Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե պետությունն ավելի շատ աջակցի

Մարտ 18,2006 00:00

Օրերս
կառավարությունը հանրապետությունում մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու նպատակով
պահուստային ֆոնդից 50 միլիոն դրամ է հատկացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:
«Առավոտը» ՀՖՖ-ում հետաքրքրվեց, թե դրա հետ կապված ի՞նչ ծրագրեր կան: Ֆեդերացիայի
գործադիր տնօրեն Արմեն Մինասյանից տեղեկացանք, որ գումարը տրամադրվել է Եվրոպայի
առաջնության ընտրական, եթե ստացվի, նաեւ «էլիտ» փուլերին ու եզրափակիչ մրցաշարին
Հայաստանի մանկապատանեկան հավաքականների պատշաճ մակարդակով մասնակցելու նպատակով:
Նույնքան գումար անցած տարի էլ էր տրամադրվել, որն ամբողջությամբ ծախսվել է մանկապատանեկան
հավաքականների վրա: Ու թեեւ դա կազմել է ֆեդերացիայի կատարած ամբողջ ծախսի մոտ մեկ-երրորդ
մասը միայն, այդուհանդերձ, աջակցությունը ծառայել է նպատակին ու հաջողություններն
ակներեւ են եղել (17 տարեկանների հավաքականը ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ
մտավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ): Այս տարի էլ գումարն օգտագործվելու
է նույն նպատակով՝ կտրամադրվի պատանեկան հավաքականների առջեւ դրված խնդիրների լուծմանը:
Ի տարբերություն նախորդ մրցաշրջանի, մեր երիտասարդական հավաքականը, որը նույն օլիմպիականն
է, Եվրոպայի առաջնությունում հանդես է գալու ազգայինից առանձին, հետեւաբար, նրա առջեւ
2008-ին Պեկինի օլիմպիական խաղերի ուղեգրի համար պայքարելու լավ հեռանկարներ են բացվում:
Բացի դա, 17 տարեկանների Եվրոպայի առաջնության փուլերից մեկը նշանակված է Հայաստանում,
որին, բնականաբար, նույնպես հարկ է պատշաճ նախապատրաստվել՝ ոչ միայն լավ մասնակցության
առումով: Ա. Մինասյանը տեղեկացրեց, որ ՈՒԵՖԱ-ն հայաստանյան մրցաշարին տալու է ընդհանուր
գնահատական՝ թե կազմակերպչական, թե որակական, թե տեսանելի կամ անտեսանելի այլ առումներով:
Ընդ որում, այդ գործընթացն արդեն իսկ սկսվել է: Օրինակ, ապրիլի 3-7-ը Երեւանում է
լինելու ՈՒԵՖԱ-ի համապատասխան պաշտոնյան, որը տեղում ծանոթանալու է ֆեդերացիայի ենթակառուցվածքներին,
մրցաշարի անցկացումը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու մեր ծրագրերին,
խաղադաշտերի վիճակին եւ այլն: «Սա Հայաստանի համար հեղինակության հարց է, իսկ հայկական
ֆուտբոլի համար՝ նաեւ ապագայի,- ասաց Ա. Մինասյանը:- Նման կարգի ցանկացած միջոցառում,
բացի աշխարհով մեկ երկրի անունը հնչեցնելուց, նաեւ ֆինանսական մեծ ներհոսքի աղբյուր
է: Ինչ վերաբերում է մեր ֆուտբոլի ապագային, հաջող անցնելու, բավարար գնահատվելու
դեպքում, հնարավոր է՝ նոր մրցաշարեր վստահվեն Հայաստանին, ինչը նաեւ ֆուտբոլի տարածում
ու զարգացում է ենթադրում: Համոզված ենք, որ ֆեդերացիան այս ընթացքում մենակ չի մնա:
Կլինի պետության ու համապատասխան մյուս օղակների աջակցությունը»: Քանի որ
խաղերը նախատեսված է անցկացնել Վազգեն Սրագսյանի անվան «Հանրապետական» եւ «Նաիրի»
մարզադաշտերում, հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ ՈՒԵՖԱ-ն արգելի «Նաիրի» մարզադաշտում
խաղեր անցկացնելը, որովհետեւ նույն ՈՒԵՖԱ-ն հենց միայն ֆուտբոլիստների ու հանդիսականների
անվտանգության ապահովման նկատառումներով խիստ պահանջներ է դնում իր հովանու ներքո
անցկացվող մրցումները սպասարկող դաշտերի առջեւ: Իսկ «Նաիրիի» շրջապատը, «Փյունիկ»
ակումբի հաշվեկշիռ անցնելուց անմիջապես հետո, ողողվել է բենզալցակայաններով: –
Շատ ցավոտ հարց շոշափեցիք: Նման վտանգ կա: Այդ խնդրով, որքան տեղյակ եմ, համապատասխան
պաշտոնյաները զբաղվում են: Կաշխատենք, որպեսզի խոչընդոտներ չլինեն: Իսկ եթե հարցեր
առաջանան, կրկին կդիմենք իշխանություններին: Համենայնդեպս՝ քննարկվում է նաեւ «Հրազդան»
մարզադաշտի թեկնածությունը: Բայց այնտեղ էլ սանհանգույցների վիճակն է անմխիթար: «Հրազդանի»
տնօրինությունը պլանավորում է դրանք վերացնել: Եթե ժամկետներում տեղավորվեն ու մենք
էլ կարողանանք ֆուտբոլասերների պատշաճ հաճախելիություն ապահովել, որը նույնպես ՈՒԵՖԱ-ի
համար գնահատումի չափանիշ է, այդ մարզադաշտն էլ կներգրավվի: Ա.
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել