Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԸ ԼԱՎ ՀԵՌԱՆԿԱՐ ՈՒՆԵՆ

Մարտ 18,2006 00:00

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19
տարեկանների հավաքականը մրցաշրջան 2006-ում նույնպես լուրջ ծրագրեր է նախանշել, որոնց
մասին «Առավոտին» տված հարցազրույցում պատմում է հավաքականի ավագ մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:
– Տարվա ընթացքում մեզ սպասվող միջազգային մրցումներին նախապատրաստվել սկսել
ենք «Այգ» մարզաբազայում: Սակայն վնասվածքի պատճառով հավաքին մասնակցել չեն կարողացել
առանցքային վեց-յոթ ֆուտբոլիստներ, որոնց փոխարեն հրավիրել էինք 1988/1989 թթ. ծնված
հեռանկարային այլ ֆուտբոլիստների: Մարզումների հագեցվածության առումով հավաքը հաջող
էր: Կարծում եմ, մեր թիմը բավականին լավ հեռանկարներ ունի: Բայց դրա համար պետք է
ամեն օր քրտնաջան աշխատել: – Առանց միջազգային մրցումների մասնակցության,
անհրաժեշտ մրցափորձի, հնարավո՞ր է որեւէ հաջողության հասնել: – Միանշանակ՝
ոչ: Դրա համար էլ ապրիլի 28-30-ին Իրանում հյուրընկալվելու ենք այդ երկրի նույն տարիքային
խմբի հավաքականին: Հիմա բանակցություններ են ընթանում հարեւան Վրաստանի հետ: Բացի
դա, հետաքրքրվում ենք, թե արտասահմանում երիտասարդական ինչ մրցաշարեր կան: Ուզում
ենք փորձարկել մեր 1988/1989 թվականներին ծնված ֆուտբոլիստներին: Նրանց վստահելը,
խաղադաշտում իրենց ցուցադրելու հնարավորություն ընձեռելը, բացի մարզական վարպետության
բարձրացումից, բարոյահոգեբանական հսկայական նշանակություն ունի: Հայաստանում բոլոր
տարիքային խմբերում էլ ներուժ ունեցող շնորհալի ֆուտբոլիստներ կան: Պարզապես՝ անհրաժեշտ
է նրանց հետ աշխատել քրտնաջան ու համբերատար: Միայն այդ դեպքում ակնկալվող արդյունքը
կլինի: – Ուզում եք ասել, որ հանրապետության ներսում բավականաչափ քանակով
համապատասխան կադրեր կա՞ն: – Իսկ ինչո՞ւ ոչ: Միայն թե հարկավոր է փնտրել ու
կարողանալ տեսնել: Այսինքն, սելեկցիոն լուրջ աշխատանք կատարել: Օրինակ, իմ ծոցատետրում
ֆուտբոլիստների անուններ կան նշված, որոնք խաղում են «Բանանցում», «Փյունիկ 2»-ում,
մյուս ակումբներում: Նրանց խաղին հետեւելու ենք հանրապետության գավաթի խաղարկությունում,
երկրի առաջնությունում: Սա փխրուն ու անկայուն տարիք է: Մեկը կարող է միանգամից աճել,
մյուսին, հնարավոր է, ինքնադրսեւորվելու ժամանակ պահանջվի: – Իսկ դրսում սելեկցիա
կատարո՞ւմ եք: – Իհարկե: Այսօր Դոնի Ռոստովից ունենք Եվգենի Սանյան, Հունաստանից՝
Արման Վարդապետյան: Երկու հոգու գտել ենք Ֆրանսիայում: Պիտի հանդիպենք: –
Եվրոպայի առաջնությունում ապագա մրցակիցներով հետաքրքրվո՞ւմ եք: – Աշխատում
ենք ձեռք բերել նրանց մարզումների, անցկացրած խաղերի տեսագրությունները, հավաքում
ենք որքան հնարավոր է ամբողջական տեղեկատվություն ու մանրամասն ուսումնասիրում ենք:
– Մինչեւ 19 տարեկանների հավաքականի անցած տարվա հաջողությունը կրկնելու հնարավորություն
ունե՞ք: – Հնարավորություններ միշտ կան: Դրա համար, ինչպես
արդեն ասացի, հարկավոր է շատ ու ճիշտ աշխատել: Պետք է յուրաքանչյուր մարզիչ ու ֆուտբոլիստ
մտածի իր որակները բարձրացնելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել