Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՄ ՕՐՈՔ ՈՉ ՄԻ ՄԱՐԶԱՏԱՐԱԾՔ ՉԻ ՕՏԱՐՎԻ

Մարտ 18,2006 00:00

Ասում
է մայրաքաղաքի Արաբկիր համայնքի թաղապետ Հովհաննես Շահինյանը – Պարոն Շահինյան,
դուք թաղապետ ընտրվեցիք անցած տարվա հոկտեմբերի 25-ին: Հասկանալի է, համայնքը բազմաթիվ
խնդիրներ ունի լուծելու: Դրանց մեջ ազգաբնակչության առողջության պահպանմանը, ֆիզիկական
կուլտուրային ու սպորտին ի՞նչ կարեւորություն եք տալիս: – Եթե մարդն առողջ
չլինի, չի կարող առողջ մտածել: Մեր թաղապետարանը 2006 թ. համար համայնքում առողջ
ապրելակերպը զարգացնելու համալիր ծրագրեր է մշակել, որոնց իրականացումն արդեն սկսված
է: Առաջինը համայնքում ֆիզիկական կուլտուրայով զբաղվելու համար համապատասխան պայմաններ
ստեղծելն է: Այս գործում անձամբ ես կարեւորում եմ համայնքում մեր N1 ՄԴ-ի բազայի
վրա մարզական խոշոր համալիր-կենտրոն ստեղծելը: Մարզադպրոցի շենքը, շնորհիվ տնօրինության
հոգատարության, բավականին լավ է պահպանված: Հիմա այնտեղ հիմնանորոգման աշխատանքներ
են ընթանում: Դրանք կավարտվեն մոտ երկու ամսից, եւ շահագործումից հետո կառույցը պատանի
մարզիկներին, շրջակա շենքերի ու համայնքի բնակիչներին կդիմավորի խաղային եւ ուժային
մարզաձեւերի հարմարավետ դահլիճներով, վարժասարքերի սրահներով, հանդերձարան-ցնցուղարաններով:
Ճիշտ է, ջեռուցման խնդիրը դեռ լուծված չէ, բայց ես դիմել եմ հանրապետության մարզական
ղեկավարներին, նրանք էլ այդ հարցում մեզ խոստացել են աջակցել: Բացի դա, պատրաստակամություն
են հայտնել հնարավորության սահմաններում օգնել նաեւ անհրաժեշտ մարզագույքով: Ինչո՞ւ
սկսեցի հենց այդ մարզադպրոցից: Որովհետեւ դրա հետ կապված ստիպված ենք եղել որոշ խրթին
հարցեր լուծել ու ապագայի լուրջ ծրագրեր կան: Տարիներ առաջ իմ նախորդները մարզադպրոցի
առաջին հարկի հսկա դահլիճներից մեկի մի զգալի հատվածն օտարել էին «Արայ» ֆիրմային՝
որպես պահեստ օգտագործելու նպատակով: Հիմա ֆիրմայի ղեկավարության հետ իմ բանակցությունների
արդյունքում թաղապետարանն այդ տարածքը ետ է գնում ու վերադարձնում է մարզադպրոցին:
Ինչ վերաբերում է ապագայի ծրագրերին, համայնքի ավագանին դիմել է քաղաքապետին՝ քաղաքապետարանի
ՕՀՀՈՒ-ի սուսերամարտի մարզադպրոցը թաղապետարանի հաշվեկշիռ փոխադրելու առաջարկով:
Մենք պատրաստ ենք ապահովել եղած ֆինանսավորումը, շենքը հիմնանորոգել, պատշաճ տեսքի
բերել տարածքը: Ավելին, նպատակ ունենք հյուրանոցային համալիր կառուցել, որպեսզի տարբեր
մարզաձեւերի թիմեր, հատկապես՝ խաղային, որից հետ ենք մնում, հենց Երեւանում հավաքներ
անցկացնելու, մրցումներ կազմակերպելու հնարավորություն ունենան: Համալիրն ամբողջական
տեսք կստանա, երբ ֆուտբոլի ֆեդերացիան թաղապետարան-քաղաքապետարան-ֆեդերացիա եռակողմ
պայմանավորվածության համաձայն նույն տարածքում տեղադրի ՈՒԵՖԱ-ի «փոքր խաղադաշտեր»
ծրագրով նախատեսված ֆուտբոլի երկու մինի հրապարակ: – Եկեք խոսենք բակերի վիճակի
մասին, որտեղ երեխաների համար խաղալու տեղ գրեթե չի մնացել: – Բարեբախտաբար,
մեր համայնքում ոչ բոլոր բակերն են ավտոտնակներով ու այլ կառույցներով ապականվել:
Բակերի հարցում առանձնահատուկ մոտեցումներ ունենք: Այն, ինչը կխանգարի համայնքային
ծրագրերի իրականացմանը, կիրառելու ենք օրենքով սահմանված կարգով մեզ տրված լիազորությունները:
Չեմ բացառում նաեւ, որ որոշ տեղերում ինչ-ինչ շինություններ կարող են քանդվել: Աշխատանքների
հիմնական ուղղություններից մեկը բակերում պարզ տիպի խաղահրապարակներ կառուցելն է:
Իսկ այն շենքերի բակերում, որտեղ կան խաղադաշտեր, վերանորոգելու ենք, կարգի ենք բերելու:
Այստեղ հույս ունեմ, որ մեզ ակտիվ կաջակցեն նաեւ շենքերի բնակիչները: Մարտի 25-ից
ամեն շաբաթ ամբողջ համայնքի տարածքում կազմակերպվելու են շաբաթօրյակներ: Անելու ենք
այնքան, որքան հարկ լինի: Մասնակցելու են թաղապետարանի ստորաբաժանումները, համայնքի
տարածքի բոլոր միավորները: Ուզում ենք, որ համայնքը մաքուր լինի: Հենց այդ ընթացքում
էլ կտեսնենք, թե որ բակում խաղահրապարակից ինչ է մնացել, ինչ անելիք կա: Ի դեպ, համատիրություններին
թենիսի սեղաններ բաժանելու ծրագիր էլ ունենք: – Երկար տարիներ որպես մանկավարժ
աշխատել եք դպրոցում: Հետեւաբար քաջատեղյակ եք, որ ֆիզկուլտուրա առարկան գրեթե արհամարհված
է: Դահլիճներն անմխիթար վիճակում են, խաղահրապարակները վերածված են աղբանոցի: –
Չկա շաբաթ, որ որեւէ դպրոց չմտնեմ: Պարբերաբար մասնակցում եմ տնօրենների խորհրդակցություններին,
որոնցում այդ հարցերն էլ են քննարկվում: Ու պիտի ասեմ, որ նրանց մեծ մասը ֆիզկուլտուրա
առարկային բավականաչափ լուրջ է վերաբերվում: Պատահական չէ, որ մեր համայնքի դպրոցները
հաջող են հանդես գալիս տարբեր մրցումներում: Օրինակ, թիվ 148 դպրոցը մայրաքաղաքի
հանրակրթական դպրոցների միջեւ 2005 թվականին անցկացված շախմատի մրցումների հաղթողն
է, իսկ թիվ 56-ը՝ ՀՀ նախագահի հովանու ներքո կազմակերպվող դպրոցականների սպարտակիադայում
գրավել է թիմային առաջին տեղը: Թաղապետարանի աշխատողներով հանդիպել ենք նրանց, շնորհավորել
եւ փորձում ենք աջակցել ինչով հնարավոր է: Իսկ որպես ֆիզկուլտուրայի զարգացման եւս
մի խթան, մեր կրթության բաժնին հանձնարարել եմ ամբողջ ուսումնական տարվա ընթացքում
տարբեր մարզաձեւերից ներհամայնքային դպրոցական մրցումներ կազմակերպել, որից հետո
կհրավիրենք նաեւ մյուս համայնքների դպրոցներին: – Արաբկիրում մի ժամանակ կային
նաեւ մարզաբազաներ, որոնք ոչ միայն համայնքային, այլեւ քաղաքային նշանակություն ունեին:
Դրանք մեծամասամբ դադարել են գույություն ունենալ: – Այո: Ու, ցավոք, անվերադարձ
կորսվել են: Օրինակ, ժամացույցի գործարանի ֆուտբոլի դաշտի, որ այնքան սիրում էր երիտասարդությունը,
տեղում շենք է կառուցվել: Չկա նաեւ Բաբայան փողոցի ֆուտբոլի ծածկած խաղադաշտը: Հիմա
էլ վտանգված է հենց թաղապետարանի հարեւանությամբ գտնվող «Հյուսիսային ճառագայթի»
տարածքում հայտնված նախկին զբոսայգու հսկա խաղադաշտը: Երբ տեղեկացա, որ դա էլ օտարվում
է ինչ-որ շենք կառուցելու նպատակով, անմիջապես դիմեցի քաղաքապետին, որպեսզի վերանայվի
այդ որոշումը: Մի դաշտ էլ թող շենք չդառնա: Մենք էլի պատրաստակամ ենք այն բարեկարգել,
հանդիսականների համար նստելատեղեր ստեղծել ու տրամադրել ժողովրդին: Իմ սկզբունքը
հետեւյալն է. այն, ինչ մնացել է իմ թաղապետ ընտրվելու օրվանից, չի օտարվելու ու ծառայելու
է իր նպատակին: Իսկ եթե ուժերս չների, դիմելու եմ Սպորտպետկոմ, Օլիմպիական կոմիտե,
հարկ եղած դեպքում նաեւ հանրապետության նախագահին: – Իսկ համայնքի տարածքում
գտնվող հանրապետությունում միակ նախկին 50 մետրանոց ծածկած լողավազանի ճակատագրի
մասին ի՞նչ կասեք: – Տարիներ առաջ դա էլ է վաճառվել: Արդեն մի քանի սեփականատեր
է փոխվել: Ու թե ո՞վ է վերջինը, առայժմ չգիտեմ: Անպայման գտնելու եմ նրան: Ուզում
եմ զրուցել: 1997-2002 թթ. եղել եմ Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի նախագահը ու քաջատեղյակ
եմ, թե մեր հանրապետությունը հատկապես ջրային մարզաձեւերում ինչ աղետալի վիճակում
է: Ինքս չեմ մտել ներս, բայց հիմա այնտեղ շինարարություն է ընթանում: Ըստ տեղեկությունների,
լողավազանը պահպանվում է: Եթե ճիշտ է՝ ուրախ կլինեմ: – Սպորտը ձեր կյանքում:
– Առաջնային տեղ ունի: Սիրողական մակարդակով զբաղվել եմ վոլեյբոլով, ֆուտբոլով:
Եղել եմ ՀԱՕԿ-ի նախագահության անդամ: Բայց հիմա էլ ինձ սպորտից դուրս չեմ համարում:
Շաբաթը մեկ-երկու անգամ աշխատանքից հետո հաճախում եմ «Հայաստան» առեւտրի կենտրոնի
լողավազան, ֆիտնեսի դահլիճ: Հիմա էլ նպատակ ունեմ մրցումներ կազմակերպել մայրաքաղաքի
թաղապետարանների աշխատակիցների միջեւ: Եթե հաջողվի՝ լինելու եմ մեր թիմի ամենաակտիվ
մասնակիցներից մեկը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել