Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆիզկուլտուրան հարկավոր է բոլորիս, բայց…

Մարտ 18,2006 00:00

Ֆիզիկական դաստիարակությունը պարտադիր առարկա է ուսումնական հաստատությունների բոլոր օղակներում: Մարզումների շնորհիվ ձեւավորվում եւ զարգանում են անհատի շարժողական հմտությունները, ուժը, դիմացկունությունը։

ԵՊՀ ֆիզդաստիարակության եւ սպորտի ամբիոնում այսօր շուրջ հինգ հազար ուսանող է մարզվում։ Նախկինում ուսումնառությունը չորս տարի էր՝ շաբաթական չորս ժամով, այժմ՝ երկու տարի՝ շաբաթական երկու ժամով։

Ամբիոնում տասնվեց մարզաձեւերից գործում են սպորտային կատարելագործման խմբեր (սեկցիաներ), որոնցից հիմնական չորսում ընդգրկված է շուրջ 350 ուսանող: Հատուկ եւ բուժական խմբերը նախատեսված են ֆիզիկապես թույլ եւ առողջական խնդիրներ ունեցող ուսանողների համար։ Նրանց ֆիզդաստիարակությունը կազմակերպվում է բժիշկների հսկողության ներքո։

Ֆիզկուլտուրան սիրված առարկա է ուսանողների շրջանում: Նրանց մեծ մասն ուզում է մասնակցել դասերին, բայց մի մասն էլ խուսափում է, որովհետեւ դահլիճներն անմխիթար վիճակում են, չկան անհրաժեշտ գույք եւ լոգարաններ:

Թամար Գուրգենյան, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս. «Ֆիզկուլտուրան կողմնակի առարկա չեմ համարում: Գուցե համալսարանի ղեկավարությունն է այդպես մտածում: Մարդու համար չպետք է առանձնացնել որեւէ տարիք ու սահմանել, որ դրանից հետո արդեն չարժե ֆիզկուլտուրա անցնել: Մարդը, եթե գիտակցում է դրա անհրաժեշտությունը, ֆիզիկական կրթությամբ պետք է զբաղվի ամբողջ կյանքում: Համալսարանում երկու տարում այնքան քիչ ժամաքանակ էր տրամադրված ֆիզկուլտուրային, որ նշանակալից փոփոխություն չզգացի»:

Մարիամ Գրիգորյան, բանասիրական ֆակուլտետ, 4-րդ կուրս. «Եթե ֆիզկուլտուրա անցնենք նաեւ 3-րդ եւ 4-րդ կուրսերում, միայն կողջունեմ, որովհետեւ անցած երկու տարիներին էլ մեծ հաճույքով եմ մասնակցել դասերին»:

Աստղիկ Ասյան, միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, 3-րդ կուրս. «Ես չէ, բայց մեր կուրսեցիների մեծ մասը բողոքում է, որ համազգեստները տանել-բերելն է տհաճ»:

Դավիթ Մկոյան, իրավաբանական ֆակուլտետ, 3-րդ կուրս. «Համալսարանում ֆիզկուլտուրայի հարցը շատ բաց կողմեր ունի: Բայց գլխավորը, թերեւս, ցնցուղարանների բացակայությունն է, որ դասից հետո քրտինքից մաքրվենք»:

Հայարփի Ղարախանյան, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս. «Կասեի, որ շաբաթը մեկ կամ երկու անգամ ֆիզկուլտուրա անելը ձեւական է: Ֆիզկուլտուրա ամեն օր պիտի անցնել»:

Վարուժան Մխիթարյան, կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս. «Ֆիզկուլտուրան հարկավոր է առողջության համար: Դասաժամերը քիչ են, բայց, ինչ արած, ստիպված պետք է համակերպվենք»:

Գոհար Հովսեփյան, միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, 3-րդ կուրս. «Կարելի է ուսխորհրդի միջոցով փորձել հարցը կարգավորել, բայց շատերը նախընտրում են չմասնակցել դասերին եւ ժամանակը այլ տեղերում են վատնում: Ես ուզում եմ, որ դասաժամերն ավելանան»:

Հարցին, թե ինչո՞ւ ԵՊՀ-ի 3-րդ եւ 4-րդ կուրսերի ուսանողները ֆիզկուլտուրա չեն անցնում, դասախոս Սարգիս Սանթրոսյանը պատասխանեց, որ հիմա ամբիոնը բավարար պայմաններ չունի: «Այդ հարցը ոչ թե ինձ, այլ համալսարանի ղեկավարությանը պետք է տալ: Մենք կարողանում ենք զբաղեցնել միայն 1-ին եւ 2-րդ կուրսեցիներին: Չնայած ֆակուլտետներ կան, ուսանողների որոշ խմբեր, որ ցանկություն ունեն 3-րդ կուրսում էլ հաճախել: Ու գալիս են»: Պարոն Սանթրոսյանը նաեւ հավաստիացրեց, որ եթե ցանկացողներ լինեն, ամբիոնը, չնայած վատ պայմաններին, կանի ամեն ինչ, որ նրանց հետ պարապի:

Ուսումնական պլանով բարձր կուրսերում «ֆիզիկական կուլտուրա» դասընթաց չի նախատեսված, որովհետեւ մասնագիտական առարկաներն այնքան շատ են, որ ոչ բոլորն են տեղավորվել շաբաթական ծանրաբեռնվածության մեջ: Բազմաթիվ այլ պատճառներ էլ կան: Բայց պրոռեկտոր Արամ Սիմոնյանի հետ զրույցից պարզ է դառնում, որ գլխավորը գումարի բացակայությունն է: «Նախ եւ առաջ պետք է լուրջ ֆինանսավորում լինի՝ պետական բուհերի մարզաբազաները կարգի բերելու համար,- ասում է նա:- Մեր այս հսկայական մարզահամալիրը վատ վիճակում է: Շինարարական լուրջ խնդիրներ կան. կոնստրուկցիաները հին են, իրենց դարն ապրած, ֆիզիկապես մաշված: Նորոգումը հսկայական գումարներ՝ $2,3 մլն է պահանջում, որ այսօր համալսարանը իրեն թույլ տալ չի կարող: Գնդակն ի՞նչ է: Գնդակ գնելու համար հսկայական գումարներ ենք ծախսում: Համալսարանի բյուջեն սուղ է: Պետությունը միայն 25-26 տոկոսն է տալիս: Դրանով ինչպե՞ս ապահովենք եւ’ ուսումնական պրոցես, եւ’ աշխատավարձ, եւ մնացած բաները: Միայն ջրավազանի համար, որը, ըստ էության, նորից պիտի սարքվի, հաշվարկել ենք՝ հարկավոր է $ 200 հազար: Որպեսզի 12 հազար ուսանող տաք ջրով ամեն օր ցնցուղ ընդունի՝ համալսարանի ամբողջ բյուջեն չի բավարարի»:

Պրոռեկտորը ֆիզկուլտուրայի դասավանդման մասին իր տեսակետն ունի. ֆիզկուլտուրայի դասերը պետք է ընդհանուր դասացուցակային ցանցից հանվեն, որովհետեւ, ըստ նրա, շաբաթական մեկ օր զբաղվելը ոչ թե նպաստում է առողջությանը, այլ վնասում. «Ուսանողն ամբողջ շաբաթ ոչնչով չի զբաղվում ու հանկարծ շաբաթական մեկ ժամ սկսում է վազել՝ շեշտակի ավելացնելով օրգանիզմի բեռնվածությունը»: Արամ Սիմոնյանի համոզմամբ՝ ուսանողներն իրենց մարզաձեւն ընտրելու եւ ֆիզկուլտուրայով ամեն օր զբաղվելու, ըստ որում՝ իրենց հարմար ժամին, հնարավորություն պետք է ունենան: Ռեկտորատն արդեն դրանով զբաղվում է: Ամբիոնի հետ մանրամասն քննարկել է դրան վերաբերող հարցերը: «Չնայած աշխատատար է եւ ժամանակ շատ կխլի, բայց, կրկնում եմ, անհրաժեշտ ցանկությունն արդեն կա: Ի՞նչ կստացվի, հիմա չեմ կարող ասել, բայց այդ գործն սկսել ենք եւ ուզում ենք ինչ-որ բան անել»:

Նոր ուսումնական տարում, հավանաբար, կավելանա միայն սեկցիաների թիվը: Ռեկտորատը փորձելու է նյութական բազան լավացնել՝ մասնավորապես կարգավորելով հանդերձարանների, ցնցուղների հարցը, ուսումնամեթոդական աշխատանքներ կարվեն՝ նոր համակարգին անցնելու համար: Եվ գուցե միայն դրանից հետո բոլոր կուրսերում շաբաթը 2-3 անգամ ֆիզկուլտուրայի դասեր կանցկացվեն:

ԳԱՅԱՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել