մեր միջանցքում էինք շարունակում մեր խոսակցությունը, եւ մայրս դիտմամբ բարձր էր խոսում, որ եթե հայրս քնած լիներ՝ արթնանար, եւ եթե քնած չլիներ՝ չքներ, որովհետեւ մորս ահավոր էր զայրացնում էն հանգամանքը, որ հայրս առանց իմ հանապազօրյա վերադարձը տեսնելու՝ հանգիստ խղճով կարող էր պառկել ու քնել:
– Առավոտ աշխատանքի ես,- ասացի մորս.- գիտես, որ մոտս բանալի կա. ինչի՞ չես քնել:
– Էդ բանալին մեկ էլ հետդ չտանես,- լացակումած ասաց մայրս.- էս ամեն ինչի պատճառն էս բանալին ա:
– Ուշ ա, մա՛մ. գնա քնի,- ասացի ես:
– Ձե՞զ ինչ կա,- ասաց մայրս.- հես ա ձեն-ձենի կտաք ու կխռմփացնեք:
– Օ՜ֆ,- ննջարանից լսվեց հորս ձայնը:
– Մեջներդ մի գրամ խիղճ չկա,- ասաց մայրս:
– Ձեր հե՛րն եմ անիծել,- լսվեց հորս ձայնը:
– Քնե՛ք,- ասաց մայրս:- Պառկեք ու հանգիստ խղճով խռմփացրեք:
– Դո՛ւ էլ քնի, մա՛մ,- ասացի ես.- առավոտ շուտ աշխատանքի ես:
– Քնեի՝ չզարթնեի,- ասաց մայրս.- չզարթնեի ու էս ամեն ինչից պրծնեի:
– Որ մի տարի բանակ էի՝ ո՞նց էիր հանգիստ քնում,- ասացի ես:
– Շա՜տ հանգիստ էի քնում,- ասաց մայրս.- ամեն օր գնացել էն աշխարհ՝ հետ եմ էկել:
Երբ բանակից վերադարձա, հույս ունեի, որ մայրս չքնելու ու ամեն գիշեր դռանն ինձ սպասելու իր էդ սովորությանը վերջ կտա, որովհետեւ, ըստ առողջ ու նորմալ տրամաբանության, եթե ես մի ամբողջ տարի ամեն օր տուն չէի եկել, մայրս պիտի որ արդեն միանգամայն վարժված լիներ չգալուս, բայց, ինչպես հետագա կյանքը ցույց տվեց, մայրս էդ բանին երբեւէ չվարժվեց եւ Մոսկվայում երկու տարի սովորելուցս հետո էլ ու ամուսնանալուցս հետո էլ ու իր կյանքի վերջին օրերին էլ ամեն գիշեր սրտատրոփ սպասեց իմ վերադարձին:
Առավոտյան, երբ արթնացա, մերոնք իրենց գործերին էին գնացել, ու մայրս խոհանոցում ինձ համար ձվածեղ ու սուրճ էր թողել, ու ես ձվածեղս կերա, սուրճս վերցրի ու գնացի շուշաբանդ եւ գրեցի էդ օրվա իմ բանաստեղծությունը, որը, հիշում եմ, մայրական հոգու խորության ու խորհրդավորության մասին էր, բայց էդ բանաստեղծությունը երբեւէ չտպագրեցի, որովհետեւ, հիշում եմ, շատ սենտիմենտալ բանաստեղծություն էր ու հեչ նման չէր մյուս գրածներիս:
Արդեն տասներկուսի մոտ էր, եւ ես հագնվեցի ու դուրս եկա տնից, եւ Կարոն ու Երոն ներքեւում արդեն իրենց նարդին էին գլորում:
– Բարի լույս,- ասացի ես:- Գիշերը տուն չեք գնացե՞լ:
– Բարի լույս,- զառերը գլորելով՝ ասաց Երվանդը:
– Բարի լույս,- ասաց Կարոն:- Որ բարեւեցիր ու ճամփեդ չփոխեցիր, ուրեմն՝ շատ չես նեղացել:
– Դու շե՛շ,- ասաց Երոն:- Էրկու հատ լատարե է՛լ ուզեմ, Կարո՛ ջան:
– Ոտդ հեչ խերով չէր, Արմե՛ն,- ասաց Կարոն:
– Զատո իմ համար էր խերով,- ասաց Երոն:
– Ոչ մեկդ էլ աչքիս լույսը չեք,- ասացի ես:
– Վսյո ժե, զգացվում ա, որ նեղացել ես,- ասաց Կարոն:- Ի՞նչ անենք, որ սիրտդ առնենք:
– Թող մի թայլա Երոյի հետ խաղամ,- ասացի ես:
– Ուզո՞ւմ ես՝ իրար հետ խաղանք,- ասաց Կարոն:
– Չէ,- ասացի ես.- կրվածների հետ հետաքրքիր չի:
– Ոնց կուզես,- տեղն ինձ զիջելով՝ ասաց Կարոն.- մենակ թե՝ նեղացածությունդ անցնի:
– Ի՞նչ ենք խաղում,- զառերը գլորելով՝ ասաց Երոն:
– Նարդի,- ասացի ես:
– Ինչի՞ վրա ենք խաղում,- հարցրեց Երոն:
– Կարոյի հետ ինչի՞ վրա էիք խաղում,- հարցրի ես:
– Թայլեն էրկու հատ լատարե,- ասաց Երվանդը:
– Շարունակենք,- ասացի ես.- Կարոյի տեղն եմ խաղում:
– Իմ տեղը մի՛ խաղա,- ասաց Կարոն.- ես իմ կրվածները հազիվ փակվեմ:
– Որ կրվեմ՝ ե՛ս եմ փակվում,- ասացի ես:- Որ կրեմ՝ կրվածդ քվիտ ենք անում:
– Ըտենց համաձայն եմ,- ասաց Կարոն:
– Շա՜տ մեծահոգի ես, Կարո՛ ջան,- ծիծաղեց Երոն:
Կարոյի բախտից զառս շատ ուժեղ էր տալիս, եւ շատ չանցած՝ Կարոյի տանուլ տված վեց վիճակախաղի տոմսերից չորսը հետ բերեցի, ու Երոն նարդու քարերը խառնելով՝ շփոթված նայեց ինձ ու ասաց.
– Էլ չե՛մ խաղում: Զառդ խելքիցդ առաջ ա ընկել:
– Հերիք չի Արմենին գիշերը նեղացրինք, հիմի էլ ե՞ս իրան կպնում,- ասաց Կարոն:
– Չեմ կպնում,- ասաց Երոն.- ես փա՛ստն եմ ասում:
– Փաստն է՛ն ա, որ էրկու թայլա սուխոյ կրվար,- ասաց Կարոն:
– Դու քու կրվածների՛ց խոսա,- ասաց Երոն:
– Իմ կրվածներից չորսը հեչ էղավ, մնաց էրկու հատ,- ասաց Կարոն.- էղած-չեղածը վաթսուն կոպեկ չի՞:
– Մի մանեթ ա,- ասաց Երոն.- մոռանում ես, որ Դոսաֆի՛ լատարե ենք խաղացել:
– Թող մի մանեթ ըլնի,- ասաց Կարոն.- էդ մանեթը հենց հիմի էլ կարամ տամ:
– Ինձ մանեթդ պետք չի,- ասաց Երոն:- Քու ձեռով էրկու հատ լատարե կառնես՝ կտաս:
– Իմ ձեռով չե՛մ առնի,- ասաց Կարոն.- բա որ հանկարծ ավտո՞ շահես:
– Աստված ձե՛նդ լսի,- ասաց Երոն.- քու արդար ձեռով էրկու հատ լատարե կջոկես՝ կտաս ինձ:
– Ես ուրի՛շ բան եմ առաջարկում,- ասաց Կարոն:
– Ի՞նչ ես առաջարկում,- հարցրեց Երոն:
– Առաջարկում եմ՝ էթանք Աբոյի մոտ՝ պիվա խմենք,- ասաց Կարոն:- Ե՛ս եմ պատիվ տալի:
– Կրվածդ լատարեների հաշվի՞ն,- հարցրեց Երվանդը:
– Հա,- ասաց Կարոն:
– Համաձայն եմ,- մի քիչ մտածելուց հետո ասաց Երվանդը:
– Ես է՛լ եմ համաձայն,- ասացի ես:
– Համ էլ՝ Արմենի հետ կբարիշենք,- ասաց Կարոն:
– Խի Արմենի հետ խռով ե՞ք,- հարցրի ես:
– Խռովը խռով չենք, բայց ինքը կարող ա էրեկվա խոսակցությունից նեղացած ըլնի,- ասաց Կարոն:
– Ինքը ամեն դատարկ բանից նեղացող չի,- ասացի ես:
– Հեչ էլ դատարկ բան չէր,- ասաց Կարոն.- որ նեղանայիր, շատ էլ ճիշտ կանեիր:
– Որ նեղանալու պատճառ ման գաս՝ միշտ էլ կգտնես,- ասաց Երոն:
– Դե լավ ա, որ չես նեղացել,- ասաց Կարոն:- Ես էս նարդին գցեմ տուն՝ գամ:
Աբոյի մոտ թարմ գարեջուր էին ստացել: Կարոն միանգամից վեց գավաթ գարեջուր բերեց ու մի ափսե սիսեռ:
– Ընդամենը էրկու հատ լատարե ես կրվել, բայց ահագին ավել ծախսեցիր,- ասաց Երոն:
– Արմենի քվիտ արածները չեմ հաշվում, որ հետո էրեսով չտաս,- ասաց Կարոն:
– Աբոյի պիվեն սավսեմ ուրիշ ա,- կում անելով՝ ասաց Երվանդը:
– Մանավանդ՝ որ նոր են բերած ըլնում,- ասաց Կարոն.- ես իրանց ժամերը գիտեմ, դրա համար ասեցի՝ ըստեղ գանք:
– Ուրիշ ոչ մի տեղ ըսենց պիվա չկա,- ասաց Երվանդը:- Կրվածդ սաղ լատարեները քվիտ եմ անում, Կարո՛ ջան:
– Դո՛ւ չես քվիտ անում,- ասաց Կարոն.- էն չորս հատը Արմե՛նը քվիտ արեց:
– Ճիշտ ա,- ասացի ես:
– Ինքը քեզ նիզաշտո կպնում ա, դու իրա կրվածները քվիտ ե՞ս անում,- ինձ նայեց Երոն:
– Ես իրան ե՞րբ եմ կպել,- ասաց Կարոն:
– Հենց էս գիշեր,- ասաց Կարոն.- Ֆրունզի հաշվով չկպա՞ր:
– Հանաք եմ արել,- ասաց Կարոն:
– Հեչ էլ հանաք չէր,- ասաց Երոն ու ինձ հարցրեց.- հանաք է՞ր, Արմեն:
– Հանաքը հանաք չէր, բայց դու էլ կողքից դամ էիր պահում,- ասացի ես.- կողքից լավ էլ շիրա էիր տալի:
– Հա,- ասաց Երոն,- բայց դու իրա՛ կրվածները քվիտ արիր:
– Հալալ ըլնի,- ասացի ես:
– Իրան հալալ կըլնի, բայց ի՛նձ հալալ չեղավ,- ասաց Երոն:
– Կարոն իրա կրվածից մի բան էլ ավել ծախսեց,- ասացի ես:
– Իզուր էլ բացատրում ես, Արմեն ջան,- ասաց Կարոն.- մեկ ա՝ չի՛ հասկանա. ինքը դպրոցում թվաբից լրիվ զրո էր:
– Ինքը քեզ նեղացրեց, բայց դու հիմի իրան վիռուչատ արիր,- ինձ ասաց Երոն:
– Ոչինչ,- ասացի ես:- Էրեկ Կարոն երեւի մի քիչ խմած էր:
– Հեչ էլ խմած չէր,- ասաց Երոն.- ուղղակի նարդիով էնքան էի կրել, որ մանթռաշից մեռնում էր:
– Էրեկ զառս հե՛չ չէր տալի,- ասաց Կարոն:
– Էսօր է՛լ բմբուլներդ քամուն տվի,- ասաց Երոն:
– Արմենն էլ քե՛զ բմբլահան արեց,- ասաց Կարոն:- Ես գոնե թայլի մեջ մի քանի օյին կրում էի. դու լրիվ սուխոյ կրվար:
– Զառս հե՛չ չէր տալի,- ասաց Երոն:
– Իմն է՛լ չէր տալի,- ասաց Կարոն:
– Արմե՞նն ինչ մեղք ուներ. իրա՞ն ինչի նիզաշտո նեղացրիր,- ծիծաղեց Երոն:
– Կրակի վրա յուղ ե՞ս լցնում,- ասաց Կարոն:- Արմենն արդեն էդ խոսակցությունը մոռացել ա:
– Մոռանալը չե՛մ մոռացել, բայց չեմ էլ ուզում հիշեմ,- ասացի ես:
– Էդ մոռանալու բան չէր,- ասաց Երոն:
– Հիմի էլ քե՛զ ա շիրա տալի,- ասաց Կարոն:
– Անցած ըլնի,- ասացի ես:
– Բարիշե՛նք,- իր գավաթն իմ գավաթին խփելով՝ ասաց Կարոն:
– Ո՛չ էլ խռովել էի,- ասացի ես:- Կյանք ա. ամեն ինչ էլ կպատահի:
– Լրիվ փիլիսոփա ես դառել,- ասաց Երոն:- Առաջ մեկը որ խաթրիդ կպներ՝ դնչի՛ն էիր տալի:
– Էդ առաջ էր,- ասացի ես:
– Մարդկանց կռվացնելու համար խելքդ քոնը չի, Երո՛,- ասաց Կարոն:
– Սրան կռվացնել կըլնի՞,- ասաց Երոն.- չես տենո՞ւմ՝ լրիվ դառել ա փիլիսոփա: Ֆրունզի ու Շերենցի հետ երեւի առավոտից իրիկուն փիլիսոփայում են:
– Իրանց գործն ա,- ասաց Կարոն.- կուզեն՝ կփիլիսոփայեն, չեն ուզի՝ չեն փիլիսոփայի:
– Բան չունեմ ասելու,- ասաց Երոն.- ուզում եմ ասեմ՝ հեչ առաջվա Արմենը չի. բանակն իրան շատ ա փոխել:
– Բանակը որ փոխող ըլներ՝ մեզ է՛լ կփոխեր,- ասաց Կարոն:- Արմենը կակռազ բանակից հետո՝ ըստե՛ղ փոխվավ. էդ ոտանավորից-բանից հետո:
– Ինձ եք ասում, բայց դուք էլ պակաս չեք փիլիսոփայում,- ասացի ես:
– Փիլիսոփայում ենք, որ մեր հետ էլ լայաղ անես սեղան նստես,- ասաց Երոն:
– Ա՛յ Երո, ի՛նձ ես ասում, բայց, փաստորեն, դու Արմենին ավելի՛ գեշ ես կպնում. ուզում ես ասես՝ ինքը գոռոզացել ա՞,- ասաց Կարոն:
– Երոյին ներելի ա,- ասացի ես.- ուրիշը որ էրկու թայլա սուխոյ կրվեր, երեւի ավելի՛ անկապ բաներ խոսար:
– Հա,- ասաց Կարոն.- շատ գեշ կրեցիր:
– Դու գոնե կրել-կրվելուց մի խոսա,- ասաց Երոն.- էրեկվանից, փաստորեն, բեզպերերիվ կրվում ես:
– Ես գոնե սուխոյ չեմ կրվել,- ասաց Կարոն:
– Սուխոյն ի՞նչ կապ ունի,- ասաց Երոն.- թայլեն թայլա չի՞:
– Թայլա էլ կա՝ թայլա էլ,- ասաց Կարոն.- ձեր էրկու թայլեն հեչ տասնհինգ րոպե է՛լ չտեւեց:
– Կարո՛ տղա, խոսք եմ տալի՝ մյուս անգամ հինգ րոպեում հարցերդ լուծեմ,- ասաց Երոն:
– Մյուս անգամ՝ ե՞րբ,- հարցրեց Կարոն:
– Երբ ուզես,- ասաց Երոն.- թեկուզ հենց հիմի:
– Էթա՛նք,- ոգեւորվեց Կարոն.- էթանք շարունակենք:
– Ես միշտ պատրաստ եմ,- երկրորդ գավաթը դատարկելով՝ ասաց Երոն:- Էթանք կաշիդ քերթեմ:
– Էլ չենք խմո՞ւմ,- հարցրեց Կարոն:
– Էսքանը հերիք էր,- ասացի ես:
– Խմելուց է՛լ ես հետ վարժվել,- ասաց Կարոն:
– Ինքը ամեն մեկի հետ չի՛ խմում,- ասաց Երոն.- էս էրկու բակալն էլ որ հետներս խմեց՝ մեր համար շատ մեծ պատիվ էր:
– Արդեն լրիվ լիշնի բաներ ես խոսում,- ասաց Կարոն:
– Նարդու հետեւանքներն են,- ասացի ես:
– Էթանք՝ էրկուսիդ դասն էլ հերթով տամ,- տեղից վեր կենալով՝ ասաց Երոն:
– Էթանք,- տեղից վեր կենալով՝ ասաց Կարոն.- Արմենը վկա կըլնի՝ ոնց եմ բմբուլներդ քամուն տալի:
– Ես գնամ,- ասացի ես:
– Ո՞ւր,- զարմացավ Կարոն:- Չես ուզո՞ւմ տենաս՝ ոնց եմ սրա կաշին հանում:
– Չէ,- ասացի ես.- պայմանավորված եմ:
– Ո՞ւմ հետ ես պայմանավորված՝ Ֆրունզիկի՞,- հարցրեց Երոն:
– Համ էլ՝ Շերենցի՛,- ժպտացի ես:
– Իրանց կբարեւե՛ս,- ժպտաց Երոն:
– Անպայմա՛ն,- ասացի ես.- կասեմ՝ Երոն բարեւում էր:
– Հաջո՛ղ, Արմե՛ն ջան,- ասաց Կարոն:- Էրեկվա հաշվով ավել-պակաս կներես:
– Ներելու բան չկա,- ասացի ես.- հազար տարվա ընկեր ենք:
– Երոյին է՛լ ների,- ժպտաց Կարոն:
– Երոյինը լրիվ հասկանալի ա,- ասացի ես.- ինքը շատ պիտի պարապի:
– Ի՞նչ պիտի պարապի,- հարցրեց Կարոն:
– Նարդի,- ասացի ես:
– Հիմի կակռազ պարապմունքի ժամն ա,- ասաց Կարոն.- տանեմ՝ մի հատ դաս տամ:
– Հաջող,- ասացի ես:
– Հաջո՛ղ,- ժպտաց Երոն:- Սմակտունովսկուն է՛լ կբարեւես:
– Պապանովի՛ն էլ,- ծիծաղեց Կարոն:
– Անպայմա՛ն,- ասացի ես:
Սիրտս ահագին թեթեւացավ, եւ միտքս էլ պարզվեց, ու ես իմ պարզված մտքով հանկարծակի մտաբերեցի, որ իսկապե՛ս Ֆրունզիկի, Շերենցի ու Լեւոն Ներսիսյանի հետ ժամադրված եմ՝ երեկոյան յոթին «Արարատ» ռեստորանում:
Ամբողջ օրը դեմս էր, ու ես չնայած շատ ուրախ էի, որ նախորդ գիշերվա ողջ տհաճ նստվածքը Կարոյի ու Երոյի հետ համատեղ ցրեցինք, այդուհանդերձ, ես հակառակ ուղղությամբ՝ դեպի Կինոյի տուն շարժվեցի, որովհետեւ իրենց նարդին ու իրենց էդ կատակներն ինձ համար տհաճ էին, եւ չնայած մեր միջեւ հարազատության ու մտերմության որոշ նշույլներ դեռեւս կային, բայց երերուն էդ նշույլներն այլեւս ի վիճակի չէին մեզ իրար մոտ պահել, ու Աստված, փաստորեն, Կրիվոյում ինձ անելիք չէր թողել, ու չնայած քաղաքո՛ւմ էլ առանձնապես անելիք ու զբաղմունք չունեի, բայց արդեն վերջնականապես քաղաքինն էի, եւ ահա՝ Կարոյի ու Երոյի հետ բարիշած ու թեթեւացած՝ ինքս ինձ Գնունիով տեղափոխում էի քաղաք, ու դեմովս մի հաղթանդամ աղջիկ էր քայլում՝ էն ժամանակների համար տարօրինակ կարճ ու տղայական մազերով, շալվարը՝ կասկարմիր եւ հետույքի ողջ մանրամասներն ու բարեմասնությունները շոշափող ու մատնող, եւ Գնունու հենց սկզբից գրեթե կողք կողքի առաջանալով՝ արդեն Կոշիկի տունն անցել էինք ու արդեն Ազիզբեկովի հրապարակ էինք մտնում, ու Կինոյի տնից մինչեւ Ազիզբեկովի հրապարակ էդ տարածությունը գրեթե կողք կողքի առաջացանք, ու «գրեթե» եմ ասում, որովհետեւ ես դիտմամբ ոտս կախ էի գցում ու իրեն առաջ էի թողնում, ու էդպես մի քիչ առաջ ընկած՝ ինքն ավելի սիրուն ու ավելի ամբողջական էր, ու շալվարի զգլխիչ տեղերն էլ առավել զգալի ու տեսանելի էին, ու ինքը Գնունու տպարանից մինչեւ Կոշիկի տան վերջերը երեք անգամ շրջվեց ու ինձ նայեց, ավելի ճիշտ՝ գլուխը թեթեւ թեքեց եւ ուղիղ աչքերիս նայեց, որովհետեւ շրջվելու կարիք բնավ չկար, քանի որ՝ ես ընդամենը կես կամ ամենաշատը մի քայլ էի իրեն ինձանից առաջ թողել, ու չնայած կրնկակոխ էի իրեն հետապնդում, բայց մեջս հեչ լարվածություն չկար, մանավանդ որ՝ Կարոյի ու Երոյի գիշերվա տհաճ նստվածքից լրիվ մաքրված ու չափազանց թեթեւացած էի, ու ինքն էլ՝ թեեւ հաղթանդամ էր, բայց միանգամայն թեթեւասահ էր դիմացովս առաջանում, ու բոյն էլ իմ բոյից հաստատ պակաս չէր, ու եթե մի մեծ քայլ անեի ու անմիջապես իր կողքին հայտնվեի, վտանգ կար՝ որ կարող էր ինձանից բոյովանալ, բայց ես ամենեւին չէի շտապում, որովհետեւ՝ նախ շտապելու տեղ չունեի, եւ երկրորդ՝ էդ մի քայլ հեռավորությունից ինքը միանգամայն կատարյալ ու տեսարժան էր, ու է՛ն ժամանակներն էին, երբ ես ծանր քաշային աղջկերքին ու կանանց էի նախընտրում, ու է՛ն ժամանակներն էին, երբ փողոցում աղջիկ խոսացնելն ամենեւին անվտանգ չէր, ու լավագույն դեպքում շշպռվելով էիր պրծնում, այսինքն՝ լավագույն դեպքում խոսացվողը խստահայաց նայում ու նամռոտ նետում էր՝ «քո իմացածների՛ց չեմ», կամ՝ «գնա մորքուրի՛ցդ ժամ հարցրու», եւ կամ՝ «հիմի սումկես կիջնեմ գլխիդ», կամ էլ, ամենաբարեհաջող դեպքում, մայթը կտրուկ փոխում ու արագաքայլ հեռանում էր:
Բայց սա էդ դեպքերից ո՛չ մեկը չէր, ու հենց սկզբից էլ զգացվում էր, որ էդ դեպքերից չի, որովհետեւ հաղթանդամն իմ ու իր միջեւ եղած հեռավորությունը ո՛չ միայն չէր ավելացնում, այլեւ սկզբից մինչեւ վերջ տեմպն ինձ զիջելով՝ ակնհայտորեն թողնում էր, որ ի՛նքս որոշեմ ու պահեմ իմ ու իր միջեւ տարածության ցանկալի ու նախընտրելի չափը, ու Գնունու էդ մայթով մեր սահքն անասելի թեթեւ էր, ու մեջս բացարձակապես լարվածություն չկար, ու քաղաքը ճողփում էր օգոստոսի տժտժան արեւի մեջ, ու դիմացիցս իր հաղթանդամ մարմինը թեթեւորեն տեղափոխողը Կինոյի տնից մինչեւ Ազիզբեկովի հրապարակ ժամանակամիջոցում երեք անգամ դեմքը թեթեւակի թեքեց եւ ուշադիր ինձ նայեց, եւ առաջին անգամը տպարանի մոտերքում էր՝ զարմացած ինձ նայեց, բայց հայացքի մեջ բացարձակապես թշնամանք չկար, եւ երկրորդ անգամ ինձ նայեց ու իր հայացքն իմ հայացքին գամեց՝ երբ Կոշիկի տունն արդեն անցել էինք, ու էդ երկրորդ անգամն ինձ նույնիսկ թեթեւակի ժպտաց, եւ երրորդ անգամ ինքն ինձ ժպտաց Ազիզբեկովի հրապարակից անց՝ ֆուտբոլիստ Աբրահամյան Օնիկի «Սպորտ» խանութի հենց դռան մոտ, եւ երբ երրորդ անգամ ինքն իր պրոֆիլն ինձ տեսցրեց, ես իր ցից ու պստիկ քթիկը տեսնելով՝ մտածեցի ռուս է, եւ դա բոլոր տարբերակներից ամենահնարավոր ու ամենահավանական տարբերակն էր, ընդ որում՝ միանգամայն տրամաբանական ու միանգամայն ցանկալի տարբերակ, որովհետեւ երբ երկրորդ անգամ ինձ իր պրոֆիլը ցուցադրելով՝ աննշան ու նշանակալի ժպտացել էր, մտածել էի՝ կամ ծանոթ է, կամ էլ՝ հարեւան կամ հեռու բարեկամ, ու հենց է՛դ միտքն էր ինձ հետ պահում անհրաժեշտ ու պարտադիր խոսակցությունն սկսելուց, որովհետեւ բանակիս մի ամբողջ տարվա ու հետբանակային էդ գրեթե մի տարվա ընթացքում մեր հարեւանների ու բարեկամների աղջկերքն անճանաչելիորեն փոխվել, հասունացել ու խոշորացել էին, ու չճանաչելու էդպիսի մի անհեթեթ դեպք արդեն եղել էր, այսինքն՝ աղջիկ կապելու մի էդպիսի անհաջող փորձ իմ էդ վերջին տարում արդեն եղել էր, ու կապելու ենթական տատիս բազմաթիվ քույրերից մեկի թոռնուհին էր, ու ես անհեթեթ ու ապուշ վիճակում էի հայտնվել ու էդ դեպքից հետո ահագին ժամանակ տատիս կողմի մարդկանց տեսադաշտում աշխատում էի չհայտնվել, ու չնայած թոռնուհին շուխուռը, փաստորեն, չէր գցել, բայց դա ինձ համար շատ հիշարժան ու շատ ուսանելի դաս էր, ու ահա հաղթանդամի հետեւից Աբրահամյան Օնիկի «Սպորտ» խանութ մտած ու հաղթանդամից ահագին հեռու կանգնած՝ սկզբում շտանգեքն ու գիրերն էի իբր ուսումնասիրում եւ հետո անցա թենիսի ռակետներին, ու էդ մարզական գործիքների բաժնի հայելու մեջ իր ողջ խոշորությամբ եւ ամբողջովին տեղավորված էր կարճամազ ու կարմիրշալվարավոր էդ զգլխիչ հաղթանդամը, եւ իր կողքանց դիրքից հայելու մեջ իր պստիկ քթի ու աջ կրծքի կրքահարույց ցցերն էին հստակորեն ու միանգամայն ցցված, եւ մարզական գործիքների բաժնի հայելու մեջ ինքը մարզահագուստների բաժնի վաճառողուհուն ինչ-որ բան հարցրեց, ինչ-որ պատասխան ստացավ, ու հայելուց չկտրվելով՝ ընդամենն է՛ն հասկացա, որ հայերեն են խոսում, եւ երբ վաճառողուհին կարճամազին մուգ կապույտ գույնի կտորից ինչ-որ բան պարզեց, ես մարզական իրերի բաժնի հայելու մեջ տեսա ու հասկացա, որ պարզվածը հսկայական ու մարզական մի տրուսիկ է, ու քանի որ խանութում միայն կին աշխատողներ էին, ու ես էլ մեջքով էի իրենց կանգնած, կարճամազն էդ հսկայական տրուսիկը մի քանի վայրկյան իր մարմնի ու իր կարմիր շալվարի վրա պահեց, եւ մարզական գործիքների բաժնի հայելու մեջ էդ զննվող ու չափչփվող տրուսիկին նայելով՝ նույնիսկ ե՛ս համոզվեցի, որ ճիշտ եւ ճիշտ իր վրայով ու իր հագով է, եւ երբ ի՛նքն էլ համոզվեց ու վաճառողուհուն հայերեն ասաց՝ «տվե՛ք, վերցնո՛ւմ եմ», վաճառողուհին թղթով փաթաթեց ու ընդամենը մի բուռ դարձրեց էդ հսկայական ապրանքը, եւ երբ կարճամազ կարմիրշալվարավորը փողը վճարեց ու զարմանալիորեն փոքրացած էդ ապրանքը խցկեց պայուսակի մեջ, ես մեծ թենիսի ռակետն իր տեղը դնելով՝ անմիջապես ելման դիրք ընդունեցի, եւ երբ ինքն արդեն խանութից դուրս էր գալիս, ես մեծ ոստյունով թռա ու նրա առջեւ բաց արի խանութի դուռը, եւ ինքը հենց դռների մեջ միանգամայն լայն ժպտալով՝ իր դեմքի ողջ լույսերն ուղղեց ինձ ու ասաց՝ «շնորհակալություն»: