Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք պետք է արժանապատիվ ներկայանանք»

Մարտ 18,2006 00:00

Ասում է ֆուտբոլի մինչեւ 17 տարեկանների հավաքականի ավագ մարզիչ Արսեն Չիլինգարյանը

Արսեն Չիլինգարյանը Հայաստանի մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է: Վերջերս մասնակցել է նաեւ մարզիչների որակավորմանը եւ ստացել ՈՒԵՖԱ-ի «Բ» կարգի արտոնագիր: Ստորեւ ներկայացնում ենք նրա նկատառումները.

«Դեռեւս տարվա սկզբից մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականը սկսել է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության որակավորման փուլին: Նախապատրաստվել ենք թե ուսումնամարզական հավաքների ծրագրերն ու մոտեցումները կազմելու, թե սելեկցիոն աշխատանքի առումով: Դեկտեմբերին արդեն ուսումնամարզական հավաք անցկացրինք Ծաղկաձորում՝ շեշտը դնելով ֆուտբոլիստների ֆիզիկական հատկանիշների բարելավման վրա: Երկրորդ ուսումնամարզական հավաքն անցկացրինք Արարատում եւ նոր ենք վերադարձել այնտեղից: Այս հավաքի նպատակն արդեն տեխնիկատակտիկական եւ խաղային մի շարք խնդիրներ լուծելն էր: Միաժամանակ մասնակցեցինք Հունան Ավետիսյանի հուշամրցաշարին: Առայժմ ծրագրային խախտումներ չունենք: Բավարարված եմ ֆուտբոլիստների կատարած աշխատանքից: Բոլորն էլ պատասխանատվության բարձր զգացում ունեին: Սա բարոյահոգեբանական առումով լուրջ խթան է: Մեծ ֆուտբոլ խաղալու ցանկությունը նրանց մեջ շատ մեծ է: Նրանք անում են ամեն ինչ, որպեսզի հաստատվեն հավաքականի կազմում: Գիտակցում են, որ սա դեռ հավաքականի հիմնական կազմը չէ: Իսկ դա նշանակում է պայքարել, պայքարել՝ ուժերը չխնայելով, հասկանալով, որ մեծ ֆուտբոլը մեծ ջանքեր է պահանջում:

Լավագույն կազմ ձեւավորելու համար մենք, իհարկե, շարունակում ենք թեկնածուներ փնտրել: Մեր առջեւ լուրջ խնդիրներ են դրված: Մրցաշարը Հայաստանում է անցնելու եւ այնտեղ արժանապատվորեն հանդես գալը միայն մարզական նշանակություն չունի: Սրա մասին բոլորս պիտի մտածենք: Այսօրվանից բոլորս պիտի նախապատրաստվենք այդ հանդիպումներին՝ թե մենք, թե հանդիսատեսը, թե բոլոր նրանք, ովքեր սիրում են ֆուտբոլը, ովքեր ցավում են մեր ֆուտբոլի համար: Եթե մի լավ բան անելու հնարավորություն ունեն, թող անեն, լավ ֆուտբոլիստի տեղ գիտեն, թող ասեն: Սա մեր բոլորի պատվի խնդիրն է:

Առաջիկայում կվերսկսենք մարզումներն արդեն Երեւանում: ՀՖՖ գործադիր կոմիտեն արդեն չափազանց կարեւոր որոշումը կայացրել է: ՀՖՖ նախագահի նախաձեռնությամբ մեր հավաքականի կորիզը կազմող տղաներից կձեւավորվի «Պատանի» անունով թիմ, որը հանդես կգա հանրապետության 1-ին խմբի առաջնությունում: Մայիսի 1-10-ը Իրանում կազմակերպվելու է մեր տարիքային խմբի հավաքականների միջազգային մրցաշար: Մենք ընդունել ենք հրավերը: Մրցաշարը, անշուշտ, մեծ դեր կխաղա մեր հավաքականի նախապատրաստության գործում: Բացի այդ, ցանկանում ենք օգոստոսին մասնակցել Պալանգայում կայանալիք միջազգային մրցաշարին: Մայիսից մինչեւ օգոստոս հնարավոր է մեկ այլ միջազգային մրցաշարի մասնակցել՝ Ռուսաստանում կամ Ուկրաինայում: Ցանկալի է, որ Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլի մեկնարկից առաջ հավաքականը 5-6 ստուգողական հանդիպումներ անցկացնի: Սրանք ահռելի ֆինանսական ներդրումներ են պահանջում, բայց միջազգային հանդիպումների փորձը միանգամից այլ հարթության վրա է դնում ֆուտբոլիստին թե՛ խաղային, թե՛ բարոյահոգեբանական, թե՛ կամային այլ որակներով:

Մենք շարունակում ենք նաեւ սելեկցիոն լուրջ աշխատանքը: Հայազգի լավ ֆուտբոլիստներ կան Իրանում: Իրանական մրցաշարի օրերին հենց տեղում կծանոթանամ նրանց հնարավորություններին: Եթե բավարարեն, միանշանակ կհրավիրեմ: Լավ կադրեր ունի Մոսկվան: Հավանաբար՝ ես, կամ ֆեդերացիայի ներկայացուցիչները կմեկնեն տեղում այդ խաղացողներին տեսնելու:

Արդեն խոսել եմ Ուկրաինայում հանդես եկող հայազգի մի քանի երիտասարդ ֆուտբոլիստների ծնողների հետ: Այս գործընթացը դադար չի ճանաչում: Փնտրտուքը շարունակելու ենք: Հունիսին կամ հուլիսին եւս մեկ ուսումնամարզական հավաք կանցկացնենք, արդեն դրսից հավաքագրված ֆուտբոլիստներին փորձարկելու համար:

Մենք անպայման պետք է արժանապատվորեն ներկայանանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել